November 7, 2024

Հայ իրական պատնեշ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401)

Թուրքիայի ազդեցության տարածման դեմ

Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, Հայաստանը եւ Իրանը մոտ ժամանակներս մի համաձայնագիր կստորագրեն, որի հիման վրա Իրանը կբավարարի Հայաստանի բնական գազի պահանջները։ Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների, Մոսկվան քաջալերում է այդ պայմանագրի ստորագրման հետ կապված Իրանի դիրքորոշումը:

Հայաստանի էներգիայի եւ վառելքի հարցերով պետնախարար Սեպուհ Թաշճյանի խոսքերով, անցյալ շաբաթ Հայաստանում էր գտնվում իրանական պատվիրակություն, որի հետ ճշտվել են համաձայնագրի բոլոր մանրամասները եւ համաձայնություն է ձեռք բերվել գրեթե բոլոր հարցերի շուրջ: Ըստ այդ համաձայնագրի , մինչեւ տարեվերջ կկառուցվի Իրան-Հայաստան գազատարը: Կառուցման ծախսերը 50 միլիոն դոլար կկազմեն: Գազատարը կգա Իրանի Թավրիզի շրջանից: Այս խողովակով Հայաստանը տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա:

Հայաստանում Իրանի գործերի հավատարմատար Ահմադ Սոբհանիի խոսքերով, առայսօր գազատարի ֆինանսավորման համար որեւէ քայլ չի ձեռնարկվել։ «Ներկայումս բանակցություններ ենք վարում գազատարի ֆինանսավորման հարցերի շուրջ»,– ասել է Սոբհանին՝ դիտել տալով, որ նրա կառուցումը կարող է երկու տարի տեւել։ Սակայն երեւանյան աղբյուրների համաձայն, Իրանը դիտավորյալ է նվազեցնում համաձայնագրի քաղաքական եւ տնտեսական նշանակությունը՝ իր 10-15 միլիոն ազերի փոքրամասնությանը չգրգռելու համար։

Իրանցիները ստիպված են զգույշ լինել, սակայն աշխատանքները շարունակվում են»,– ասել է մի հայ դիվանագետ։

Երեւանում Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետ Վլադիմիր Ստարիկովի խոսքերով, Ռուսաստանը խթանում է, որ Հայաստանը ընդլայնի իր հարաբերությունները Իրանի հետ եւ այդպիսով հնարավոր լինի ձերբազատվել ադրբեջանական շրջափակման պատճառած վնասներից ու Թուրքիայի ազդեցության տարածումից։ «Համոզված ենք, որ Ռասաստանը եւս կշահի հայ-իրանական սերտ հարարերություններից։ Հասկանալի է, որ Թուրքիան փորձեր է անում թափանցել նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, սակայն այդ թափանցումը պետք է սահմանափակվի», – ասել է ռուս դիվանագետը:

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին (Մերգելյան ինստիտուտ) մոտ կանգնած աղբյուրներից հայտնվում է, որ ինստիտուտի շուրջ 30 գիտնական բարձր վարձատրվող պաշտոններ են ստանձնել Իրանում։ Դրանց թվում է խորհրդային հայտնի գիտնական Սերգեյ Գրիգորյանը, որը բազմիցս պարգեւատրվել է խորհրդային իշխանությունների կողմից։

Հայաստանը պետք է լուծի ուժանյութի իր տագնապը։ «Պետք է դուրս գանք այս վիճակից։ Այլեւս չենք կարող նման ձմեռ անցկացնել։ Ժողովրդի համբերությունը հատում է»,- ասել է Սեպուհ Թաշճյանը։

Ըստ պետական նախարարի, Իրան-Հայաստան գազատարի ծախսերը պետք է հոգա Հայաստանը։ Իրանը կվճարի միայն իր տարածքում գտնվող գազատարի կառուցման ծախսերը։ Նա անհիմն է համարել այն մտահոգությունները, ըստ որոնց միջազգային ֆինանսական հաստատությունները կմերժեն որեւէ հատկացում կատարել գազատարի կառուցման համար, որովհետեւ գործարքի մի կողմը Իրանի նման «անցանկալի» երկիր է։ Թաշճյանի խոսքերով, Միջազգային դրամատունը եւ Եվրոպական դրամատունը արդեն իրենց դրական պատասխանն են տվել՝ կապված գազատարի ֆինանսավորմանն իրենց բաժինն ունենալու հետ։ Իսկ սկզբնական շրջանում գազատարի ֆինանսավորման հարցը կարող են հոգալ «Համահայկական» կամ «Հայաստան» հիմնադրամները: « Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենի խոսքերով, արդեն իսկ 150 հազար դոլար է տրամադրված հայկական մի ընկերության՝ գազատարի կառուցման ծրագրի պատրաստության համար։ Միեւնույն ժամանակ, հիմնադրամից 500 հազար դոլար հատկացվել է Հայաստանի այն ճանապարհների նորոգմանը, որոնք հանրապետությունը կապում են Իրանին: Ըստ Սեպուհ Թաշճյանի, Իրանն անցյալ տարի համաձայնել էր 350 հազար տոննա քարյուղ վաճառել Հայաստանին, սակայն մատակարարումները դադարել էին ճանապարհների վատթար վիճակի պատճառով։

«Իրանը այլընտրանք է մեզ համար։ Մենք պետք է լուծենք հաղորդակցության հարցերը։ Մենք գազատարի, երկաթուղու կարիք ունենք։ Արաքսի վրա ծփացող կակամուրջը պետք է վերածենք մնայուն կամրջի։ Այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ ձեռնարկենք», – ասել է էկոնոմիկայի նախարար Արմեն Եղիազարյանը։

«Ռոյթր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives