July 27, 2024

Հայկական կառավարության խնդիրը (խմբագրական)

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Հորիզոն, 28 հունիսի, 1918թ., թիվ 126

Թիֆլիս, 28 հունիսի

Շաբաթներ են անցել այն օրից, երբ Հայոց Ազգային խորհուրդը հանձնարարեց Ռ. Քաջազնունուն կազմել կաբինետ, և սակայն մինչև օրս էլ այդ կաբինետը դեռ կազմված չէ վերջնականապես:

Պատճառը շատ պարզ է այս անգամ — դա այն անորակելի սաբոտաժն է, որ ընձեռեցին հայկական իրականության մեջ գոյություն ունեցող կուսակցությունները: Նրանք դրին անընդունելի, անհնարին և նույնիսկ անտրամաբանական պահանջներ և տվին իրենց պահանջներին ծանծաղամիտ արդարացումներ ու բացատրություններ և այդպիսով անհնարին դարձրին կազմել մի կոալիցիոն կաբինետ:

Այդ կուսակցություններից մեկը պարզապես հրաժարվեց այստեղ, Թիֆլիսում իր համաձայնությունը տալուց և կաբինետի մեջ մտնելուց: Մյուսը ծիծաղելիության աստիճանի անհամեստ պահանջներ դրեց, իսկ երրորդը, այսպես կոչված, Հայ Ժողովրդական կուսակցությունը հավակնություն ունեցավ ինքը ղեկավարող, գերիշխող դեր կատարելու մի ձախողակի փորձ անել, պահանջելով, որ կաբինետ կազմողը Քաջազնունին չլինի, այլ մի ոչ դաշնակցական անհատ, չնայելով, որ հայ ժողովրդի այսօրվա գերագույն իշխանությունը, Ազգային խորհուրդը 13 ձայնով ընդդեմ երկուսի՝ արդեն հանձնարարել էր նրան այդ գործը:

Այս տխրահռչակ սաբոտաժի իսկական շարժառիթները սակայն ուրիշ տեղ պետք է որոնել: Սկզբունքային առարկություններով նրանք ուզում էին միայն կամ քողարկել իրենց անհատական ու կուսակցական սնանկությունը, կամ ժողովրդական դժբախտությունը իրենց համար պատվանդան դարձնել թայֆայական նկատառումներով:

Դաշնակցությունը որոշել էր, որ հայկական կառավարությունը կազմվի կոալիցիոն սկզբունքով, և գործի հաջողության համար եղել էր շատ ավելի զիջող, քան որևէ այլ կուսակցություն, և այնուամենայնիվ հնար չեղավ կազմել կաբինետը:

Եվ գուցե իրականությանը համապատասխան է այն տարածված կարծիքը, թե անհաջողության գլխավոր պատճառն այն է, որ ոչ ոք չի կամենում այս դժվարին կացության օրերին զոհաբերություն անել, որևէ պատասխանատվության տակ մտնել: Շատ ավելի լավ է հեռվից դիտել, քննադատողի, խանգարողի, մեծ-մեծ խոսողի և պոռոտախոս դատապարտողի դերում մնալ, քան ժողովրդի իրական կարիքներին ու ցավերին ըստ չափու կարողության դարման հասցնելու գաղափարն ընդգրկել:

Գուցե իրականությանը նույնքան համապատասխան է և մի այլ տարածված կարծիք, թե դժբախտությունը նրանում է, որ ոչ ոք չի կամենում Երևան գնալ և իր անհատականը կապել մեր խղճուկ հանրապետության, այդ չոր ու ցամաք երկրի բախտի հետ, և որ սաբոտաժի ուժը զգալի չափով կնվազեր, եթե հայոց կառավարությունը մնալու լիներ Թիֆլիսում: Չէ՞ որ, ասում են, դաշնակցականի նախագահությամբ կազմված կաբինետի մեջ չկարողացավ մտնել մի Պապաջանյան Երևանում գործելու համար, գտնելով, որ դաշնակցականները օսմանյան կառավարության հետ չեն կարող հայ ժողովրդի շահերին համապատասխան քաղաքականություն վարել, մինչ դեռ նույն կուսակցության պատկանող նույն անհատը հնարավոր գտավ իր համար մասնակցել դաշնակցականի նախագահությամբ կազմված պատվիրակության մեջ, որը սակայն հայ ժողովրդի շահերին համապատասխան քաղաքականություն կարող է վարել Պոլսում:

Այսպես թե այնպես, հայ ժողովուրդը և հայկական շրջանները չեն կարող մնալ առանց իշխանության: Եվ եթե ոչ ոք չի կամենում, չի ուզում, չի կարող բաժանել այս ծանր լուծը, ապա դարձյալ Դաշնակցությունը ինքը, թեկուզ միայնակ, այս ամենածանր ու դժնդակ պայմաններում պիտի վերցնե իր ուսերի վրա խնդրի բոլոր ծանրությունը:

Թող ուրեմն Ազգային խորհուրդը հասկանա այս ամենը, համոզվի վերջապես, որ անձնազոհության ընդունակ մեկ այլ կուսակցություն չկա մեր մեջ, և թող հանձնարարե Քաջազնունիին անհապաղ կազմել կաբինետը ազատորեն, պերսոնալ սկզբունքով:

Անկարելի է այլևս հանդուրժել այս դրությունը: Կառավարությունը անմիջապես  պիտի կազմվի և մեկնի Երևան:

Ապա թե ոչ, եթե Ազգային խորհուրդը նոր դժվարություններ հարուցանե, և որևէ ձևով անհնարին դարձնե անհապաղ կաբինետ կազմելու խնդիրը, նա պիտի հեռանա ասպարեզից, և այն ժամանակ թող Երևանը, հայ բնակավայրը իր Ազգային խորհուրդների միջոցով ինքը լուծե այս անհետաձգելի խնդիրը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives