July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Համատեղ կոմյունիկե Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Ռ. Ի. Խասբուլատովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի մասին

Համատեղ կոմյունիկե Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Ռ. Ի. Խասբուլատովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի մասին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 25 մարտի, 1993թ.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բ.Գ. Արարքցյանի հրավերով Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի պատվիրակությունը Գերագույն խորհրդի նախագահ Ռ.Ի. Խասբուլատովի գլխավորությամբ 1993թ. մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում:

Երևանում տեղի ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցում էր Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գ.Գ. Հարությունյանը, քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, նրանց բարձրագույն օրենսդիր մարմինների միջև հարաբերություններին, Անկախ Պետությունների Համագործակցությունում առկա իրավիճակին, կովկասյան տարածաշրջանի դրությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկվեցին միջազգային հրատապ հիմնահարցեր:

Երկուստեք գոհունակություն արտահայտվեց հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական բնույթի, երկու երկրների միջև համագործակցության մշտապես ընդլայնվող պայմանագրային-իրավական հիմքերի առթիվ: Արտահայտվեց հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման փոխադարձ շահագրգռվածություն, երկու պետությունների փոխգործունեության օրենսդրական հիմքերի ամրապնդման պատրաստակամություն: Ընդգծվեց, որ տնտեսության բնագավառում կարևոր նշանակություն ունի միասնական տնտեսական տարածքի առավելությունների օգտագործումը:

Կողմերն ընդհանուր անհանգստություն արտահայտեցին տրանզիտային բեռնափոխադրումների հիմնահարցի դեռևս կարգավորված չլինելու, ստանձնած պարտավորությունների կատարման պատասխանատվությունը և երաշխիքները կարգավորող պատշաճ իրավական հիմքերի բացակայության առթիվ: Պատրաստակամություն արտահայտվեց նշված հարցերը լուծել երկկողմանի և բազմակողմանի հիմքի վրա:

Հայկական կողմը նշեց երկրաշարժի գոտում վերականգնման աշխատանքները Ռուսաստանի կողմից շարունակելու կարևորությունը:

Ռուսաստանի կողմից ըմբռնում և կարեկցանք արտահայտվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կրած դժվարությունների կապակցությամբ: Ռուսաստանը պատրաստ է շարունակել ուժերի ներածին չափ Հայաստանին օգնություն ցույց տալ հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական կացությունը թեթևացնելու ուղղությամբ:

Մեծ ուշադրություն հատկացվեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի միջև համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն օրենսդիր մարմինների աշխատանքի մասին փոխադարձ տեղեկատվության բարելավման կոնկրետ ուղղություններին:

Կողմերն արտահայտվեցն այն բանի օգտին, որ Հայաստանը և Ռուսաստանը, նրանց խորհրդարանները այսուհետ ևս համաձայնեցված ուղեգիծ իրականացնեն ԱՊՀ-ի շրջանակներում և միջազգային ասպարեզում, համատեղ ջանքերով առաջ քաշեն մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանման մեխանիզմի ստեղծման, քաղաքացիության, սոցիալ-հումանիտար պրոբլեմների լուծման հարցեր, ինչպիսին է Համագործակցության քաղաքացիների կենսաթոշակային ապահովությունը:

Առանձնահատուկ ուշադրություն հրավիրվեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում համագործակցելու, փոխգործունեության այն բազմակողմ մեխանիզմն ամրապնդելու հեռանկարներին՝ Համագործակցության պետությունների զարգացման օրենսդրական հիմքերը ներդաշնակելու նպատակով: Հայկական և ռուսական խորհրդարանականները մտահոգություն հայտնեցին չդադարող ռազմական ընդհարումների հետևանքով Անդրկովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Կողմերն ընդգծեցին ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական լուծման որոնումները հետևողականորեն շարունակելու անհրաժեշտությունը՝ կրակի անվերապահ դադարեցման, ուղիղ երկխոսության իրականացման: ԵԱՀԽ-ի հովանու ներքո խաղաղության կոնֆերանսի շրջանակներում, որի նախապատրաստման գործում նկատվել է իրական առաջընթաց, ինչպես նաև ՄԱԿ-ի աջակցությամբ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հիման վրա: Պատրաստակամություն հայտնվեց այդ ջանքերն ամրապնդել միջխորհրդարանական երկխոսության ուղղությամբ: Հայկական կողմը բարձր գնահատեց ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդական ջանքերը տվյալ հիմնահարցի փոխադարձորեն ընդունելի հանգուցալուծումներ և արդար որոշումներ գտնելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահ Ռ.Ի. Խասբուլատովը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բ.Գ. Արարքցյանին հանձնեց պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավեր: Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բ. Արարքցյան
Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Ռ. Ի. Խասբուլատով

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives