October 25, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Կոալիցիոն կառավարությո՞ւն, թե հակակառավարական կոալիցիա

Կոալիցիոն կառավարությո՞ւն, թե հակակառավարական կոալիցիա

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 15 հունիսի, 1991թ., թիվ 35

Պատգամավոր Իգոր Մուրադյանի կողմից Հայաստանի խորհրդարանի հունիսի 5-ի նիստում առաջարկված վստահության քվեի պահանջը, հակառակ իր ճղճիմ արդյունքին, բացահայտեց այն մեծ ու վտանգավոր խաղը, որ վերջին շրջանում տարվում էր կուլիսների ետևից։ Հավանաբար ծրագրված էր, որ այն լիներ «վարպետի հարված», որին հետևելու էին կարևորագույն փոփոխություններ իշխանության ներսում, ընդհուպ նրա տապալումը՝ Մոսկվայի օրհնությամբ, ներքին և արտաքին համակարգված խարդավանքների միջոցով։

Հարվածը չկայացավ ոչ միայն այն պատճառով, որ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, անձամբ ընդունելով մարտահրավերը, պատասխան հարված տվեց իսկական վարպետի նման, այլև շնորհիվ այն բանի, որ Հայոց խորհրդարանը, բացի իր 3 կողմ և 8 ձեռնպահներից, զգաց նյութվող դավը և իր ձայների ճնշիչ մեամասնությամբ երկիրը հեռու պահեց անորոշության գիրկը գլորվելու և սահմանադրական դատարկություն ստեղծելու վտանգից։ Խորհրդարանը խուսափեց անձնատվությունից։

Առայժմ դժվար է ասել, և այնքան էլ կարևոր չէ, թե պատգամավոր Ի. Մուրադյանի առաջարկն «ինքնաբուխ» էր, թե թելադրված։ Սակայն վերջին շրջանում կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին կատարվող առաջարկները, ՀՅԴ-ի որոշ ղեկավարների և այլոց գաղտնի բանակցությունները Մոսկվայում (Հայք, 12 հունիս, 1991), համառ շշուկները այնտեղ կազմված «ստվերային» կառավարության մասին, ինչպես նաև Հայաստանում որոշ տարրերի կողմից նախկին այս կամ այն պաշտոնատարին մոտենալով նրանց նախկին կամ նոր պոստերում նշանակելու մասին խոստումները – այս և այլ փաստեր հուշում են, որ ինչ-որ մի կետում, ինչ-որ մի ձեռքի մեջ, ապակայունացնող այդ արարքները կենտրոնանալով ծառայում են մի նպատակի՝ տապալել ազգային իշխանությունները Հայաստանում և օտարի կամք թելադրել «ըմբոստ» հայ ժողովրդին, սակայն այս անգամ ոչ թե ուղղակի, այլ «ներքին» բռնկումով։

Անշուշտ, ռամկավարական յուրաքանչյուր երկրում Գետաշենի ու Մարտունաշենի անկումը կարող էր կառավարության փոփոխություն առաջացնել։ Սակայն նորապետական Հայաստանում, որտեղ քաղաքական որոշումը պատկանում է խորհրդարանին, իսկ կառավարությանը՝ այն իրականացնողի ֆունկցիան, վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած դահլիճի հրաժարումը չունի այնքան մեծ նշանակություն, որքան խորհրդարանի հրաժարումը, որ մեր երկրի պարագայում նշանակում է ընդհանրապես զրկվել իշխանությունից, ազգային իշխանությունից, առանց օրինաստեղծ և իշխանաստեղծ որևէ մարմին թողնելու իր ետև։

Իսկ եթե պահանջվածը խորհրդարանի նախագահության հրաժարումն է, ապա բոլորը գիտեն, որ իր նախագահության հնարավոր սխալների համար պատասխանատու է նաև ամբողջ խորհրդարանը, իր քվեարկությունների արդյունքով։

Իսկ նրանք, որ այսօր պահանջում են կոալիցիոն կառավարություն կամ իշխանություն, պարտավոր են նախ հետ կանչել (որի իրավունքը չունեն) կամ հրաժարեցնել տալ իրենց կուսակից պատգամավորներին և նախարարներին, նման որևէ պահանջ դնելուց առաջ։

Հետևաբար, այս պայմանների տակ հետապնդվածը ոչ թե կոալիցիոն կառավարություն է, այլ Մոսկվայից կառավարվող կոալիցիա ստեղծելու մի փորձ, որը դատապարտված է ձախողության։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives