December 7, 2024

Կատակերգությանը վերջ պիտի տալ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 16 հոկտեմբերի, 1918թ., թիվ 62

Երևան, 16 հոկտեմբերի

Պառլամենտական ֆրակցիաները շարունակում են իրենց խոտորնակ ընթացքը։ Նրանք փոխանակ աշխատելու երկրի իշխանությունը ամրապնդելու և ստեղծագործական աշխատանքի անցնելու, շարունակում են Հայաստանի Խորհրդարանը խոսարան դարձնել և անգիտակցորեն փորփրել իշխանության հիմունքները։

Այս աննորմալ կացությունը բնականորեն տևական լինել չէ կարող, որովհետև ներկա անակնկալներով հղի օրերին, երբ իշխանությունը մի կողմից՝ պիտի լարի իր ողջ ուշադրությունը և ուշի ուշով հետևի համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող բեկմանը, որը տակն ու վրա է անելու եղած դրությունները, իսկ մյուս կողմից ճիգեր է թափելու երկրի ներսը տարրական իրավակարգ հաստատելու հետ միասին, համախմբել ու պատրաստի պահել մեր երկրի բոլոր կենսունակ ուժերը գալիք պատահարների հանդեպ, կտրել իշխանությունը իր աշխատանքներից և զբաղեցնել նրան ինչ-որ մանր մունր խնդիրներով, որոնք արդյունք են կուսակցական նեղ հաշիվների, ավելի քան հանցագործություն է։

Մենք արդեն ասել ենք, որ ֆրակցիաների թվական փոխհարաբերությունը Հայաստանի Խորհրդարանում այնպես է, որ եթե նրանց մեջ չլինի համագործակցություն ու ժողովրդական շահերի ըմբռնում՝ անհնարին է ենթադրել, որ Հայաստանի Խորհրդարանը իր ներկա կազմով ընդունակ լինի լուրջ օրենսդրական աշխատանքի։ Դրա համար էլ, որպես ելք առաջարկել էինք կոալիցիոն մինիստրություն ստեղծել։

Իշխող կուսակցությունը ոչինչ չէ խնայել համագործակցության գաղափարի համար և մեր կյանքի մեջ թվական ուժ չներկայացնող խմբակցություններին անգամ կամովին իրեն հետ հավասարապես տնօրինողի դեր է վերապահել. այսօր, սակայն, դառը փորձը ցույց է տալիս, որ դա անհնարին է, որովհետև և՛ աջը, և՛ ձախը ոչ միայն համագործակցության չեն ձգտում, այլ պարզապես նրանց դիրքը թշնամական է։

Մի ժամանակ, երբ աջի ու ձախի մեջ դաշինքը անկարելի էր երևակայել, այսօր դա Հայաստանի խորհրդարանում սովորական բան է դարձել։ Ամեն անգամ, երբ խնդիրը վերաբերում է կենտրոնի կուսակցությանը հարվածելուն, դուք միշտ էլ կտեսնեք աջ ու ձախին միասին քվեարկելիս։ Եվ դա այնքան անտեղի ու անմեղ խնդիրներում, որ պարզ ականատեսին անգամ զարմանք է պատճառում։

Բնական է, որ նման արարքը երկար հանդուրժել անկարելի է, որովհետև դրանից տուժում է ընդհանուր գործը։

Արհեստական արգելքները, որ դրվում են Հայաստանի Հանրապետության առջև հանձին նրա իշխանության՝ պիտի ընդմիշտ վերացնել։ Իսկ դրան հասնելու միակ միջոցը՝ նորից կոալիցիոն մինիստրություն ստեղծելու փորձն է։

Իշխող կուսակցությունը մի վերջին անգամ ևս փորձելու է դիմել հակառակորդ ֆրակցիաներին և անել կտրուկ առաջարկ, վերջնականապես իմանալու համար, թե արդյոք նրանք ուզո՞ւմ են համագործակցությամբ լծվել շինարար աշխատանքի և այդպիսով նեցուկ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության, թե՞ մտադիր են շարունակել իրենց քանդիչ դերը։

Առաջարկը լինելու է պարզ, անկեղծ ու վերջնական։ Ավելին դեռ. իրագործման համար տրվելու է սահմանափակ ու կարճ ժամանակամիջոց։ Եթե այս անգամ ևս պատասխանը լինի բացասական, այն ժամանակ կենտրոնին մնում է մի բան. հանձնարարել կառավարությանը անմիջապես ձեռնարկել Հայաստանի օրենսդրական ժողովի գումարման, որպեսզի այդ ձևով վերջ տրվի այն ցավալի կատակերգությանը, որ սերտ համերաշխությամբ խաղում են ձախակողմյան և աջակողմյան ֆրակցիաները Հայաստանի խորհրդարանում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives