October 16, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Խաղաղություն հաղթանակի միջոցով

Խաղաղություն հաղթանակի միջոցով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Ինչպես էլ ձևակերպելու լինենք ղարաբաղյան պատերազմը, անհերքելի փաստ է, որ այսօր Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ, և այդ պատերազմը մղվում է հայ ժողովրդի գոյատևման համար: Ակնհայտ է նաև, որ երիտասարդ հանրապետությանն այսօր կենսականորեն խաղաղություն է անհրաժեշտ: Իհարկե, հազիվ թե գտնվի որևէ մեկը, որը հրաժարվի խաղաղությունից:

Բայց խնդիրը դրան հասնելու ուղիների մեջ է: Վերջերս հանրապետության մամուլում շատ քննարկվեց Աշոտ Բլեյանի առաջարկած ուղին, և կարծես թե իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չփորձեց ի հակակշիռ դրա` որևէ այլ տարբերակ առաջարկել:

Բայց ահա շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե հասնենք ինչ-որ հաղթանակների, և բանակի գաղափարախոսությունն է` հաղթանակի միջոցով հասնել խաղաղության: Շարունակելով իր միտքը` նա պարզաբանեց նաև, թե ինչ է նշանակում հաղթանակ. «Հաղթանակ նշանակում է, որ այն տարածքը, որը բնակեցված էր հայերով` ամբողջությամբ Արցախը և Հայաստանը, պետք է նորից լինի հայերի ձեռքում, իսկ այնուհետև գուցե երկարատև պաշտպանության միջոցով ապացուցել, որ այն մեր ձեռքից խլել հնարավոր չէ»: Միայն դրանից հետո, ըստ պետնախարարի, կարելի է նստել բանակցությունների և ինչ-որ ձևով կարգավորել խնդիրը, իսկ մինչ այդ պետք է պատերազմել և մտածել, ոչ թե շուտափույթ խաղաղության, այլ հաղթանակի մասին:

Իսկ արդյոք Հայաստանն այսօր ի վիճակի՞ է հասնել հաղթանակի: Պրն Մանուկյանն այս հարցում բավականին լավատես է, ըստ նրա, Հայաստանում այսօր  ստեղծվում է բանակ, սպայական զորակոչն արդեն ավարտվել է, և զորակոչվում են զորակոչային տարիքի պատանիները, Հայաստանն արդեն ունի հակաօդային պաշտպանություն, որը թեև այնքան հուսալի չէ, որքան կցանկանար նախարարությունը, այնուամենայնիվ հիմքը կա և այլն: Նախարարի կարծիքով, Հայաստանն այս պատերազմում վերոհիշյալ ձևակերպմամբ հաղթելու համար մի շարք նախադրյալներ ունի: Նախ` Հայաստանի և Արցախի բնական պայմաններն այնպիսին են, որ բավականին դժվար է գրավել, բայց և հեշտ է պաշտպանել: Երկրորդ գործոնը հոգեբանական է. վերջին հաշվով ադրբեջանական բանակը նվաճողական պատերազմ է մղում, իսկ ղարաբաղցի զինվորները պաշտպանում են իրենց հայրենի հողը, և դա նրանց հնարավորություն է տալիս հաճախ անհամեմատ փոքր ուժերով հասնել հաղթանակների: Ըստ պրն Մանուկյանի, բոլոր դեպքերում հայկական ուժերը կարևոր մարտերում հաղթել են, իսկ պարտվել են միայն այն ժամանակ, երբ հաղթանակները թուլացրել են ներքին կազմակերպվածությունը: Պետնախարարն այն կարծիքը հայտնեց, որ եթե չլինեին Մարտակերտի և Շահումյանի պարտությունները, արդեն այսօր Ադրբեջանում մարդկանց հոգեբանությունն այլ կլիներ:

Պրն Մանուկյանն անդրադարձավ նաև, այսպես կոչված` «բլեյանիզմին» և Ադրբեջանի տնտեսական հզորությանը, հայտարարեց, որ խաղաղության դեպքում Հայաստանը կարճ ժամանակահատվածում մեծ տնտեսական թռիչք կապրի և տնտեսական հզորությամբ անհամեմատ կգերազանցի Ադրբեջանին: Իսկ ինչ վերաբերում է պրն Բլեյանի տեսակետին, ապա նա միայն այն կարծիքը հայտնեց, թե պատերազմող պետություններում սովորաբար պարտվողական տրամադրությունների համար պատասխանատվության են կանչվում` ընդհուպ մինչև գնդակահարություն:

Պաշտպանության նախարարը վճռական է խաղաղության հասնելու իր ուղու ընտրության հարցում և լավատես դրա իրականացման հնարավորության նկատմամբ: Մնում է հուսալ, որ նրա լավատեսությունը հնարավորին չափ արագ կանդրադառնա Հայաստանի սահմանների պաշտպանվածության և ղարաբաղյան պատերազմի ընթացքի վրա:

Արամ Արղության, «Ազգ», 1992, 1 դեկտեմբերի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives