February 15, 2025

Լիբանանահայությունը Արցախին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)

Երկարատեւ պատերազմական ճգնաժամից նոր-նոր դուրս եկած լիբանանահայության առաջնահերթ խնդիրներից մեկն էր խորհել Արցախին եւ արցախահայությանը իրենց հնարավորությունների չափով սատարելու մասին։

Պատմում է Լիբանանի «Արցախի օժանդակության մարմնի» ներկայացուցիչը.

– Մեր այցելության նպատակն էր Արցախի ղեկավարության հետ համաձայնեցնել– համակարգելով ավելի որոշակի դարձնել լիբանանահայերի անելիքները։ Առաջին նյութական օգնությունը (մոտ 35 տոննա սնունդ, հագուստ եւ դեղորայք) անցյալ շաբաթ բաշխվեց Արցախի բնակչությանը։ Այն հավաքվել էր գլխավորապես լիբանանահայ դպրոցահասակ երեխաների կողմից եւ ուներ ինչ-որ տեղ խորհրդանշական բնույթ, կոչված էր ավելի շոշափելի մասնակցության մղելու գաղութի հայերին։

– Ի՞նչ հիմնական ուղղություններով եք գործում։

– Փորձեմ ներկայացնել մեր առաջիկա եւ ընթացիկ անելիքները, որ ծավալվելու են տնտեսական, շինարարական, հումանիտար եւ մշակութային ոլորտներում։ Կարեւորագույն խնդիրներից մեկը Արցախի խարխլված տնտեսության վերականգնմանը նպաստող աշխատանքներն են։

Մենք ընդունեցինք Շուշիի ենթակայանը լիցքավորելու Արցախի ղեկավարության առաջարկը, որի շնորհիվ կկարգավորվեն եւ կվերսկսեն աշխատանքները պարապուրդի մատնված գործարաններում։ Այդ նպատակի համար արդեն տրամադրել ենք 5000 դոլար, եւ հուսով ենք շատ արագ կապահովվի Շուշիի լուսավորումը։

Նպատակահարմար գտանք Արցախում կառուցել եւ վերակառուցել մի շարք գործարաններ (արեւածաղկի, յուղի, հյուսվածքի եւ այլն), որոնց մի մասի հումքը մենք ենք մատակարարելու։

Արցախի բնակավայրերում ավերված տները վերականգնելու, փլված կառույցները նորոգելու գործը հանձն է առել լիբանանահայ ճարտարապետների նորաստեղծ միությունը։

Բժշկական բնագավառի օգնության առաջին գործնական քայլ կդառնա լիբանանահայ օգնության խաչի եւ գաղութի բժիշկների որոշում-ցանկությանը՝ պատերազմի տարիներին Բեյրութում ստեղծված հիվանդանոցի տեխնիկական միջոցների տրամադրամը Արցախի հիվանդանոցներից մեկին։

Այս ամենից բացի, յուրաքանչյուր լիբանանահայ ընտանիք որոշել է ամենամսյա «ռոճիկ» հատկացնել յուրաքանչյուր արցախցի ընտանիքի (շուրջ 100 ընտանիք արդեն ստանում են այդ նպաստը):

Առաջիկա երեք ամիսների համար գումարներ ենք հատկացրել Արցախի ղեկավարությանը՝ վճարելու ազատամարտիկների ընտանիքներին։ Ճշտել ենք այն ապրանքների տեսակները, որ ամենամոտ ժամանակներս կառաքվեն Արցախ։

Հանդիպում ունեցանք նաեւ Շուշիի ազգային վարժարանի, տնօրինության, ուսուցչական կազմի եւ սաների հետ, որոնց առաջարկություններն ու մտահոգությունները պիտի փոխանցենք Լիբանանի ուսանողական միությանը (կրթական ծրագրերի փոխանակում, մշակութային փոխհրավերներ, գրենական պիտույքների հայթայթում…)։ Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել վարժարանի մի խումբ սաների ամառային հանգիստը Լիբանանում կազմակերպելու մասին։

…Լիբանանահայությունը ազգային զարթոնք է ապրում, որ, կարծում եմ, բարենպաստ կլինի թե՛ հայրենիքի, թե՛ սփյուռքի համար։

Ա.ԵՍԱՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives