May 13, 2021

Թուրք–ադրբեջանական մտմտուքներ

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

– Ես լիովին բավարարված եմ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ ունեցած զրույցների արդ­յունքներով, – Բաքվում տեղի ունե­ցած մամուլի ասուլիսում հայտա­րարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ քն­նարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղիները։

Չեթինը նշել է, որ հիմնա­հարցի քաղաքական լուծման ուղ­ղությամբ Թուրքիայի ձեռնարկած քայլերը ԵԱՀԽ-ի ջանքերի այ­լընտրանքը չեն, այլ ընդհակառա­կը՝ Անկարայի քաղաքականությու­նը հարկ է դիտել օժանդակություն Հռոմի բանակցությունների գործընթացին։ Չեթինի խոսքերով, ներկայումս գլխավորը կրակի դա­դարեցումն է, առանց որի հնարա­վոր չէ անցնել հաջորդ փուլին՝ հակամարտության գոտում միջազ­գային դիտորդներ տեղավորելուն։ Չեթինը լրագրողին ասել է, որ իր՝ Մոսկվա կատարած մեկօրյա այցի ընթացքում պայմանավորվածութ­յուն է ձեռք բերվել, որ երկու երկրների փորձագետները մշակեն հրադադարի ծրագիր, իսկ այնուհետեւ Չեթինն ու Կոզիրեւը դրանով կժամանեն Բաքու եւ Երեւան։ Չեթինի խոսքերով, «Ռուսաստանն ու Մոսկվան հանդես կգան պե­տությունների սահմանների բռնի փոփոխման, ինչպես նաեւ պատերազմական գոտիներում էթնիկա­կան մաքրումների դեմ»։

Այն հարցին, թե որքանով է անկեղծ Ռուսաստանի դիրքորոշու­մը, երբ նրա զորքերը Ղարաբաղում կռվում են հայերի կողմից, Չեթինն ասել է, որ Կոզիրեւը հաս­կանում է Ղարաբաղում տեղի ու­նեցողի վտանգավորությունը եւ դժվար է նրա անկեղծությանը կասկածել։ Դրա հետ մեկտեղ, կան հակամարտության հետագա ծա­վալման շահագրգիռ ուժեր։ Չեթի­նը նշել է, որ Ադրբեջանի նախա­գահը համաձայնել է, որ Թուրքիա­յի արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանի իր դաշնակիցների եւ համաշխարհային հասարակայնության առաջ նրա ունեցած պարտականություններին։ Դրա հետ կապված, պաշ­տոնական Բաքուն «ըմբռնումով է մոտեցել իր տարածքով Հայաստան առաքվող մարդասիրական բեռնե­րը փոխադրելու Թուրքիայի պատրաստակամությանը»։

Միաժամանակ Չեթինը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական երկրներ են, եւ Թուրքիան երբեք չի վարի Ադրբեջանի շահերին վնասող քաղաքա­կանություն։

Ադրբեջանի ԱԳ նախարար Թ. Ղասիմովը հաստատել է Հ. Չե­թինի խոսքերը եւ հայտարարել. «Մենք չպետք է դեմ լինենք մար­դասիրական օգնությանը, որը նախատեսված է պատերազմից առա­ջինը տուժող խաղաղ բնակչության համար»։ Ղասիմովը հայտնել է նաեւ, որ ներկայումս լուծվում են դիտորդների տեղափոխմանն առնչվող տեխնիկական հարցերը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives