December 6, 2024

Էլչիբեյի աչքը դեռ Բաքվին է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 11, չորեքշաբթի, 1993թ.

— Պարոն Էլչիբեյ, նախ և առաջ դուք ինչո՞ւ եք այստեղ, որքանո՞վ է իրական ձեր կյանքի ու ազատության նկատմամբ սպառնալիքը իշխանությունից ձեզ հեռացման ժամանակ:

— Այնքան էլ ճիշտ չէ ասել, որ ինձ վտանգ է սպառնում: Իմ որոշումն է Բաքուն թողնել և տեղափոխվել այստեղ, կապված է քաղաքացիական պատերազմի իրական սպառնալիքի հետ, և փորձեցի այն հեռացնել:

— Դուք չե՞ք գտնում, որ Հեյդար Ալիևը և Սուրաթ Հուսեյնովը իրենց գործողությունները համակարգել են: Կարելի է արդյոք խոսել Այազ Մութալիբովի ինչ-որ մասնակցության մասին:

— Իմ տեղեկատվությամբ, Ալիևը և Հուսյնովը ունեն վաղեմի կապեր, ճիշտ է, ոչ ուղղակի, այլ միջնորդների միջոցով: Վերջին իրադարձություններն ամբողջովին հաստատում են դա: Նրանք գործում են մի նպատակով և մշտական կապի մեջ: Սուրաթ Հուսեյնովը կատարողն է, որին կառավարում է Ալիևը: Ինչ վերաբերում է Մութալիբովին, նա սերտ կապեր էր պահպանում Հուսեյնովի հետ: Սակայն այժմ վերջինս դիրքերն ուժեղ կերպով ուժեղ թուլացել են, քանի որ խաղի մեջ են մտնում նորանոր դեմքեր, նորանոր քաղաքական ուժեր: Հուսեյնովն ուղղակի ի վիճակի չէ այս բոլորը պարզել, իսկ նրա ռազմական ներուժը փորձում են օգտագործել ով ցանկանա՝ և՛ պաշտպանության նախկին նախարարը Ռահիմ Ղազիևը, և՛ խորհրդարանի խոսնակ Թամերլան Կարաևը:

— Ռուսաստանում կա՞ն այնպիսի ուժեր, որոնք շահագրգռված էին իշխանությունից ձեր հեռացմամբ:

— Շատ լուրջ հարց է: Գոյություն ունեն ռուսաստանյան այնպիսի կառուցվածքներ, որոնք հսկայական հնարավորություն ունեն Ադրբեջանի Հանրապետության ներքին քաղաքականության վրա ազդելու: Սակայն դժբախտաբար, այդ մասին ես ոչ մի փաստացի ապացույցներ չունեմ և չեմ նշի որոշակի անուններ: Անպայմանորեն գոյություն ունի Ռուսաստանի անվտանգության և պաշտպանության նախարարությունների և հետախուզության ազդեցությունը: Անմիջապես մասնակցելով Հայաստանի և Ղարաբաղի ռազմական գործողությունների, այդ երեք գերատեսչությունները մշտապես ազդում են Ադրբեջանի ներքին կացության վրա, ուժեղացնում քաղաքացիական հակադրությունը: Ես կարող եմ նշել Գյանջայի օդա-դեսանտային գնդի հրամանատար Շչերբակին, որն ապստամբներին մատակարարեց զենք և մասնակցում է նրանց ստրատեգիական պլանների մշակմանը:

Ռուսաստանի ժողովրդավարական ուժերը մինչև հիմա էլ չարտահայտեցին իրնեց վերաբերմունքը Ադրբեջանի իրադարձությունների նկատմամբ: Երբ 1991 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, երբ վերջերս Ելցինի առջև կանգնած էր հանրաքվեի բարդ հարց, Ադրբեջանն առաջինն  էր, որը արձագանքեց և հանդես եկավ պաշտոնական հայտարարություններով, որոնք պաշտպանում էին ժողովրդավարությունը: Ռուսաստանում ոչ մի արձագանք չի դիտվում: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու մասին: Սակայն ժողովրդավարությունը երբեք չի կարող լինել մի երկրի ներքին գործը այնպես, ինչպես, օրինակ, պայքարն ահաբեկչության դեմ:

— Դուք տեղեկատվություն ստանո՞ւմ եք իշխանությունների կողմից նախապատրաստվող կամ արդեն ձեռնարկված հետապնդումների մասին ձեր կողմնակիցների դեմ: Դուք ինչո՞վ եք բացատրում ձեր օգտին զանգվածային պաշտպանության բացակայությունը:

— Հետապնդումները սկսեցին նոր իշխանությունների գալուց անմիջապես հետո: Բանտարկված են Ազգային ճակատի շատ կողմնակիցներ, պատրաստվում է մյուսների բանտարկությունը: Եթե այսպես շարունակվի, ապա ԱԺՃ-ը կհայտնվի լուրջ ճնշման տակ: Այն, որ հակադրությունը այնքան էլ ուժեղ չի, բացատրվում է ռազմաճակատի ծանր կացությամբ, Աղդամի անկումով և Ֆիզուլին կորցնելու լուրջ սպառնալիքներով, ամբողջ ուշադրությունը ուղղված է այնտեղ, և մենք ստիպված ենք գործել շատ զգուշորեն, որպեսզի Հայաստանը չօգտվի ապակայունացումից: Նրա վերջին գործողությունները դանակի հարված են մեր ժողովրդավարության և խաղաղ կարգավորման ձգտմանը: Եթե շնորհիվ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի հաջողվի կանգնեցնել ռազմական գործողությունները և հաշտություն կնքել, ապա մենք կծավալենք քաղաքական պայքարը հանրապետության ներսում ամբողջ ուժով:

— Կարելի՞ է արդյոք, ձեր այժմյան կացությունը համեմատել Զվիադ Գամսախուրդիայի կացության հետ:

— Դա ճիշտ զուգահեռ է: Ռազմական երկու հեղաշրջումներն էլ պատրաստվել են նույն վայրում, մտադրություններն էլ իր կատար ածվեցին բացարձակապես միատեսակ մեթոդներով: Ես նախազգում էի նման իրավիճակի զարգացումը և աշխատեցի փոխել իրադարձությունների ընթացքը, խուսափել քաղաքացիական պատերազմից, որն անզուգորդելի է իշխանության որևէ փոփոխության հետ:

— Ձեր հեռացումը դուք արդյոք կապո՞ւմ եք Քելբաջարից հայկական զորքերի դուրս բերման բանակցությունների հաջող ավարտի հետ:

— Իրոք, Քելբաջարի հարցը հունիսին թևակոխեց ավարտական փուլ: Խաղաղ ճանապարհով նրա ազատագրումը լուրջ փաստարկ կլիներ Ադրբեջանում ներքին կացության կայունացման և պատերազմի վերջնական ելք գտնելու գործում: Խռովարարներին այդ չէր գոհացնում, և նրանք արագացրին իրադարձությունները:

— Ձեր կարծիքով, ո՞վ պիտի պատասխանատվություն կրի Գանջայի իրադարձությունների համար:

— Անպատճառ այն մարդիկ, որոնք ստեղծել էին այդ իրավիճակը: Ես չէի ցանկանա նմանվել իմ քաղաքական հակառակորդներին, որոնք սկզբից անվանում են մեղավորներին և այնուհետև ամեն ինչ անում են առանց դատի դատապարտելու համար: Անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն: Ես գտնում եմ, որ մեղավոր են խռովարարները, որոնք հրաժարվեցին ենթարկվել պետական օրինական մարմիններին: Մեղք ունեն նաև այն մարդիկ, ովքեր 709-րդ բրիգադի լուծարման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանի կատարման ժամանակ թույլ տվեցին որոշ սխալներ:

— Դուք գտնվելով իշխանության ղեկին, ինչու որոշեցիք ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ հայտարարել:

— Անցած աշնանը ես դիմեցի խորհրդարանի խոսնակին և մի շարք պատգամավորների խնդրանքով, որպեսզի կարճ ժամանակում ընդունեն ընտրությունների մասին նոր օրենքը: Սակայն ստացա պատասխան, որ շտապել պետք չի, քանի որ կան ավելի կարևոր և շտապ հարցեր: Այս  տարվա սկզբին իմ ապարատում պատրաստվեց ընտրությունների մասին օրենքը և ներկայացրեց խորհրդարան, ես մի քանի անգամ փորձեցի արագացնել նրա ընդունումը, սակայն ապարդյուն: Գտնում եմ, որ դա մեր գլխավոր սխալն էր, որը բերեց իրադարձությունների ներկա շրջադարձը:

— Ինչպիսին են ձեր մոտակա մտադրությունները: Պատրաստվում են վերադառնալ Բաքու:

— Ադրբեջանի խորհրդարանը Հեյդար Ալիևի ղեկավարությամբ մեկը մյուսի հետևից ընդունում է հակաօրենսդրական որոշումները: Ամենավերջինը, որն ընդունվեց շրջանցելով սահմանադրությամբ սահմանված ժամկետները և կանոնները նախագահին վստահություն հայտնելու հարցերով այս տարվա օգոստոսի 28-ին հանրաքվեի անցկացման որոշումն է: Այդ հարցերը լուծվում են առանց նախագահի մասնակցության և համաձայնության, և ես փնտրում են դրա դեմ հանդես գալու ձևը: Այն, ինչ այժմ հեռարձակվում է Միլլի մեջլիսի նիստից, ստիպում է ոչ միայն մտավորականությանը, այլև բնակչության այլ շերտերին հասկանալու, թե ով է եկել իշխանության գլուխ: Իմ Բաքու վերադառնալու հարցը կախված է հանրապետության ժողովրդավարական ուժերի սկզբունքային դիրքորոշումից:

«Մոսկովսկիե նովոստի», 8 օգոստոսի, 1993թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives