March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Եվրոխորհրդարանի պատվիրակության հանդիպումները Հայաստանում

Եվրոխորհրդարանի պատվիրակության հանդիպումները Հայաստանում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)

Երեկ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունել է Մակդալենա Հոֆի գլխավորությամբ Հայաստանում գտնվող Եվրոխորհրդարանի ԱՊՀ երկրների հանձնաժողովի պատվիրակությանը, որն այստեղ է ժամանել հանրապետությունում տիրող քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների տեսակետներն ուսումնասիրելու նպատակով։

Ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, ՀՀ նախագահը հանդիպման ընթացքում մանրամասնորեն պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։ Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, նա մասնավորապես նշել է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի գոյության միակ երաշխիքը նրա ինքնապաշտպանությունն է, եւ այդ կապակցությամբ միջազգային հանրության պարտքն է համարել տարածաշրջանում կայուն անվտանգության երաշխիքների ստեղծումը։ Առանց նախապայմանների զինադադարի հաստատումը եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի անվտանգության երաշխիքների ստեղծումը ՀՀ նախագահը համարել է ներկա փուլում ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրները, իսկ խոսելով հանրապետության ներքաղաքական վիճակի մասին, այդ ոլորտի ամենակարեւոր խնդիրն է համարել անհապաղ սահմանադրության ընդունումը եւ հայտնել է, որ արդեն պատրաստել է եւ շուտով սահմանադրական հանձնաժողովի քննարկմանը կներկայացնի ՀՀ Սահմանադրության իր նախագիծը։

Այնուհետեւ Եվրոխորհրդարանի պատվիրակությանը ընդունեց ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Զրույցի րնթացքում արծարծվել են եվրոհամայնքի եւ Հայաստանի միջեւ քաղաքական, առեւտրական եւ տնտեսական համագործակցության կազմակերպման հարցեր։ Անդրադառնալով հայկական ատոմային կայանի վերագործարկման խնդրին, վարչապետը ընդգծել է, որ դա կարվի միմիայն նրա հուսալիությունն ապահովելուց հետո։ Միեւնույն ժամանակ Հ. Բագրատյանը, ընդգծելով Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրավական դաշտն ապահովող օրենքների ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ Հայաստանում ներկայումս աշխատանքներ են տարվում օտարերկրյա գործարանների շահերը երաշխավորելու համար։

Նույն օրը եվրոխորհրդարանի պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյանը։ Կարեւորելով Հայաստանի եւ Եվրոպական համայնքի միջեւ բազմակողմանի կապերի, մասնավորապես քաղաքական եւ դիվանագիտական համագործակցության զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը, Վ. Փափազյանը հյուրերին իր երախտագիտությունն է հայտնել եվրոխորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում եւ տարբեր հարցերի առնչությամբ Հայաստանին վերաբերող փաստաթղթերի ընդունման համար։

Նաիրի Բադալյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives