July 27, 2024

Երեք կողմերը կհանդիպեն Հռոմում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ.

«Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ մենք կողջունենք ցանկացած համաձայնեցված փաստաթուղթ, որը կընդունեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի  իշխանությունները: Բոլոր միջազգային խորհրդաժողովներում մենք կողմ կքվեարկենք նման փաստաթղթերին»,- այսպիսի հայտարարությամբ երեկ հանդես եկավ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը: Նա հույս հայտնեց, թե Մինսկի խումբն ու նրա նախագահը կաջակցեն այդ գործընթացներին և նույնպես կողմ կլինեն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: «Կարծում եմ, ասաց մամուլի քարտուղարը, դա կաջակցի ԵԱՀԽ ջանքերին, և կլուծվեն զինադադարի ռազմատեխնիկական ապահովման, ԵԱՀԽ դիտորդների աշխատանքային խմբերի ստեղծման, ՄԱԿ-ի բանաձևերում նշված միջազգային մարդասիրական նորմերի կատարման հետ կապված խնդիրները: Նրա կարծիքով, այդ դեպքում ԵԱՀԽ-ին կհաջողվի ստեղծել զինադադարի և ռազմական գործողությունների ապասաստկացման միջազգային երաշխիքներ: «Եթե Ադրբեջանն ու Ղարաբաղը իրատես լինեն և ոչ ոք նրանց չխանգարի, նրանք կարող են պայմանավորվել»,- ասաց նա:

Խոսելով նախագահի՝ Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին, մամուլի քարտուղարը նշեց, որ քննարկված տարաբնույթ հարցերի էությունը մեկն է եղել՝ գտնել ռազմական հակամարտությանը վերջ տալու ամենագործուն ճանապարհները:

Պրն. Աբրահամյանը տեղեկացրեց, որ Մինսկի խումբը Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչներին օգոստոսի 9-ին հրավիրել է Հռոմ՝ մասնակցելու խորհրդակցությունների:

Հայաստանի մասնակցության հարցը քննարկվելու է հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ էլ կորոշվի, թե ով է գնալու: ԼՂՀ-ից տեղեկացանք, որ այդ հարցի առնչությամբ քննարկումները Ստեփանակերտում նույնպես շարունակվում են: Միևնույն ժամանակ երեկ Մինսկի խմբի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն է ուղարկվել ևս մեկ փաստաթուղթը՝ «Անհետաձգելի միջոցառումների մասին» նոր ժամանակացույցը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives