December 5, 2024

Երբ ուղտը չոքում է դռանդ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)

կամ ինչպես է մեզ սպասարկում «Զվարթնոց» օդակայանը

Վաղուց չէի օգտվել «Զվարթնոց» օդակայանի ծառայությունից, բայց, ինչպես ասում են, ուղտը մեր դռանն էլ չոքեց, բարեկամներիս պետք է ճանապարհեի Կիեւ։ Ուղեւորների գրանցումը սկսվեց ընդամենը երկու ժամ ուշացումով, ինչը կարելի է ընկալել որպես մեր օրերի փոքրիկ հրաշք, բայց այդ հրաշքը տեղի ունեցավ ծածուկ, առանց հայտարարելու։ Լուսատախտակին գրված «տեղեկությունը՝ լրացուցիչ» գրությունը այդպես էլ չփոխեց։ Իսկ մարդիկ, ամեն մեկն իր ճանապարհով, տեղեկացել էին, որ գրանցումն սկսվել է։ Ուղեբեռների ընդունման բաժինը մի ակնթարթում շրջապատվեց Կիեւ շտապողների պարսով, ու… սկսվեց։ Ասել՝ քաոս էր, նշանակում է ոչինչ չասել։ Մարդիկ խելքահան եղած, հիպնոսացած, ծանր ճամպրուկները ձեռքներին՝ մղվում էին դեպի բաղձալի կշեռքը։

Թվում էր՝ ամեն մեկի համար իր ճամպրուկը հայկական ավիացիային վստահելը եղել է մանկության բյուրեղյա երազանքը, եւ ահա, եկել է պահը, հիմա կամ երբեք։ Հերթ չկար, ոչ մի կիրթ շարժում չկար, շնչելու օդ չկար։ Փոխարենը կային «ձեռներեց» մարդիկ, որ ամենազոր մի ուժի միջոցով կարողանում էին առաջ սողոսկել՝ իրենց հետ քարշ տալով անհավատալի չափերի պայուսակներ։ Վեց հոգով քառասուն պայուսակ հանձնեցին… Երեք հոգով տասնհինգ պայուսակ ու ճամպրուկ հանձնեցին… Ուղեւորների կեսն էլ չէր հասցրել գրանցվել, երբ անսպասելի հայտարարեցին, ինքնաթիռի քաշը լրացել է, այլեւս ուղեբեռ չեն ընդունում։ Մի քանի րոպե անց «դատավճիռը» փոխվեց։ ինչ-որ խաղ էր գնում։ «Հասարական կարծիքը» ձեւավորելով՝ հայտնեցին, որ կշեռքը փչացել է, պետք է գնալ մյուս բաժին։ Մարդիկ խուճապահար նետվեցին այնտեղ ու տեսան, որ արդեն հերթ կա։ Յուրայինները նախօրոք էին իմացել կշեռքի «փչանալը»։ Նրանք միշտ ավելի քաջատեղյակ են։

Մի քանի երիտասարդներ հնդկացի առաջնորդի դեմքի արտահայտությամբ մոտենում էին հուսահատ ուղեւորներին եւ առաջարկում «մարդա չորսուկեսով սաղ հարցերը լուծել»։ Եվ լուծում էին։ Բավական թվով մարդիկ, տոմս ունենալով հանդերձ, միայն մտոք էին օդում, նրանց փոխարեն կթռչեն ուրիշները, կարիք չկա անհանգստանալու։ Լավագույնը, որ առաջարկվեց՝ փորձել թոչել հաջորդ օդանավով։

Շվարած մարդիկ ստիպված էին մտածել տուն վերադառնալու մասին, բայց դա էլ, ինչ խոսք, պրոբլեմ է։ Երեկոյան ժամը 11-ին երթուղային ավտոբուսները արդեն դադարել էին օդակայանը սպասարկել, իսկ փափախչիների առաջարկած եռանիշ գումարները ոչ բոլորին էին մատչելի։ Եվ եթե պատահաբար չհանդիպեի մեքենա ունեցող ծանոթիս, երեւի գիշերեի օդակայանում։ ՄՀՕՋ-ը փակել էր օդակայանից դուրս եկող ճանապարհը եւ բոլոր մեքենաներն անխտիր ստուգում էին։ Ինչ-որ հերթական գործողություն էր սկսվել, որ շատ էր հիշեցնում պարետային ժամը։

Այսպես ամեն օր, ամեն ուղերթի։

Ո՞ւր ենք թռչում։ Ո՞ւր ենք հասնելու։ Այս «սլացքը» վայրէջք ունենալո՞ւ է օրենքի դաշտում, թե դեռ շարունակելու ենք թռչել:

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives