July 27, 2024

Ես մնում եմ Ռուսաստանի քաղաքացի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381)

Հայտարարեց Հայաստանի նախագահի նոր խորհրդականը ՀՀ նախագահի արտաքին տնտեսական կապերի գծով խորհրդական Արտյոմ Աթալյանցը հայտարարեց նաեւ, որ «գիտի Հայաստանի համար փող սարքելու ձեւը»։ Բայց նախ՝ ծանոթանանք, որովհետեւ խորհրդականների պարագայում անձի հանգամանքը, ինչպես առիթներ ենք ունեցել համոզվելու, դեր է խաղում, եւ՝ կարեւոր դեր։

Արտյոմ Աթալյանցը արմատներով Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղից է։ Արմատներն ընձյուղվել են 1958 թվականին՝ Ուզբեկստանի Կոկանդ քաղաքում, ավարտել է շինարարական տեխնիկում, հետո Տաշքենդի ժողտնտեսության ինստիտուտը, հետո դարձել է հայտնի բիզնեսմեն եւ Սոչիում ֆինանսա-ինվեստիցիոն ընկերության տնօրեն։ 1990 թվականին բանտ է նստել «Գորբաչովին, Կրյուչկովին, Վոլսկուն, Սիլաեւին» եւ այլոց ներկայացված «տնտեսության զարգացման լիբերալ ծրագրի համար»՝ քրեական օրենսգրքի 6 հոդվածներով, որոնցից երկուսը մահապատիժ էին նախատեսում, հետաքննությունից դուրս է եկել ողջ ու անվնաս։

Հիմա հայտարարում է, որ գիտի մեզ աղքատությունից հանելու եւ անգամ հարստացնելու ձեւը։ Ինչպե՞ս։ Հեշտությամբ։ Այսքան միլիոն կամ նույնիսկ միլիարդ դնում ենք մի միջազգային բանկում, որի հետ պարոն Աթալյանցը մտերիմ է եւ բարեկամ, դրա դիվիդենտները կամ չգիտեմ ինչը վերածում ենք ռուբլու եւ դնում նախ այստեղ, հետո այնտեղ, նույնը կրկնում ենք մի քանի անգամ եւ որոշ պարբերականությամբ, արդյունքում դառնում ենք հարուստ ու երջանիկ։ Առանց քրտինքի ու չարչարանքի։ Զուտ պարոն Աթալյանցի ֆինանսական հանճարի շնորհիվ։

Ըստ երեւույթին նոր խորհրդականի հետ «քաղաքական կողմնորոշման» որոշակի աշխատանք էր տարվել, եւ նա, վաշխառուական հնարավոր գործաղությունների մասին չզսպած ոգեւորությամբ խոսելով, վայրկենապես խամրում ու անհամեմատ նվազ կենսախինդ էր դառնում, երբ խոսքը շրջվում էր հանրապետության այսօրվա տնտեսական կացությանն ու դրանով պայմանավորված քաղաքական իրավիճակին։ «Քաղաքականության ոլորտին է դա վերաբերում»՝ ասում էր եւ, կրկին ոգեւորվելով, շարունակում պետական վաշխառության պայծառ հորիզոնները խորանալ։

Կարծես իմ եւ իմ պես միլիոն հոգու փողը պտուտախաղով գլորելը քաղաքականություն չէ։ Ի՞նչ քաղաքականություն։ Սրանց համար դա ընդամենը ֆինանսական «օպերացիա» է։

Այն հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ իր խորհուրդներով թելադրված գործունեությունը հաջողություն կունենա, Արտյոմ Աթալյանցը պատասխանում է, թե ոչ մի երաշխիք հիմա տալ չի կարող, երաշխիք կտա երեք ամիս հետո։ Երեք ամիսը հայ կիսաքաղց ստամոքսի համար քիչ ժամանակ չէ, բայց ի՞նչ կարծիքի է խորհրդականը 1993 թ. սոցիալ–տնտեսական զարգացման (այս «զարգացում» բառը դնողին պետք է հումորիստների միջազգային մրցանակաբաշխության առաջին պարգեւը տալ) ծրագրի մասին։ Ոչ մի կարծիքի չէ, որովհետեւ դա, պարզվում է, միմիայն վարչապետի իմանալիք բանն է։ Մեկ այլ՝ ՀՀ նախագահի եռանդուն եւ մշտական ջանքերով մոդայիկ դարձած ծրագրի մասին։ Արկածախնդրություն։ Օստապբենդերյան շուքով միջահասակից ցածր եւ լայնաթիկունք այս երիտասարդը իր խոսքում 50 միլիոնից (դոլար) պակաս թիվ չասաց։ Լուրջ գործեր են, բա ի՞նչ։ Հանրապետություն է հարստացնելու։ Հարցրինք, թե ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիություն չի ընդունելու, ինչպես հայտարարեց։ Վիրավորվեց ու ասաց (ռուսերեն, անշուշտ ռուսերեն, մայրենի եւ միակ լեզուն էր), թե մի՞թե անձնագրի կնիքն է կարեւոր։ Իսկ ձեռքի ժամացույցն աշխատում էր Մոսկվայի ժամանակով։ Այդ մասին հարցին համեստ ժպիտով պատասխանեց, թե անդադար ուղեւորությունների մեջ է։ Լավ բան է։ Բիզնեսմենը պետք է շարժման մեջ լինի։ Որոշ եւ կարճ ժամանակ անց շատ հնարավոր է, որ միջազգային բանկերից մեկում կամ մի քանիսում հաստատապես մնան եւ մեզ համար անվերադարձ մեռնեն իմ եւ ձեր խղճուկ ռուբլիները, որ գումարվելով՝ պատկառելի դոլարանոց միլիոններ են դառնամ։ Դա կարեւոր չէ։ Կարեւորը պետականության կայացման գործընթացն է։ Նախագահի եւ իր հին ու նոր խորհրդականների թեթեւ ձեռքով։

ԳՐ. ԲԱԲԱՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives