December 5, 2024

Դարձյալ մի զոհ

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Աշխատավոր, Թիֆլիս

Աշխատավոր, 18 փետրվարի, 1920թ., թիվ 39

Հայ ազատագրության վեհ գործը դեռ չէ վերջացել։
Նա մի զոհ ևս տվեց…

Փետրվարի 4-ին Զարիշատի կռիվներում, Նովո-Պոկրովկա գյուղի մոտ, ապստամբ թուրքերի դեմ մղված ճակատամարտում հերոսական մահով ընկավ հայկական զորքի 5-րդ գնդի շտաբս-կապիտան Հուսիկ Հովույանցը, դեռ 24 տարին չբոլորած։

Հանգուցյալն ավարտել է 1915թ. Թիֆլիսի բարձր քաղաքային դպրոցը, ապա գիմնազիական քննություն տալով, մտել և ավարտել է Թիֆլիսի զինվորական դպրոցը՝ պրապորշչիկի աստիճանով նույն թվին։ Այնուհետև հակառակ զինվորական իշխանության որոշման՝ ուղևորվեց գերմանական ճակատը։ Հանգուցյալն իր հատուկ խնդրի հիման վրա գնում է թուրքական ճակատ, «հայ ժողովրդի դարավոր թշնամու դեմ կռվելու համար»։

Մոտ հինգ տարի մնալով հիշյալ ճակատում, մասնակցում է Էրզրումի, Երզնկայի կռիվներին, և մասնավորապես, Ղարաքիլիսայի հերոսամարտին, ուր իր վաշտով մինչև վերջին փամփուշտը կռվելով հայրենիքի սիրտը խուժած թշնամու դեմ, մի քանի ընկերների հետ թշնամու շղթան պատռելով, հայրենի Լոռու բարձրաբերձ լեռների վրայով հետիոտն Երևան է հասնում և մտնում հայկական զորքի մեջ…

Իր քաջագործությունների համար դեռ առաջներն արժանացել է ս. Աննայի և Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշաններին և հետզհետե շտաբսկապիտանության։

Եվ ահա այժմ, երբ հայկական ազատագրությունը և հայ ժողովրդի անկախության հարցը մոտ են իրենց վախճանին, քաջարի մարտիկը զոհ է գնում թշնամու դավաճանական գնդակին, իր հույսերի իրականացման ականատես չեղած…

Հանգուցյալի դին ամսիս 8-ին Սանահին կայարանից համագյուղացիները՝ չնայած անտանելի ձյուն-սառնամանիքին, ուսերի վրա տարան մինչև ծննդավայրը, 10 վերստ հեռավորությամբ ի մեծ հարգանս իրենց գյուղի հերոսի… Ապա փետրվարի 10-ին Ս. Օհան Օձնեցու եկեղեցու գավթում հողին հանձնվեց, նախկին 15 հայ զինվորներից բաղկացած մի խմբի հրացանային եռյակի համազարկների որոտների ներքո…

Հանգիստ ոսկորներիդ, քաջարի զինվոր և հայ ժողովրդի ազատագրության վաղաթառամ զոհ…

Ս. Վահյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives