December 3, 2024

«Գյուլիստան» գործողությունն ավարտված է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Տարօրինակ է, որ անգամ խորհրդարանում Արցախի վերջին դեպքերի մասին ելույթ ունեցողներն են օգտագործում «ադրբեջանական բանակ» արտահայտությունը, երբ անհասկանալի է, թե այդ ե՞րբ դասալիքների խառն ամբոխը բանակ դարձավ։ Մինչդեռ Շահումյանի շրջանի իրադարձություններում այնքան ակնհայտ է «գետաշենյան» ձեռագիրը, որ դժվար չէ կռահել, թե այնտեղ ի՛նչ բանակ է գործում։ Այն մեկը կոչվում էր «Օղակ» գործողություն, այս մեկը հավանաբար «Գյուլիստան» կամ դրա նման մի բան։ Շահումյանում եւ Սրխավենդի ուղղությամբ նույն ռազմական գործողությունն էր, որի նպատակը ղեպի Շահումյան տանող ճանապարհի փակումն ու Շահումյանի գրավումն էր, ինչը եւ իրագործվեց։ Սա հավանաբար Արցախում վերջին լայնածավալ գործողությունն էր։

Կրկին, այս էլ քանիերորդ անգամ, Հայաստանի կենդանի մարմնից կտրվեց թարմ մի մսակտոր ու նետվեց թրքական գորշ գայլին։ Կատարվածն, այսպես կոչված, աշխարհաքաղաքական հերթական խաղերից մեկն էր, մի նոր Կիպրոս: Շահումյանի գրավումը ծրագրված ու նախօրոք պայմանավորված էր Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում և, ինչու չէ` նաև Երևանում: Ադրբեջանն Արցախի տարածքից իր բաժինը պիտի ունենար, այլապես պատերազմը պիտի շարունակվեր հավետ։ Այժմ պետք է սպասել, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախյան հիմնահարցի խնդրով միջազգային ատյաններում իր դիմաց տեսնել Արցախի ներկայացուցիչներին։ Սա, թերեւս, խնդրին վերջակետ դնելու միակ միջոցն էր։ Մեր գործն է՝ համակերպվել կամ չհամակերպվել։ Խորհրդարանում ելույթ ունեցողները կամ այսքանը չեն հասկանում, կամ գիտակցաբար ժողովրդից թաքցնում են եղելությունը։

Շահումյանը գրաված եւ Սրխավենդի ճանապարհը փակող զորքերը կմնան այնքան, մինչեւ Արցախի կարգավիճակը կորոշվի միջազգային համաժողովներում, որից հետո, հասկանալի պատճառներով, այլեւս անհնարին կլինի կորցրածը հետ գրավել։ Այսպիսով, Արցախի քարտեզը գծվեց. Արցախն առանց Գյուլիստանի գավառի։ Այն, ինչ չորս տարի չկարողացավ անել «ադրբեջանական բանակը», արեց Համագործակցության կամ նույնն է թե՝ ռուսական բանակը, որի հարյուրավոր հրասայլերի ու զրահամեքենաների դեմ մերկ ձեռքերով հիրավի ոչինչ անել չէր կարող հայ ազատամարտիկը: Չկար որևէ ուժ` ոչ ադրբեջանական, ոչ թրքական, ոչ իրանական, ոչ այդ երեքը միասին, որ կարողանար մուտք գործել Արցախի տարածքը, բացի ռուսական ռազմական ուժից: Այդպես էլ եղավ: Մեկ անգամ եւս մեզ համոզեցին՝ հույսն էլ, վտանգն էլ Ռուսաստանից է: Սա հակառուսական քարոզ չէ, այլ տխուր փաստ, 70 տարվա դառը դաս։

Այժմ Ադրբեջանը տոնում է ուրիշի ուժով գնած, այո՛, գնած «հաղթանակը»։ Սակայն, եթե կրակակետերը լռեցնելու նախկին ծրագիրը չի մոռացվել, ապա «Աղդամ», «Թարթառ», «Ֆիզուլի» գործողություններով կարելի է ո՛չ միայն նրանց ուրախությունը գլխներին հարամ անել, այլեւ ապացուցել, որ այսպես կոչված «ադրբեջանական բանակ» գոյություն չունի։ Այս անգամ Համագործակցության բանակը նրանց օգնության չի հասնի, դրա համար նրանք հրաման չունեն, նրանք իրենց գործն Արցախում ավարտել են։ Սրա մասին նույնիսկ նուրբ ակնարկ արեց «Վեստի» ծրագիրը։ Եվ առհասարակ, այս պատերազմի հաղթական վերջակետ դնողը մենք պիտի լինենք։ Սա պե՛տք է գալիքի համար։

Սակայն Արցախին սպառնում է երկրորդ աղետը՝ այս անգամ մեզնից։ Դա ԼՂՀ ԳԽ նախագահի ընտրությունն է, որի տագնապալի նախանվագն արդեն հնչել է: Ոչ ՀՅԴ-ն, և ոչ էլ ՀՀՇ-ն Արցախի տերը չեն, տերը ժողովուրդն է: Ուստի այս հարցի լուծումը պետք է թողնել Արցախի ժողովրդին:

Զորայր Խալափյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives