July 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Գերագույն խորհուրդը սկսեց սեփականաշնորհման օրենքի քննարկումը

Գերագույն խորհուրդը սկսեց սեփականաշնորհման օրենքի քննարկումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)

Ծանոթանալով սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին օրենքի ներկայացված երեք նախագծերին, Գերագույն խորհուրդը երեկվա իր արտահերթ նիստում հիմք ընդունեց կառավարության հեղինակած օրենքի տարբերակը։ Այն լրացվել եւ ամբողջացվել էր խորհրդարանի տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսության զարգացման հարցերի հանձնաժողովի կողմից։ Օրենքի մյուս երկու տարբերակները պատրաստել էին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ պատգամավոր Հայկ Չախոյանը։

Ներկայացնելով կառավարության կազմած տարբերակը՝ Նախարարների խորհրդի ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանը շեշտեց, որ սեփականաշնորհման գործընթացին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ օտարերկրացիները։ Նա ընդգծեց, որ ի տարբերություն հողի սեփականաշնորհման, արդյունաբերական օբյեկտների սեփականաշնորհմանը տեղական իշխանությունները մասնակցություն չպիտի ունենան։

«Հայաստանում պիտի ընթանա կենտրոնացված սեփակաշնորհում»,– հայտարարեց պրն Եղիազարյանը։ Նա նշեց նաեւ, որ սեփականաշնորհումը պիտի անցկացվի բաց եւ հրապարակային, որպեսզի կանխվեն հավանական դժգոհությունները։ Արմեն Եղիազարյանը հայտարարեց, որ սեփականաշնորհումից ստացված գումարները պիտի ուղղվեն բնակչության անապահով խավերի կարիքների բավարարմանը։ Նա տեղեկացրեց, որ կառավարությունը մտադիր է առաջարկել, որպեսզի հանրապետությունում գործող քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմվի հասարակական-քաղաքական խորհուրդ՝ սեփականաշնորհման ընթացքը վերահսկելու համար։

Այնուհետեւ ելույթ ունեցան եւ օրենքի իրենց տարբերակները ներկայացրեցին դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ պատգամավոր Հայկ Չախոյանը։

Կրկնական քվեարկությունից հետո խորհրդարանը հիմք ընդունեց կառավարության նախագիծը եւ այսօր ձեռնամուխ կլինի օրինագծի վերջնական քննարկման։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives