July 27, 2024

Գանձակում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Մշակ, 12 հունիսի, 1918թ., թիվ 110

Գանձակից եկած մեկը հայտնում է իր տպավորությունները այնտեղի իրադարձությանց մասին:

Օսմանցիասիրական տրամադրությունը առ այժմ այնտեղ չի հանգել: Քաղաքի իշխանությունը կենտրոնացած է օսմանցիների ձեռքին, որոնք նշանակել են իրենց ոստիկանապետին (քուրդ օֆիցերի) և ամեն տեղ կարգել են պահակներ ասկյարների:

Խոսքի ազատությունը վերացած է: Մի այգեպան Նուրի փաշայի անձնավորության մասին կասկած հայտնեց, թե ո՞վ է նա, ինքնակոչ չէ՞: Թերահավատին իսկույն բռնեցին և բանտ դրին թուրք իշխանության կարգադրությամբ: Մինչև Նուրի փաշայի գալը նրա նախակարապետ Նազիմ փաշան հոգ տարավ զինաթափել ազգաբնակությունը: Նազիմ փաշան գալուն պես մի ճառով դիմեց իրեն հանդիսավորապես դիմավորող ժողովրդին: Նվագում էր երաժշտախումբը, կայարանից մինչև քաղաք ճանապարհը լիքն էր մարդկանցով և փռված գորգերով ու գործվածքներով:

— Ողջունում եմ ձեզ, մուսուլման ժողովուրդ: Վերջապես իրականացավ Թուրքիայի երազը իր ցեղակիցներին միացնելու: Ահա 51 օր է մենք դուրս ենք եկել Կ.Պոլսից և քաղց, ծարավ ու ամեն տեսակ զրկանք ու անհարմարություններ կրեցինք, որպեսզի, վերջապես, ձեզ տեսնենք: Հույս ունեմ ես արժանի եմ ձեր վստահության: Այժմ զինաթափ եղեք, այլևս խաղաղ ժողովրդին պետք չեն հրացաններ, իմ ասկյարները կապահովեն ձեր հանգիստը: Մեր նպատակն է ձեզ կազմակերպել և հավաքել իբրև զորք, դուք դեռ զինվորական ծառայություն չեք կրել, իսկ մենք արդեն հոգնել ենք, ձեր պարտքն է օգնել մեզ գյավուր անգլիացիներին դիմադրելու:

Այդ օրը մզկիթում կայացավ հանդիսավոր մաղթանքը: Նազիմ փաշան ոտքով գնաց մզկիթ: Մաղթանքից հետո Նազիմ փաշային տարան կոմիսարիատ և այնտեղ հատկացրին բնակարան:

Կոմիսարիատի կողքով անցնել կամ բարձր խոսել արգելվում է, որպեսզի փաշայի հանգիստը չխանգարեն:

Այժմ նա շրջում է գյուղերը և ժողովրդին հորդորում իր ճառերով:

Երբ փաշան քաղաք է գալիս նրան դիմավորում են հիմնի երգեցողությամբ: Նրան ուղեկցում են բեկերն ու նախկին կուլակ-ավազակները, որոնք արդեն վերստացել են իրենց իրավունքներն ու արտոնությունները:

Գանձակում հաստատվել է հեղափոխական դատարան առ այժմ թուրքական թաղում: Նախագահն է մոլլա Բարաթզադեն, անդամները՝ Հասան բեկ Շիրինբեկով (նախկին ոստիկանական պրիստավ), Աղաև Խանլարբեկ (մասնավոր հավատարմատար), Աբբասբեկ Աղա Հուսեյնով (տեղական նահ. դատարանի նախկին թարգման), Իսկանդար-բեկ Րաֆբեկով (պորուչիկ), հասարակական մեղադրողն է Ալի Մամեդով (նախկին թարգման):

Գանձակում տեղեկություն է ստացվել, թե Շուշիում սրի են քաշել Շուշու գավառապետ Ռաչկովսկիի ընտանիքին:

Գանձակում իշխանություններին կարգադրել են երկու շաբաթվա ընթացքում ռուսերեն ցուցանակները փոխարինել թուրքերենով: Այս որոշումը խախտողները կենթարկվեն 500 ռ. տուգանքի: Ազգայնացումը կատարվում է նաև կառավարական հաստատությունների մեջ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives