December 6, 2024

Բաքու, արտաքին գործերի նախարար Խան Խոսյկուն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 16 հունվարի, 1920թ., թիվ 12

Երևան, 14 հունվար

Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դուք, ըստ ձեր հայտարարության, չունեք ոչ մի տեղեկություն Օրդուբադի և Նախիջևանի մուսուլման տարրի շարժման մասին հայկական Գողթանի դեմ, այսու ի լրացումն մեր տեղեկությունների հաղորդում ենք ստույգ և խստիվ ստուգված տվյալները: Նախիջևանի և Օրդուբադի թաթարները տաճկական և ադրբեջանական սպաներ Խալիլ և Էդիբ բեյերի և ուրիշների ղեկավարությամբ ներքին Ագուլիսի կոտորածից հետո, ամբողջապես կոտորել են Վերին Ագուլիսը: Ներքին Ագուլիսում կոտորվել է 400 հոգի, իսկ վերինում՝ 1000 հոգի: Ամբողջ ազգաբնակչությունից ողջ են թողնված միայն 20 գեղեցիկ աղջիկներ, որոնք բաժանված են սպաների միջև, որպես նվեր: Հարուստ Փանյանի 16 տարեկան աղջիկը Էդիպ բեյին է նվիրաբերված: Բազմաթիվ մահմեդականներ դեպքի վայրը այցելելով ամբողջապես հաստատում են տմարդի կոտորածի փաստը: Երկիրը և հասարակությունը խորապես հուզված են Գողթանի հայ անզեն ու լոյալ ազգաբնակության կոտորածի առթիվ: Պահանջում են վճռական միջոցներ ձեռք առնել: Ժողովրդի աճող հուզմունքը, որ սպառնում է ընդունել անցանկալի էքսցեսների կերպարանք, ծայր աստիճան վրդովում է Հայաստանի կառավարությանը:

Կառավարության անունից արտահայտելով բուռն բողոք այսաստիճան դաժան, առանց պատճառի կազմակերպված կոտորածի Նախիջևանի և Օրդուբադի մահմեդականների կողմից հայկական Գողթանի խաղաղ ազգաբնակության վերաբերմամբ, խնդրում եմ Ձեզ, ի սեր Անդրկովկասի խաղաղության պահպանության և ի ապացուցումն այն անկեղծության, որ արտահայտված է Ձեր հեռագրում, ցանկանալով վերջ դնել երկու դրացի ժողովուրդների փոխադարձ արյունահեղության, խնդրում եմ ձեռք առնել շտապ միջոցներ դադարեցնելու համար Նախիջևանի և Օրդուբադի մահմեդականների հետագա ինչ տեսակի էլ որ լինի հարձակումներն ընդդեմ շրջանների հայ ազգաբնակության, այլև խիստ պատժի ենթարկել Գողթանի հայերի կոտորածի հեղինակներին, ազատելու համար փախցրած աղջիկներին և հեռացնելու տաճկական սպաներին և գործակալներին հիշված շրջաններից:

Խնդրում եմ Ձեզ շտապ կերպով տեղեկացնել՝ հնարավորություն ունի՞ արդյոք ձեր կառավարությունը հիշված շրջաններում անհրաժեշտ միջոցները գործադրելու և եթե այո, մի մերժեք տեղեկացնել ինձ ձեր կառավարության ձեռք առած միջոցների մասին:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ա. Գյուլխանդանյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives