December 3, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Արցախի հարցը կդրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը

Արցախի հարցը կդրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 198(543)

Մամուլի ասուլիս ՀՀ արտգործնախարարությունում

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանին մասնակցած Հայաստանի պաշտոնական պատվիրակության մեջ ՀՀ արտգործնախարարությունից ընդգրկված ներկայացուցիչների՝ սկզբնական փուլում կատարած աշխատանքների ամփոփմանն էր նվիրված արտաքին գործոց փոխնախարար Արման Նավասարդյանի երեկ կայացած մամուլի ասուլիսը:

Նախարարության ներկայացուցիչների հիմնական խնդիրն էր, նախ՝ նախապատրաստել հանրապետության նախագահի այցը Միացյալ Նահանգներ և ելույթը ՄԱԿ-ի նստաշրջանում, ինչպես նաև՝ 15 մասնակցել գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:

Արման Նավասարդյանը հատկապես կանգ առավ ՄԱԿ-ի շրջանակներում Արցախի հիմնահարցի բարձրացման ուղղությամբ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի և իր կատարած քայլերին: Նյու Յորք մեկնելուց առաջ Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության ՄԱԿ-ի վարչությունում, որի ընթացքում հայ դիվանագետները տեղեկացրել են 47-րդ նստաշրջանում այս երկրի դիրքորոշմանը: Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել, չնայած ԵԱՀԽ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ձեռնարկած ջանքերին, ներգրավվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արցախյան հիմնախնդրի բարձրացման աշխատանքներին:

Այդ հարցի քննարկմանը իր սկզբունքային համաձայնությունն է տվել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին՝ արդեն Նյու Յորքում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ անվտանգության խորհուրդը կարող է և պետք է զբաղվի արցախյան խնդրով: Նման կարծիք է հայտնել նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղարի պաշտոնակատար Իգլբերգերը: Այս կապակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Էկվադորի, մի շարք այլ երկրների՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների հետ:

Նախապատրաստական այս փուլից հետո մշակվել ու ներկայացվել է անվտանգության խորհրդի որոշման մի նախագիծ, որով գլխավոր քարտուղարի առջև հարց է դրվում դիտորդների մակարդակով անմիջապես Արցախ ուղարկել իր պատվիրակությանը: Փաստաթղթում նախատեսված է նաև կրակի դադարեցում, բոլոր տեսակի հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, զինված բոլոր տեսակի միավորումների իրարից հեռացում՝ անվտանգության տարածության վրա: Բուտրոս Ղալիին հանձնարարվում է երկու շաբաթվա ընթացքում անվտանգության խորհրդին զեկուցագիր ներկայացնել կատարված աշխատանքների մասին: Ի դեպ Ռուսաստանը հանձն է առել հանդես գալ այս հարցը Անվտանգության խորհրդում բարձրացնելու նախաձեռնությամբ:

Փոխնախարարը շեշտեց, որ ՄԱԿ-ում արցախյան հիմնահարցի բարձրացումը բոլորովին էլ ուղղված չէ ընդդեմ ԵԱՀԽ-ի և ԱՊՀ շրջանակներում խաղաղության հաստատման համար միջազգային հանրության թափած ջանքերի, ավելին, անվտանգության խորհրդի քայլերը պետք է նեցուկ հանդիսանան Եվրոպական և Համագործակցության ծրագրերին: Այդ մասին արձանագրվել է նաև վերոհիշյալ որոշման նախագծում:

Արման Նավասարդյանը մանրամասներ պատմեց նաև իր և նախարարի ունեցած այլ հանդիպումներից: Մասնավորապես զրույց է կայացել ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի խմբի ղեկավար Վիլյամ Դրայթերի հետ: Ներկայումս խումբը զարգացման ծրագիր է մշակում Հայաստանի համար, իսկ շուտով Երևանում կբացվի Նյու Յորքի ներկայացուցչության գրասենյակը:

Լրագրողներին տեղեկացվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ Իգլբերգերը հայտնել է, որ նախատեսվում է մինչև ձմեռ Հայաստան առաքել 90000 տոննա ցորեն և 2.1 միլիոն դոլարի չափով օգնություն՝ փախստականներին:

Ամփոփելով պատվիրակության կատարած առաքելությունը՝ փոխնախարարը կարևորեց հայաստանցի մասնագետների մասնակցությունը գլխավոր ասամբլեայի հետագա նստաշրջանների աշխատանքներին նույնպես, առավել ևս՝ որ նախատեսված է մշալե; և ընդունել ազգային փոքրամասնությունների մասին հռչակագիր:

Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նստաշրջանը տևելու է մինչև ընթացիկ տարվա վերջը:

Հրայր Զորյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives