July 27, 2024

Արժանապատվության և խղճմտանքի հարցեր

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Զանգ, 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63

Ինչպե՞ս կըլլա ապա, որ մեր որբանոցները, մեր փախստականությունը, Հայաստանի տերիտորիայի վրա փռված ծանոթ փախստականությունը, այսչափ հրապարակային, պաշտոնական ու մասնավոր «սրտացավ» իրարանցումներե ետք կրկնապատկվող ու թանձրածավալ անկարելիությանց ենթակա, դեռ կմնա անտեր ու անտիրական:

Ինչպե՞ս կըլլա, որ մեր որբանոցները, ինչպիսին է Դարաչիչակի որբանոցները, որոնք Դիլիջանի ծանոթ իրադարձություններու ժամանակ բարեկիրթ երիտասարդի մը միակ ջանքերով ու զոհողությամբ տեղափոխված որբերեն կազմվեցան, հունիսի սկզբեն մինչև հուլիսի վերջերը ու անկե ետք ալ ստեպ անդամներ՝ կմնան հացե զուրկ, տարրական խնամքի կարոտ և անպատսպար մերկությամբ մինչև վաղը՝ երբ հոկտեմբերն է ալ, մինչդեռ տարաբախտ որբերու Դիլիջանեն բերված ավելի քան 1000 արշին կտորները հագուստներ կարելու համար, անդին՝ Երևան կքնանան մոտ երկու ամիս:

Ի՞նչպես կըլլա, որ մեր բազմակողմյան անգիտությանց պատճառով ծնած փախստականությունը չի կրնար սթրվիլ տեղ մը, ու կշրջագայե ցարդ մերթ Էջմիածին-Երևան և հաճախ ալ Երևան-Ախտա-Նոր Բայազետ խճուղիին վեր ու վար: Ճամփաներն անգամ անկարող են իրենց աղտոտ անձրևաջուրով ու փշրանքներով կերակրել և ազատել ծարավե կմախքացած արարածները:

Երկարատև քննադատություններե ու դժգոհանքներե ետք, կազմակերպված Գլխավոր խորհրդի փախստականական անհասցե անպատկան ու երբեմն ալ օդային աջակցություններե ետք, մետասաներորդ այս ամենաճակատագրական պահուն, կերկնի, կբողբոջի կազմակերպություն մը նորագույն սիստեմի, ավելի կատարյալ, ավելի հաջող, ու ավելի անհասցե՝ «լիազորային» կազմակերպություն մը:

Ի՞նչն է ձեր նպատակը, «լիազորային» կազմակերպություն, սա նահատակվող նահատակյալներու մնացորդներու ու անոնց որբուկներու վերաբերմամբ: Այն որբուկներ, որոնց բազում անգամներ երկեր են այցի և՛ բժիշկ, և՛ վարժապետ, լիազոր և քննիչ մարմիններ ու բարձր զինվորականներ, այն որբուկներ, որոնց մերկությունը, եղկելի անմաքրությունը, նաև չոր տախտակամածին վրա սովորական դարձած այնքան արգահատելի քունը եկեր, տեղեր ու գացեր են շատ մը «500ռ.-նոցներ», մի՞թե ասկե ետք ալ քառապատկված լիազորներու ներկայությամբ սոսկ պիտի կերակրվին, մաքրվին, պիտի հագնվին, բուժվին…

* * *

Թեպետ իրմե առաջ ստեղծված՝ բայց Հայաստանի նորակազմ կառավարության համար պետք է, որ անհանդուրժելի ըլլա տանջանքներու սա քաոսը:

Կառավարությունը երկընտրանքի միակ խոսքը պետք է հայտնաբերե ու ապացուցանի փախստականական ու որբանոցային գործերը հաջողությամբ իր իսկական նպատակին տանելու վերաբերմամբ, այսինքն անհատներո՞ւ թե որբերուն ու փախստականության օգտին ծառայելու գործելակերպ կնախընտրե:

Առաջին պարագային բնավ, բայց երկրորդ պարագային հարկավոր է ամբողջապես կամ հիմնովին փոխել, քանդել, շինել յուր սկզբնավորության մեջն իսկ շեղող փախստականական բաժանմունքը, հարկավոր է սահմանափակել ռոճկավոր «լիազորներու» թիվը մինչև ամենաանհրաժեշտ կարիքը…

Կառավարութենեն հատկացվելիք բյուջեն վերածել ուտելիքի, նաև գյուղական կամ քաղաքացիական բնույթ կրող այնպիսի զբաղմունքներ ստեղծելու ծառայեցնել, որոնցմով կարելի պիտի ըլլա քաղաքավարիորեն նպաստավորել փախստականության երկսեռ և խոշոր մեկ մասին. այն ժամանակ փախստականությունը առանց «տեղավորման լիազորներու» միջնորդության արդեն ի վիճակի կըլլա պատսպարվել հարմարագույն տեղում: Նախքան պարենավորել, ջանալ փախստականությանը տեղավորցնել, կնշանակե նոր միայն ծանոթանալ Սիզիփոսյան աշխատանքին:

Հարկ չեմ զգալ մատնանշել, որ լավագույն միջոցներեն մեկը կառավարության համար փախստականության գոնե զգալի մաս մը վերադարձնել տալ իրենց բնակավայրը, որովհետև կառավարության և մեր բոլորիս համար այդ միակ ցանկությունը կախված է արտաքին հնարավորություններե:

Որբանոցներու վերաբերմամբ գործնական ու անմիջական հոգացողության ամենամեծ մասը կառավարության հետ մեկտեղ պարտավոր է բաժանել և հասարակությունը՝ հանձին յուր ողջամիտ տարրերուն: Ես չեմ կասկածեր, որ կառավարությունը ի վիճակի կըլլա իրեն բաժին ընկածը չուշացնել, բայց հասարակության վերաբերմամբ կերկմտիմ:

Ի՞նչ կընեն Երևանի աշակերտական, ուսանողական և հայուհյաց միությունները. անոնք, ըստ երևույթին, պստիկ զոհողությամբ մը շատ խոշոր օգտակարություն մը ընելե կխուսափին կարծես:

Այլևս գրելը ավելորդ է, որովհետև ամենքը տեսած են փախստականության անասնական դարձած կենցաղը և պատերու տակ կծկված մերկ, բոբիկ ու դալկացած որբուկները…

Մանուել

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives