November 13, 2024

ԱՊՀ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ նախագահին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ.

Ինչպես հայտնի դարձավ նախագահի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների միջխորհրդարանական համաժողովի պատվիրակությանը՝ Ղրղզստանի Գերագույն խորհրդի նախագահ Մեդետկան Շերիմկուլովի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի խորհրդարանականներ։

Ողջունելով ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ցանկացած խաղաղարար առաքելություն՝ Լեւոն Տեր–Պետրոսյանը հույս հայտնեց, որ այս այցը կօգնի առավել իրատեսորեն գնահատելու իրադրությունը տարածաշրջանում եւ առավել արդյունավետ ներազդելու իրադարձությունների խաղաղ կարգավորման վրա։ Նա նաեւ նշեց, որ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում գլխավորը Ռուսաստանի եւ միջազգային ջանքերի համախմբումն է։

Հանգամանորեն ներկայացնելով իրավիճակը՝ հանրապետության նախագահը ընդգծեց, որ ծագած բոլոր հիմնահարցերը հնարավոր է լուծել միայն հակամարտության իրական կողմերի անմիջական երկխոսությամբ։ Նա նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է նույնը, մենք հանդես ենք գալիս անհապաղ զինադադարի օգտին։ Այդ փուլին պետք է հաջորդի Մինսկի խորհրդաժողովը, որի ընթացքում կփնտրվեն բոլոր հարցերի իրական լուծումները։

Պատվիրակության ղեկավար, Ղրղզստանի Գերագույն խորհրդի նախագահ Մեդետկան Շերիմկուլովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տեղեկացրեց, որ այցելության նպատակն է օժանդակել՝ գտնելու ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարման ուղիներ։ Նա միաժամանակ ցանկություն հայտնեց խաղաղարար առաքելության շրջանակներում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում։ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդեց, որ նման հանդիպում կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե դրան մասնակցեն նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանականները։ Հանրապետության նախագահը պատասխանեց նաեւ հյուրերին հետաքրքրող մի քանի հարցերի։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives