May 11, 2021

Անկարելի կարելիություններից

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0

Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59

Մեր երկրի տաք և բարեբեր եղանակները անցել և անցնում են շտապով. մեր դռանն արդեն աշունն է չոքել իր անձրևներով ու հարափոխիկ եղանակներով։ Այլևս բացօթյա ապրել, այս պատի կամ այն ծառի ստվերում ծվարել ու պատսպարվել, հնարավոր չէ։

Եվ թվում էր, թե՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի հրապարակներում, զբոսավայրերում, փողոցներում, եկեղեցիների գավիթներում և այլուր թափթփված բազմահազար գաղթականությունը, գաղթականական մարմինների, հատկապես Երևանի քաղաքային ինքնավարության ջանքերով, պետք է իր ժամանակին տեղավորված լիներ, թեկուզ հապճեպով կառուցված հանրակացարաններում, մահացության տոկոսը այդ սոված ու թշվառ ամբոխի մեջ չկրկնապատկելու ու եռապատկելու նպատակով գեթ։

Բայց Երևան քաղաքի հայրերը թե ամառվա ամիսների ընթացքում, երբ պետք է կատարվեր կամ գոնե կազմակերպվեր տեղավորման ծանր գործը, թե հիմա, երբ ամառն անցել և աշունն է եկել իր ցրտերով, ցեխերով ու անձրևներով, այնքան հանգիստ, այնքան անվրդով ու անտարբեր են դեպի այդ ծայրաստիճան այրող ու խիստ այժմեական հարցը, որ ակամայից ուզում ես համոզվել այն բանում, որ նոքա, որոնք կոչված են Երևան քաղաքի հայրերը լինելու կամ իրենց քաղաքի կլիմայական պայմաններին ծանոթ չեն, կամ թերևս, բնության տարերքների հետ ինչ-որ գաղտնի համաձայնության դաշն ունեն կռած, մի դաշն, որի հետևանքները առայժմ դեռ նշմարելի չեն։

Քաղաքի հայրերը փոխանակ այլ և այլ գործերով զբաղվելու, որոնք հաճախ ոչ մի առնչություն չունեն քաղաքի բազմաթիվ հրատապ կարիքների հետ, պարտավոր էին լիուլի օգտագործել եղած բոլոր հնարավորությունները, հատկապես մեկը, որը միայն մի անգամ արվեց և որից քաղաքը չկարողացավ բոլորովին օգտվել։

Ի՞նչ էին անում նոքա այն ժամանակ, երբ Երևանից հազարներով թուրք ընտանիքներ էին հեռանում և երբ նրանց թողած տների գլխին սև ագռավների նման զազիր սպեկուլյանտներն էին հավաքվում և հավաբնից ոչնչով չտարբերվող խուցերին մի քանի հազար, այն էլ ռուսական դրամ վճարում։

Ի՞նչ էր անում քաղաքային ինքնավարությունը այն ժամանակ, երբ այդ ստոր չարչիները իրենց վճարած հազարներով ձեռք բերած իրավունքը օգտագործում էին լիուլի, բնակարանների գները մի քանի անգամ բարձրացնելով։

Մտածո՞ւմ էին արդյոք քաղաքային վարչությունը, որ դիվային մրցության այդ խելագար խաղը շատ հեշտությամբ կարող է անդրադառնալ քաղաքի մյուս բնակարանների վրա, երբևէ փորձե՞ց նա արգելել հայ չարչիների այդ կեղտոտ խաղը, միջոցներ ձեռք առա՞վ նա ցուցակագրելու և հաշվի տակ առնելու բոլոր այդ բնակարանները, որոնք բախտի քմահաճ կամքով դատարկվում և այդպիսով, կարծեք, իրենք իսկ ընդառաջում էին տեղավորման ծանր գործին։ Չի նախատեսել արդյոք քաղաքի ինքնավարությունը այն, որ իր հանցավոր անտարբերությունը մեզ հասցնելու է այսօրվա դրությանը, երբ բազմաթիվ ընտանիքներ իրենց չուլ ու փալասով փողոց են նետվում անհագուրդ տնատերերի կողմից և այդպիսով ավելի մեծացնում անապաստան թափառաշրջիկների սովալլուկ ընտանիքը։ Նման տնատերերի դեմ, որոնք անարգանքի սյունին գամվելու և հասարակության միջից վտարվելու միայն արժանի են, որևէ միջոց խորհո՞ւմ է քաղաքային ինքնավարությունը։ Գոնե այսօր նա մտածո՞ւմ է փրկել մահվան ճիրաններից տարագիր փախստականության խղճուկ բեկորները, և վերջապես այն խայտառակությանը, որը սկսվել է բնակարանային հարցի շուրջը, փորձում է որևէ կերպ վերջ տալ, թե՞ ոչ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives