December 6, 2024

Անդրկովկասյան ֆեդերացիայի հարցը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, Երևան

Ժողովուրդ, 10 հունվարի, 1920թ., թիվ 1
Երևան, 10 հունվարի

Վրաստանի հանրապետության վարչապետ Ն. Ժորդանիան Թիֆլիսի բանվորական խորհրդում արտասանած իր ճառում և Ադրբեջանի ղեկավար «Մուսաֆաթ» կուսակցության վերջին համագումարը, շոշափելով Անդրկովկասյան հանրապետությունների փոխհարաբերությունների հարցը անհրաժեշտ գտան, որպես մի հերթական քաղաքական խնդիր, նրանց վերամիացումը կոնֆեդերացիայի հիմունքով։

Ամեն պետական-իրավական կամ միջազգային իրավական ակտ այն ժամանակ կարող է նպատակահարմար և տևողական լինել, եթե նա համապատասխանում է իրականության պայմաններին։

Այս տեսակետից Անդրկովկասյան կոնֆեդերացիան, եթե նա նույնիսկ կազմվի իր ներկա ղեկավարների կամքով, դատապարտված է թղթի վրա մնալու, որովհետև այժմ չկան նրա համար անհրաժեշտ օբյեկտիվ տվյալները։ Ընդհակառակը, բոլոր այն հանգամանքները, որոնք բաժանեցին ունիտար Անդրկովկասյան պետությունը երեք պետական միավորների, գոյություն ունեն և այժմ։

Եվ այդ կարգի պատճառների մեջ առաջնակարգ դեր են խաղում այնպիսինները, որոնց փոփոխելը վեր է քաղաքական կուսակցությունների ուժերից։

Մանր կուլտուրական ժողովուրդների ձգտումը ունենալու սեփական անկախ պետականություն, գտնում է իր նպաստավոր հողը օբյեկտիվ միջազգային պայմաններում և ամեն մի փորձ դադարեցնելու նրանց լիակատար ազատագրությունը և նրանց պետականության ամրապնդումը, անհաջողության պիտի մատնվի։

Կոնֆեդերացիայի պայմանագրով կարող են միմյանց հետ կապվել արդեն կազմակերպված և ընդհանուր շահեր ունեցող պետություններ, որի հետևանքով կոնֆեդերացիայի մեջ մտնող պետության սուվերեն իրավունքները, մանավանդ արտաքին քաղաքականության մեջ կրճատվում են. օր. Պատերազմի և դաշնագրեր կնքելու հարցում։

Այստեղից պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկա մոմենտում չի կարող որևէ պետության հետ կապվել կոնֆեդերացիայի հիմունքով, որովհետև նա կազմակերպման պրոցեսի մեջ է ոչ միայն իր ներքին քաղաքական կյանքի բյուրեղացման, այլև իր քաղաքական ապագայի և տերիտորիալ պահանջների իրագործման տեսակետից։

Հայկական հարցը միջազգային որոշ և նպաստավոր դիրք ունի, նա երկու Հայաստանների միացման և անկախության հարցն է։

Միայն այն ժամանակ, երբ այդ կիրագործվի, Հայաստանը կդառնա քաղաքական և աշխարհագրական տեսակետից մի կազմակերպված պետական միավոր, այն ժամանակ միայն պարզ կերպով կուրվագծվեն նրա փոխհարաբերությունների հարցը դեպի շրջապատող ժողովուրդները և ուժերը։ Իսկ Վրաստանը և Ադրբեջանը համարյա կազմակերպված պետություններ են տերիտորիալ մտքով և նրանց քաղաքականության ուղիները մոտիկ ապագայի համար արդեն պարզ որոշված են։

Եվ եթե ներկա հանգամանքներում հայ ժողովրդի շահերը թույլ չեն տալիս որևէ կոնֆեդերացիայի մասին խոսելու, որպես օրվա խնդրի, դա չի նշանակում, որ չպետք է աշխատել այդ ուղղությամբ։

Երեք հանրապետությունների ղեկավար շրջանները պիտի շարունակ հիշեն, որ Անդրկովկասյան ժողովուրդների համերաշխությունը մի անհրաժեշտություն է իրանց ժողովուրդների շահերի տեսակետից։ Նրանք պետք է աշխատեն ոչ միայն վերացնել իրենց շահերի հակամարտությունը, այլև ստեղծել նրանց ընդհանրությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նրանք համարեն Անդրկովկասյան երեք ժողովուրդների անկախությունը իրենց երկրների համար մի կենսական անհրաժեշտություն, որ նրանք վերջնականապես լուծեն փոխադարձ համաձայնությամբ գորդյան հանգույց դարձած Անդրկովկասյան սահմանային վեճերը։

Հասարակական կարծիքը երկար պատրաստելուց և Անդրկովկասյան ժողովուրդների մերձեցման համար իրական քաղաքական քայլեր անելուց հետո է միայն, որ կարելի կլինի խոսել Անդրկովկասյան պետությունների կոնֆեդերացիայի մասին։ Իսկ մինչ այդ ամեն մի կոնկրետ առաջարկ այդ ուղղությամբ վաղաժամ է և հետևապես աննպատակ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives