July 27, 2024

ԱԴՐԲԵՋԱՆ. Հույսը կրկին նավթն է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Ինչպես հայտնի է, վերջերս Բաքուն եւ Անկարան ստորագրեցին եւս մեկ համաձայնագիր, այս անգամ՝ համատեղ նավթամուղ կառուցելու վերաբերյալ։ Այս օրերին ադրբեջանական ժողովուրդը, կարելի է ասել, ապրում է երկու հիմնական երազանքով։ Առաջինը Ղարաբաղի պատերազմի շուտափույթ ավարտն է։ Իսկ երկրորդը՝ հանրապետության նավթային պաշարների յուրացման հեռանկարն է, որի շնորհիվ հույս ունեն, թե փոքր-ինչ կբարելավվի բնակչության կենսավիճակը։

Եվ քանի որ Ադրբեջանն ի վիճակի չէ համենայն դեպս հաղթական ավարտի հասցնել Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, իսկ նավթային պաշարների յուրացման հարցում առկա են որոշակի հնարավորություններ՝ կապված արտասահմանյան ընկերությունների շահագրգռվածության հետ, ուստի Բաքուն սկսել է գործական առաջին քայլերը այդ հանքավայրերի համատեղ շահագործման, նաեւ արդյունահանվող նավթի արտահանման ուղղությամբ։ Որպես այդպիսին կարելի է դիտել մարտ ամսին Անկարայում ստորագրված Բաքվից մինչեւ Միջերկրական ծովի ափ նավթամուղ կառուցելու ադրբեջանաթուրքական համաձայնագիրը։ Ըստ նախագծի, այն կունենա ավելի քան 1000 կմ երկարություն եւ կարժենա մեկ միլիարդ 400 միլիոն դոլար: Նավթամուղը Ադրբեջանից հետո կանցնի Իրանի՝ 60կմ, ապա Նախիջեւանի՝ 7կմ, եւ այնուհետեւ Թուրքիայի տարածքով՝ 540կմ։ Ի դեպ, նախապես Անկարան առաջարկում էր ավելի կարճացնել խողովակաշարը՝ այն անցկացնելով Հայաստանի տարածքով եւ խուսափելով իրանական տարբերակից։ Առաջարկը, պարզ է, բացի տնտեսականից, հետապնդում էր նաեւ քաղաքական նպատակներ։ Սակայն Բաքուն կտրականապես հրաժարվեց դրանից՝ պնդելով հատկապես իրանական տարբերակը, իհարկե, նույնպես ոչ առանց քաղաքական նպատակների։

Համաձայնագիրը ստորագրելու արարողության ժամանակ Ադրբեջանի նավթարդյունաբերության նախարար Սաբիթ Բաղիրովը այն գնահատել է որպես Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական անկախության մարմնավորում, իսկ Դեմիրելը նավթամուղին անվանել է Բաքուն Թուրքիային կապող «սեւ ոսկյա թռչուն», չթաքցնելով, որ այն ունի վիթխարի քաղաքական ներուժ եւ որ այն «Թուրքիայում կստեղծի երկրորդ Պարսից ծոց»։ Ինչպես թղթակիցներին հայտնել է թուրքական «Բոթաշ» պետական ընկերության նախագահ Մարթա Գյոքլալը, ընկերության արտասահմանյան գործընկերները պատրաստ են նավթամուղի շինարարության համար նախատեսված գումարի 30 տոկոսը տրամադրել վարկային հատկացումների ձեւով։ Նա նշել է նաեւ, որ նախագծի նկատմամբ հարաչուն գրգռվածություն են ցուցաբերում Համաշխարհային բանկը, վերակառուցման եւ զարդացման եվրոպական բանկը, «Սիտի» եւ «Սումիտոմո» բանկերը, որոնք խոստանում են երկարաժամկետ եւ միջին ժամկետների վարկեր։ Բացի այդ, ստեղծվում է միջազգային ընկերություն, որի հնարավոր անդամները, բացի թուրքական «Բոթաշից» եւ ադրբեջանական «Սոկարից» կդառնան նաեւ ամերիկյան «Պենզոլ», «ԱՀՄՕԿՕ», բրիտանական «Բրիթիշ պետրոլիում» ընկերությունները։

Ըստ Գյոքլալի, նավթամուղով տարեկան կմատակարարվի 40 միլիոն տոննա նավթ։ Սկզբնական շրջանում այն կսահմանափակվի ադրբեջանական 25 միլիոն տոննա նավթով, իսկ հետագայում հնարավոր է դրան ավելանա նաեւ ղազախական 15 միլիոն տոննա նավթը։ Խողովակաշարի կառուցումը նախատեսված է սկսել 1994 թվականին, իսկ նավթի առաջին մատակարարումները՝ 1997 թվականի օգոստոսին։

«Նոյյան տապան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives