July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանցիները հրետակոծեցին Ղարաբաղի և Հայաստանի դիրքերը

Ադրբեջանցիները հրետակոծեցին Ղարաբաղի և Հայաստանի դիրքերը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0

Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80

Երակարաժամկետ հրադադար այս պայմաններում հնարավոր չէ

Ստեփանակերտ, 29 ապրիլ: Ադրբեջանական կազմավորումները շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը: Ապրիլի լույս 29-ի գիշերը հակառակորդը զրահատեխնիկայի և հրետանու աջակցությամբ փորձել է հարձակման անցնել Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ: Ղարաբաղյան ուժերը կասեցրել են թշնամու գրոհը և կենդանի ուժի կորուստներ պատճառելով, ստիպել նահանջել նախնական դիրքերը: Ոչնչացվել է հակառակորդի 30 զինվոր: Ղարաբաղյան կողմից զոհվել է 2, վիրավորվել 14 մարդ: Այսօր առավոտյան ժամը 6-ին զրահատեխնիկայի աջակցությամբ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել նաև Աղդամի շրջանի Շոթանլու, Ումուդլու և Գյուլիջա գյուղերի ուղղությամբ: Այստեղ նույնպես թշնամու գրոհը կասեցվել է: Օրվա երկրորդ կեսին ռազմաճակատի մեծ մասում իրավիճակը հանգիստ էր: Միայն Ֆիզուլու և Աղջաբեդիի շրջանների ռազմական հենակետերից հակառակորդը հեռահար հրետանուց հրետակոծել է Մարտունու շրջանի սահմանամերձ բնակավայրերն ու Ֆիզուլու շրջանի Կարախանբեյլի և Կուրղան գյուղերի ղարաբաղյան դիրքերը:

«Ադրբեջանին զսպող կայուն մեխանիզմների բացակայության պայմաններում դժվար է խոսել երկարաժամկետ հրադադարի մասին, քանի որ այդ պետության կողմից իրականացվող ռազմական նախապատրաստությունները հակասում են նրա խաղաղասիրական ճարտասանությանը»,— ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, փոխգնդապետ Սեյրան Օհանյանը:

Ապրիլի 29-ի 00 ժամից կրակը դադարեցնելու ղարաբաղյան կողմի պատրաստակամությանը հակառակ ադրբեջանական ուժերը դարձյալ զանգվածային հրետակոծության են ենթարկել ղարաբաղյան բանակի դիրքերը, իսկ մի շարք հատվածներում անցել հակահարձակման: Կասկած չկա, որ ադրբեջանական իշխանությունների փորձը միակողմանի առավելությունների հասնել քաղաքական ասպարեզում, ինչպես նաև չդադարող հարձակումները, ապակայունացնող հետևանքներ կարող են ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Խնդրի լուծմանն ուղղված նման մոտեցումները միայն կարծրացնում են կողմերի դիրքորոշումները: Լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Մյուս կողմից, ապրիլի 28-ի երեկոյան ադրբեջանական զորքերը հրետակոծել են Հայաստանի Կրասնոսելսկի շրջանի Վահան, Տաուշի շրջանի Չինարի, Իջևանի շրջանի Սևքար և Բերքաբեր գյուղերի դիրքերը: Նույն օրը հրետակոծվել են նաև Սիսիանի շրջանի Շաղաթ գյուղի հայկական դիրքերը: Տուժածներ չկան: Երեկ ԵԱՀԽ պատվիրակությունը Մինսկի խմբի նախագահի տեղակալ Մաթիաս Մոսբերգի գլխավորությամբ ժամանեց Ստեփանակերտ, ուր հանդիպումներ ունեցավ Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Բաբուրյանի և Արկադի Ղուկասյանի հետ: Քննարկվեց հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԽ ծրագրի նորացված տարբերակը, որը, ըստ որոշ աղբյուրների, տարբերվում է ռուսական ծրագրից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives