December 3, 2024

Ադրբեջանը չստորագրեց բիշքեկյան արձանագրությունը ևս

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Ազգ, 6 մայիսի, 1994թ., թիվ 84

Շումեյկո. «Հնարավոր չէ հասնել հակամարտության խաղաղ կարգավորման, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես բանակցությունների լիիրավ կողմ»

Մեր հատուկ թղթակից Հակոբ Ասատրյանը Բիշքեկից հաղորդում է

Մայիսի 4-ի առավոտյան, ժամը 9-ին, Բիշքեկի նախագահական նստավայրում բացվեց ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի շրջանակներում գործող Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հանձնախմբի հերթական հանդիպումը: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ղրղըզստանի Գերագույն խորհրդի նախագահ Շերիմկուլովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Շումեյկոն, Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ջալիլովը և Հայաստանի ԳԽ նախագահ Արարքցյանը: Իր ելույթում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, թե հայկական զորքերը գրավել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Հանդես գալով պատասխան ելույթով՝ Բաբկեն Արարքցյանն իր հերթին հայտարարեց, թե հայկական կողմը պատրաստ է առաջնորդվել «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով:

Մայիսի 5-ին ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը: Այս ստորագրեցին բոլոր կողմերի ներկայացուցիչները, բացի Ադրբեջանից: Այդ արձանագրությամբ հակամարտող կողմերին կոչ է արվում մայիսի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը՝ հենվելով փետրվարի 18-ի արձանագրության վրա: (Հիշեցնենք, որ ըստ այդ արձանագրության, հակամարտող կողմերը պետք է սիմետրիկ կերպով հետ քաշվեն առճակատման գծից): Այնուհետև կոչ է արվում ինտենսիվ աշխատանքներ տանել, որպեսզի կողմերը կնքեն այնպիսի համաձայնագիր, որ իրավաբանական տեսակետից կապահովի անհրաժեշտ բոլոր մեխանիզմներն ու կբացառի ռազմական գործողությունների վերսկսումը, ինչպես նաև դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից, վերականգնել հաղորդակցության ուղիների աշխատանքը և շարունակել բանակցությունները: Միաժամանակ, կողմերը համաձայնեցին Շերիմկուլովի և Շումեյկոյի նախաձեռնությանը՝ քննարկել համագործակցության խաղաղարար ուժեր ստեղծելու հարցը:

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Աֆիադդին Ջալիլովն իր ելույթում պատճառաբանեց արձանագրությունը չստորագրելու փաստը: Ըստ նրա՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ հաշվի չեն առնված Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավման և միլիոնավոր փախստականների առկայության փաստերը: Բացի այդ, ըստ նրա, անընդունելի է նաև այն, որ փաստաթղթում նշվում է ոչ թե գրավված տարածքներ, այլ՝ զբաղեցրած: Իր հերթին Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ թեև Հայաստանն ընդունել է արձանագրությունը, այնուամենայնիվ, դրա որոշ կետեր այնքան էլ ընդունելի չեն, սակայն Հայաստանը խաղաղության հասնելու համար գնացել է այդ զիջումներին:

Առավել կարևոր էր Շումեյկոյի ելույթը, ըստ որի, առաջին հերթին անհրաժեշտ է կրակի դադարեցում (կողմերը սկզբունքորեն համաձայն են դրան), իսկ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը ճանաչի որպես հակամարտության կողմ: «Հնարավոր չէ հասնել հակամարտության խաղաղ կարգավորման, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես բանակցությունների լիիրավ կողմ»,— հայտարարեց նա: Շումեյկոն այն կարծիքը հայտնեց, թե քանի որ հակամարտությունը գտնվում է ԱՊՀ տարածքում, այն պետք է կարգավորվի ԱՊՀ ջանքերով, թեև միջազգային խաղաղարար նախաձեռնությունները չեն բացառվում: Ի դեպ, Ադրբեջանն իրավունք ունի հետագայում միանալ Բիշքեկյան արձանագրությանը, և այդ հարցը քննարկելու նպատակով Շերիմկուլովն առաջիկայում կմեկնի Բաքու: Իսկ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives