Հառաջ, 2 ապրիլի, 1920թ., թիվ 69
Երևան, 30 մարտի
Մոտ օրերի ընթացքում Թիֆլիսում անդրկովկասյան երեք հանրապետությունների ընդհանուր համաձայնությամբ պետք է կայանա կոնֆերանս, որը նպատակ ունի հիշված հանրապետությունների միջև ծագած բոլոր վիճելիլ հարցերը լուծելու, իմիջիայլոց, նաև հողային (տերիտորիալ) խնդիրները։ Հակառակ սրան՝ Ադրբեջանի կառավարությունը խախտելով անցյալ տարվա օգոստոս 22-ին Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի հետ կնքած համաձայնությունը, որոշել է զենքի ուժով խլել հայկական Ղարաբաղը և Զանգեզուրը։ Մարտ ամսի 20-ին Ադրբեջանի կառավարությունն իր կանոնավոր զորքը և զինված բանդաները կենտրոնացնելուց հետո, Ղարաբաղի հայ ազգաբնակության ներկայացրեց վերջնագիր զինաթափման մասին։ Ազգաբնակությունը նման վերջնագիրը համարելով օգոստոս 22-ի համաձայնության բացահայտ խախտումն և այդ խախտումը համարելով նախասկիզբ նախորոշված ջարդի՝ մերժեց այդ ապօրինի պահանջը։ Ադրբեջանը ստանալով մերժումն՝ բռնի ուժով սկսեց հայ ազգաբնակության զինաթափումը և սկսեց ընդհանուր առաջխաղացումն Ղարաբաղի և Զանգեզուրի դեմ։ Ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի կանոնավոր զորքը և մահմեդականների զինված բանդաները առաջ խաղալով Զանգեզուրի և Ղարաբաղի վրա՝ ամբողջ ճակատով ոչնչացնում են գյուղերը և ջարդում են խաղաղ հայ ազգաբնակությունը։ Շուշում ջարդված է ամբողջ ազգաբնակությունը։ Այս առաջխաղացման նպատակն է նախապես գծված ծրագրով՝ կատարելապես հնազանդեցնել հայկական Ղարաբաղը և Զանգեզուրը՝ հակառակ ազգաբնակության, խաղաղարար կոնֆերանսի և Լորդ Քըրզոնի վերջին հեռագրի տրամադրության։
Ադրբեջանի կառավարությունը, օգտվելով Հայաստանի կառավարության խաղաղասիրությունից, որի ցանկությունները և ձգտումները միշտ ուղղված են եղել անդրկովկասյան երեք հանրապետությունների միջև եղած վիճելի հարցերը խաղաղությամբ լուծելու կողմը, Ադրբեջանի կառավարությունը նորից հրդեհ է նետում Անդրկովկասում, որը կարող է չափազանց աղետաբեր լինել իր հետևանքներով։ Իմ կառավարության անունից նպատակ ունենալով կանխել ամբողջ Անդրկովկասին սպառնացող աղետը, խնդրում եմ Ձեզ, Ձեր կողմից ցույց տալ հնարավոր աջակցությունը Ադրբեջանի կառավարության ցույց տալու համար Ղարաբաղի և Զանգեզուրի վրա հետագա առաջխաղացման անմիջապես դադարեցնելու անհրաժեշտությունը՝ հրաժարվելով Ղարաբաղի խնդիրը զենքի ուժով լուծելու փորձից։
Արտ. Գործ. Նախ. Ա. Խատիսյան