November 27, 2024

Նոր հեղաշրջումն Պետրոգրադում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 27 հոկտեմբերի, 1917թ., թիվ 229

Թեև Հեռագրական գործակալությունը որոշակի և ճիշտ տեղեկություններ չէ հաղորդում, բայց առանձին և մասնակի հեռագիրները, որոնք ստացվեցին հոկտեմբերի 25-ին մինչև երեկո, ցույց են տալիս, որ Պետրոգրադում բոլշևիկները, որոնց հանդես գալը վաղուց հայտարարվում և պատրաստվում էր, աջողել են իրենց ձեռնարկի մեջ, կարողացել են գրավել իշխանության եթե ոչ ամբողջությունը, գեթ մի մասը, և հիմնել են հոկտեմբերի 23-ին հեղափոխական կոմիտե՝ Պետրոգրադի պատգամավորների խորհրդին կից։

Արդյոք Ժամանակավոր Կառավարությունը կամ Կերենսկիի մինիստրությունը տապալվե՞լ է թե՞ դեռ կանգուն է և գործադրում է իր իշխանությունը, արդյոք նոր հեղափոխական կոմիտեն ճանաչվե՞լ է իբրև օրինական իշխանություն թե՞ զորքի և այլ հեղափոխական ու դեմոկրատական մարմինների կողմից հռչակվել է իբրև ապստամբական, դա դեռ հայտնի չէ այս րոպեին (հոկտեմբերի 26-ի առավոտյան), երբ գրում ենք այս տողերը։

Եթե զորքը, հեղափոխական ու դեմոկրատական մարմինները և կազմակերպությունները, նախապառլամենտը ճանաչեն նոր հեղափոխական կոմիտեի գոյությունը և օրինականությունը, տարակույս չկա, որ Կերենսկիի մինիստրությունը կտապալվի և կամ իշխանությունն ամբողջովին կանցնի խորհուրդների ձեռքը, մի նպատակ, որին ձգտում են բոլշևիկները, կամ իշխանությունը կվերականգնվի այլ հիմունքներով։

Առաջին դեպքում, եթե իշխանությունը անցնի խորհուրդներին, որոնց կազմը մեծամասնությամբ բոլշևիկական է, պետք է սպասենք, որ Ռուսաստանը կարող է կնքել սեպարատ հաշտություն, և նոր բոլշևիկական կառավարությունը կձգտե անմիջապես իրագործել իր քարոզած լոզունգները, այն է՝ հողերի, կապիտալների և այլ արժեքների գրավումը, որից կարող է, իհարկե, ծագել քաղաքացիական ահեղ պատերազմ։ Վերջին լուրերով՝ մինիստրներից երկուսը ձերբակալված են, և Պետրոգրադի գարնիզոնը պահանջել է, որ ամբողջ իշխանությունը հանձնվի խորհուրդներին։ Մաղթենք, որ պետական հեղաշրջումը սոսկալի սոսկալի ցնցումներ առաջ չբերի Ռուսաստանի համար և հեղաշրջումը կատարվի առանց մեծ ցավերի ու երկունքի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives