Զանգ, 25 դեկտեմբերի, 1918թ., թիվ 84
Ով չի օգնում ֆրոնտի զորքին — նա դավաճանում է Հայաստանի Հանրապետությանը
Քաղաքացինե՛ր, Լեբել և տաճկական հրացանները տվե՛ք կառավարությանը
Լոռիի դեպքերը երթալով ծավալվում են: Վրացիները մի շարք պարտություններ կրելուց հետո դեռ շարունակում են դիմադրել: Մեր զորքերը հաղթական առաջ են շարժվում, և հեռու չէ այն ժամանակը, երբ Հայաստանի հողը մաքրված կլինի նաև վրացական բանդաներից:
Մեր զորքը ահագին գործ է կատարում ֆրոնտում, իսկ ի՞նչ է անում թիկունքը. կատարո՞ւմ է արդյոք նա իր պարտականությունը:
Ֆրոնտը թիկունքից պահանջներ ունի: Անհրաժեշտ է անմիջապես հասցնել օգնական մասեր, ուրեմն հարկավոր է մեծ ուժ տալ հայտարարված զորահավաքին: Հայ երիտասարդությունը պարտավոր է շտապել դեպի զորանոց, եթե նրա համար թանկ է Հայաստանի պետության պատիվն ու անվտանգությունը:
Ֆրոնտի համար հարկավոր են լեբել և տաճկական հրացաններ, ինչպես նաև մոսինի փամփուշտ: Թիկունքում՝ ժողովրդի մեջ շատ կա դրանից. Հասարակությունը պետք է աջակցի սկսված ժողովարարության և կամովին տանի տա իր ունեցած զենքն ու փամփուշտը:
Ֆրոնտի պահանջը չպետք է անարձագանք թողնել:
Ֆրոնտին պետք է աջակցել ամեն բանով: Ֆրոնտի հաջողությունից է կախված Հայաստանի Հանրապետության ապահովությունն ու բարգավաճումը: