November 27, 2024

Լոռվա դեպքերը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 22 դեկտեմբերի, 1918թ., թիվ 83

Արտաքին գործերի մինիստր Ս. Տիգրանյանի հեռագիրը վրաց կառավարությանը

«Պառլամենտի որոշումով, կառավարությունն այսօր պատվիրակություն է ուղարկում կապիտան Գրինի և Վրաստանի լիազորների հետ, եթե վերջիններս կգան, կարգավորելու պատերազմական գործողությունները դադարեցնելու պայմանները:

Մեկ պայման պառլամենտը համարում է կատարելապես անհրաժեշտ, այսինքն՝ Հայաստանի կառավարությունը Բորչալուի գավառից իր զորքերը կարող է հանել միայն այն դեպքում, եթե կերաշխավորվի այդ, ինչպես և Ախալքալաքի գավառի ապահովությունը վրացիների նոր ներխուժումից:

Ձեր N5599 և 5628 ռադիոհեռագիրների սխալ պնդումի հետևանոք, պարտք եմ համարում հաստատել, որ հայկական ոչ մի զորամաս մինչև դեկտեմբերի 13-ը ոչ մի ագրեսիվ քայլ և գործողություն չի թույլ տվել վրացական զորքերի դեմ:

Վերջիններս հայ ազգաբնակության վերաբերմամբ գործ դրած իրենց արյունալի բռնություններով և անգութ խստություններով հարկադրեցին Հայաստանի կառավարության՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությանը պատկանող տերիտորիայի քաղաքացիներին:

Հայաստանի կառավարությունը վերջին ամիսներում ցուցաբերեց ծայր աստիճան խաղաղասիրություն: Մինչդեռ վրաց կառավարությունը Լոռիի վերաբերմամբ ունեցած հավակնություններով, Ախալքալաքի բռնագրավումով, և Բորչալուում գործ դրած զինվորական խիստ միջոցներով եղավ արտահայտիչը հարձակողական-նվաճողական քաղաքականության և կատարյալ արհամարհանքով վերաբերվեց Հայաստանի կառավարության բազմիցս արած դիվանագիտական բողոքներին և խաղաղասիրական առաջարկներին: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հավատալ, որ վրաց կառավարությունը պատրաստակամությամբ կընդառաջե Հայաստանի կառավարության, հաստատելու ամուր և խաղաղ հարաբերություններ, ազգաբնակության ինքնորոշման և մեր տերիտորիալ իրավունքների սկզբունքի հիման վրա:

Մեր պատվիրակությունը շատ ուրախ կլինի հանդիպել ձեր լիազորներին բարեկամական աշխատանքի համար, հանուն բարօրության երկու հարևան ժողովուրդների, որոնք կապված են իրար պատմական բարձր ավանդներով և ընդհանուր կուլտուրական իդեալներով»:

Վրաց կառավարության նոտան

Դեկտեմբերի 16-ին խորհրդական Թումանյանին է հանձնված վրաց արտաքին գործ. մին. N 13, [2] նոտան, որի բովանդակությունը հետևյալն է.

«Կառավարության հանձնարարությամբ պատիվ ունեմ հաղորդելու ձեզ հետևյալը.

Դեկտեմբերի 6-ին, բարեկամորեն Հայաստանի սահմանում՝ Սանահինում և Վորոնցովկայում կանգնած մեր սահմանապահ զորամասը ենթարկվեց հայկական կանոնավոր զորամասերի դավաճան հարձակման: Սահմանապահ զորամասը մասամբ ջարդվեց, մասամբ էլ գերի ընկավ: Հեռագիրը կտրված է, երկաթուղին՝ խանգարված: Չմտածելով երբեք, թե այդ հարձակումները կատարվում են Հայաստանի կառավարության գիտությամբ կամ, ավելի շուտ, համաձայնությամբ, վրաց կառավարությունը հեռագրով դիմեց Հայաստանի կառավարությանը, առաջարկելով անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել արյունահեղության վերջ դնելու համար: Այդպիսի միջոցներ չձեռնարկվեցին, ընդհակառակը, պատերազմական գործողությունները ավելի զարգանում են և մերոնք ստացել են արդեն Հայաստանի կառավարությունից պաշտոնական հայտարարություն, որից երևում է, որ այդ դավաճանորեն կատարած հարձակումը եղել է նրա հրամանով: Մեր կողմից պատահարի վայրը ուղարկված պատվիրակությունը, որին մասնակցում էին նաև Վրաստանի Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցիչները, քիչ է մնացել զոհ դառնա դեպքերին:

Վրացական կառավարությունը ավելի քան մի ամիս առաջ, առաջարկել էր ստեղծել անդրկովկասյան կոնֆերենցիա, բոլոր վիճելի հարցերը լուծելու համար, բայց նրան մասնակցելուց հրաժարվեց Հայաստանի կառավարությունը, պնդելով նախապես հայ-վրացական կոնֆերանսի վրա: Ընդառաջելով Հայաստանի ցանկությանը, վրաց կառավարությունը համաձայնեց այդ առաջարկին, որպես հիմք ընդունելով բոլոր վիճելի խնդիրները խաղաղությամբ և համաձայնության ճանապարհով լուծելու սկզբունքը, իսկ այդ չիրականանալու դեպքում հրավիրել արբիտրաժ: Օրեցօր մենք սպասում ենք Հայաստանի պատվիրակների գալուն, բայց մինչև օրս չեկան. դրա փոխարեն այժմ մեր առջև է մի ուխտադրուժ հարձակում, չարդարացող միջազգային հարաբերությունների նորմերով: Այս բացատրություններից հետո ընդունելով, որ մեր կողմից սպառված են բոլոր միջոցները կանխելու երկու բարեկամ ժողովուրդների ամոթալի և կործանարար արյունահեղությունը, վրացական կառավարությունը իր պարտքն է համարում բացարձակ հայտարարել ամբողջ աշխարհին, որ բողոքելով ամենաբուռն կերպով Հայաստանի կառավարության գործելակերպի դեմ, նա (վրաց կառավարությունը) վերցնում է իրենից ամբողջ պատասխանատվությունը երկու բարեկամ ժողովուրդների ամոթաբեր ու կործանարար արյունահեղության համար, այն ժողովուրդների, որոնց համակեցությունը գրավական է երկու երկրների բարգավաճման, որը դարերի ընթացքում, մինչև ներկա օրերը չէ խանգարվել: Այդ պատասխանատվությունը իր ամբողջ ծանրությամբ ընկնում է Հայաստանի Հանրապետության կառավարության վրա»:

* * *

Վրացիները կենտրոնացնում են իրենց ուժերը Սադախլոյում: Այնտեղ հավաքված է 2000 հետևակ, 400 ձիավոր և 3 բատարեա 12 թնդանոթով: Այնտեղ է նաև Վրաստանի զինվորական մինիստր Գեորգաձեն: Հայկական զորամասերը մոտեցել են Սադախլոյին:

* * *

Սադախլոյի մոտ մի փոքրիկ ընդհարում է եղել մեր առաջապահ մասերի և վրաց զորքերի միջև: Մեր մի վաշտն ու հեծելախումբը մոտենում են Սադախլոյին ու գրավում կայարանը: Վրացիները բարձրացնում են սպիտակ դրոշակ և անձնատուր լինելու նշան են անում: Մերոնք առաջ են շարժվում, բայց հանդիպում են վրացական գնդացիրների և բրոնևիկի կրակին: Մեր առաջապահ մասը թողնում է կայարանը և հետ է քաշվում: Մյուս ճակատներում դրությունը անփոփոխ է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives