Զանգ, 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63
— Սուխոյ Ֆանտանում ավազակությամբ պարապող Տոնոն ձերբակալված և հանձնված է իշխանության:
— Ղրխ-Բուլաղի շրջանում զինաթափ է արված Դալի Ղազոյի խումբը, գրավված է 215 հրացան և մոտ 4000 փամփուշտ:
— Դիլիջանի շրջանի ավազակային խումբը ցրված է. միլիցիաների հետ կռվի բռնված միջոցին սպանվել է խմբի պարագլուխ Սևքարեցի Եղիշը իր եղբոր և երեք զինվորների հետ: Խլված են բավականաչափ գողացված իրեր՝ ձիեր, գոմեշներ, հագուստ և այլն: Եղիշի օգնականը ձերբակալված է, կարգադրված է նրան փոխադրել Երևանի կենտրոնական բանտը:
— Տեղեկացնում են քաղաքիս կոմենդանտին, որ Թիֆլիսից բավական մեծ քանակությամբ վերջին գնացքով բերված են կեղծ 40 ռուբլիանոց (Կերենսկու): Կոմենդանտի ձեռք առած եռանդուն միջոցներով ամսի 15-ին հաջողվում է ձերբակալել հանցագործներին՝ ալափարսցիներ Հարություն Մելիքյանին և Արտաշ Ավետիքյանին, որոնք անմիջապես բանտարկվեցին. Գործը քննում է հատուկ հանձնարարությունների քննիչը, բռնված է 122 հատ կեղծ թղթադրամ: