«Երկիր», 25 օգոստոսի, 1993թ., թիվ 160 (501)
Գաղտնիք չէ, որ Հայաստանի վառելիքաէներզետիկ համակարգի վիճակը մեծապես պայմանավորված է Թուրքմենստանից Հայաստանի ստացած գազի քանակությամբ։ Եվ հենց հանրապետություն մուտք գործող թուրքմենական վառելիքի ծավալների նվազման օրերին էլ նկատվում է ճգնաժամի առանձնահատուկ սրում։ Առաջիկա ձմեռը ավելի նախապատրաստված դիմավորելու համար Հայաստանն այսօր կարիք է զգում գազի ներհոսքի ծավալների խիստ մեծացման։ Մինչեւ օրս այն մեր հանրապետություն է մուտք գործում հնարավոր նվազագույն քանակությամբ։ Ուստի այդ հարցը Թուրքմենստանի նախագահի հետ քննարկելու եւ համապատասխան համաձայնագրեր ստորագրելու նպատակով օգոստոսի 23-ին մեկօրյա աշխատանքային այցով Աշգաբադ մեկնեց ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նրան ուղեկցում էին վարչապետը եւ կառավարության բազմաթիվ անդամներ։ Իսկ մեկ շաբաթ առաջ Թուրքմենստան էր մեկնել Հայաստանի կառավարության փորձագետների պատվիրակությունը, որը տեղում թուրքմենական կառավարության ներկայացուցիչների հետ մշակել էր նախագահի այցի ընթացքում ստորագրվելիք բազմաթիվ համաձայնագրերի ու միջպետական պայմանագրի տեքստերը։ Հարկ է նշել, որ համաձայնագրերից շատերի որոշ դրույթների շուրջ նախապես հնարավոր չէր եդել համաձայնեցնել պատվիրակությունների մոտեցումները, եւ հարցը լուծվեց միայն երկու նախագահների երեկ կայացած հանդիպման ժամանակ։
Այդ օրը Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սափարմուրադ Նիյազովը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին» միջպետական պայմանագիրը։ Մի շարք միջպետական համաձայնագրեր էլ ստորագրեցին երկու երկրների կառավարությունների ղեկավարները եւ առանձին գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Դրանցից հիշատակման արժանի են «Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ 1994թ. առեւտրատնտեսական համագործակցության մասին», «Բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության մասին», «Մշակույթի, գիտության եւ տեխնիկայի բնագավառներում համագործակցության մասին», «Օդային տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի եւ Թուրքմենստանի տարածքներում նրանց քաղաքացիների փոխադարձ, առանց հրավերների տեղաշարժման մասին», «Գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության բնագավառում համագործակցության մասին», «Թուրքմենստանում ազգային դրամանիշ մտցնելու հետ կապված դրամահաշվարկային հարաբերությունների եւ փոխադարձ պարտավորությունների մասին» եւ, վերջապես, այցի բուն նպատակի՝ «Թուրքմենական գազը Հայաստանի Հանրապետությանը մատակարարելու մասին» համաձայնագրերը:
1994թ. երկու երկների միջև տնտեսական հարաբերությունները կարգավորելուն կոչված համաձայնագրում կողմերը պարտավորվել են ներդրումների և առևտրական տեղեկատվության փոխանակման առավելագույն բարենպաստ պայմաններ ապահովել, միմյանց համար սահմանել մաքսատուրքերի եւ այլ վճարումների, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման եւ արտահանման առավել բարենպաստության ռեժիմ։
Հայաստանի նախագահական պատվիրակության այցի արդյունքում երկու երկրների նախագահները ընդունեցին համատեղ հայտարարագիր, որով նախագահներ Լ.Տեր–Պետրոսյանը եւ Ս. Նիյազովը ընդգծել են երկու երկրների միջեւ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության խորացման իրենց ժողովուրդների ձգտումը եւ բարձր գնահատականի արժանացրել այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը:
Նախագահների ուշադրությունից չի վրիպել նաեւ Արցախյան հիմնահարցը։ Այդ կապակցությամբ նրանք նշել են, որ ուղղակի երկկողմանի շփումների վերջին ժամանակներս նկատվող միտումը եւ ժամանակավոր զինադադարի շուրջ բանակցությունների անցկացումը դրականորեն կանդրադառնա Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության, ԵԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի միջնորդական ջանքերի իրականացմանը։ Իր հերթին Հայաստանի նախագահը համաձայնել է այս տարվա հոկտեմբերին Աշգաբադում նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնելու Ս. Նիյազովի գաղափարին:
Նաիրի Բադալյան