«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ ԳԽ-ն հաստատել է ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում եւ Հայաստանին, վարկեր տրամադրելու միջպետական պայմանագրերը։ Մեզ հայտնի դարձան որոշ մանրամասներ։ Այսպես առաջին պայմանագրով Հայաստանին 1993 թվականի համար տրամադրված 10 մլրդ տեխնիկական վարկը վերաձեւակերպվել է պետական վարկի եւ ՀՀ արտաքին պարտքի։ Այն համարժեք է 14,9 մլն դոլարի։ Վարկը տրամադրվում է մինչեւ 1999 թվականի դեկտեմբերի 1-ը եւ պետք է մարվի 1996-99 թվականներին։ Այս փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել են էկոնոմիկայի նախարար Լ. Բարխուդարյանը եւ Ազգային բանկի կառավարիչ Ի. Իսահակյանը:
Հաջորդ պայմանագիրը վերաբերում է 1992 թվականի եւ 1993 թվականի հունվար-ապրիլ ամիսների տեխնիկական վարկին, որ կազմում է 2 մլրդ ռուբլի կամ 30,8 մլն դոլար (մեկ դոլարը հաշվարկված է 790 ռուբլով)։ Վարկի մարումը կրկին պետք է կատարվի մինչեւ 1999 թվականի դեկտեմբերի 1-ը։ Այն հայկական կողմից ստորագրել է վարչապետ Հ.Բագրատյանը։ Երրորդ պայմանագրով վարկ է տրամադրվում 1993 թվականի համար։ Այն կկազմի 20 մլրդ ռուբլի, կամ 20 մլն դոլար եւ պետք է մարվի մինչեւ 2000 թվականը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Վ. Չիթեչյանը։ Բոլոր դեպքերում մարման 2,5% է սահմանվել։ Մարումը պետք է իրականացվի ռուբլով, տարադրամով, սեփականությամբ, արտադրությունների ակցիաներով եւ աշխարհում ընդունված այլ եղանակներով։
Հետաքրքիր է, որ վերջին դեպքում պայմանավորված է նաեւ այն ապրանքացանկը, որ տրամադրված վարկով պետք է Հայաստանը գնի Ռուսաստանից։ Այդ ապրանքի գների ընդհանուր գումարը կազմում է հենց 20 մլրդ ռուբլի, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի տված վարկը պետք է մնա նույն Ռուսաստանում։
Միաժամանակ «Հայլուր»–ին հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ օգոստոսի 20-ին Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը նախնական համաձայնություն են տվել նոր տիպի ռուբլու գոտու համաձայնագրին։ Փորձագետները համաձայնեցրել են տեքստը եւ պետությունների ղեկավարների կողմից այն ստորագրելու կարգը։ Համաձայն այդ փաստաթղթի, այն ստորագրած պետությունները չպետք է մտցնեն նոր մաքսային սակագներ ու կանոններ, այն հաշվարկով, որ հունվարի 1-ից համաձայնագիրը ստորագրած պետությունների միջեւ դրանք ընդհանրապես վերացվեն։ Կողմերը պետք է համաձայնեցնեն բյուջետային քաղաքականությունը, սահմանեն դեֆիցիտի սահմանային չափը։ Պետությունները պետք է նպատակաուղղեն իրենց գործունեությունը՝ անցնելու միացյալ դրամական միավորի կիրառմանը փաստաթուղթը ստորագրած երկրների տարածքում։ Այդ ընթացքում մինչեւ 1993 թվականի դեկտեմբերի 1-ը պետք է համաձայնեցվեն.
– դրամական զանգվածի ծավալները
– առևտրային բանկերի կարգավորման ցուցանիշները
– տոկոսային դրույքաչափերն ըստ վարկերի
– գների եւ բնակչության եկամուտների չափերը։
Եթե համաձայնագիրը ստորագրած պետություններից մեկում տարադրամի պահանջարկը գերազանցի առաջարկը, նա պետք է տարադրամ ձեռք բերի առեւտրային բանկերում։
Այն պետությունները, որոնք որպես օրինական վճարման միջոց օգտագործելու են ռուսական ռուբլին, պետք է պահպանեն մի շարք կանոններ եւ նորմատիվներ։ Ռուսաստանի կենտրոնական բանկը նոր նմուշի թղթադրամ է տրամադրում այն պետություններին, որոնք ընդունում են հետեւյալ պայմանները.
– վարկային էմիսիան մինչեւ 1993 թվի ավարտը իրականացվում է ՌԴ կենտրոնական բանկի սահմանած չափով՝
– ազգային բանկը 1993 թվականի նոյեմբերի 1-ից առեւտրային բանկերին տրվող վարկերի համար սահմանում է ՌԴ-ում գործող դրույքաչափը, որը կիրառվում է նաեւ նման վարկերի երկարաձգման ժամանակ,
– ռուբլին օգտագործող պետությունները իրենց տարադրամային ռեզերվը եւ այն տնօրինելու իրավունքը փոխանցում են ՌԴ կենտրոնական բանկին,
– կողմերը ՌԴ կենտրոնական բանկին են վերապահում ռուբլու նկատմամբ երրորդ երկրների տարադրամի կուրսի սահմանումը, տարադրամային գործառույթները։
Հետաքրքիր են այն պայմանները, որոնք ըստ համաձայնագրի կարող են խոչընդոտել որեւէ պետության անդամակցությանն այս պայմանագրին։ Դրանք են. պետության մասնակցությունը ռազմական հակամարտությանը, առաջարկված պայմաններից թեկուզ մեկի մերժումը, տնտեսության զարգացման մակարդակի էական տարբերությանը, պետությունների անդամակցումը որեւէ այլ միության, որը կարող է խոչընդոտել առկա համաձայնագրի իրականացումը։
«Հայլուր»