«Ազգ», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 172(423), չորեքշաբթի
Հայաստանի և Թուրքիայի նախագահների, ինչպես նաև Իրանի ու Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցներից հետո, որոնց ընթացքում հիմնականում քննարկվեցին շրջանում ստեղծված պայթյունավտանգ իրադրության հետ կապված հարցերը, շարունակվեց դիվանագիտական աշխատանքը նաև Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գիլմորի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը խնդրել է օգտագործել ԱՄՆ հեղինակությունը, նաև ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ավելի կառուցողական դիրքորոշում ցուցաբերի շրջանում տիրող իրավիճակին: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով, ԱՄՆ-ը պետք է որ օգտագործի այդ լծակները:
Այդ առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Վահան Փափազյանը մի ուղերձ է ստացել ԱՄՆ պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերից, որում մտահոգություն է հայտնվել շրջանում լարվածության սաստկացման կապակցությամբ: Նախարարն իր հերթին ուղարկել է պատասխան նամակ:
Արամ Սաֆարյանի ասելով, արտգործնախարարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի արտգործնախարարության և նախագահ Ելցինի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովի հետ: ԱԳՆ բանբերը նշեց, որ մեծ սպասելիքներ կան հատկապես Մոսկվայում կայանալիք երկկողմ՝ ԼՂՀ-Ադրբեջան և ԵԱՀԽ շրջանակներում ոչ պաշտոնական բանակցություններից:
Բացի այդ, երեկ Երևան պետք է ժամաներ Իրանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ պրն. Ղասեմին, որի հետ կքննարկվեն Վելայեթի-Փափազյան հեռախոսազրույցում բարձրացված մի շարք հարցեր, այդ թվում նաև շրջանում ստեղծված իրավիճակն ու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը:
ՄԱԿ-ը նույնպես մտահոգված է մեր շրջանի կացությամբ, և այդ առիթով Երևան է կանչվել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա հետ նախատեսվում է խորհրդակցություններ անցկացնել: Հոկտեմբերին ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանը կմեկնի Նյու Յորք, հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալու նպատակով: Նախարարի ելույթը կվերաբերի շրջանի իրադարձությունների նկատմամբ Հայաստանի տեսակետներին և առաջարկություններին: