November 27, 2024

Թուրքիայի տարածքից կրակ Հայաստանի վրա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 171(422), երեքշաբթի

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից չհրահրված կրակ է բացվել Հայաստանի տարածքում գտնվող Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ: ԻՖ-ի տված այդ հաղորդումը մեր թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց Հայաստանում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բաբենկոն:

Նա նաև նշեց, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերի ղեկավարությունը մտահոգված է հայ-թուրքական սահմանում թուրքական բանակի զրահատեխնիկայով և հրետանիով լրացուցիչ ստորաբաժանումների ներկայությամբ, որոնք իրականացնում են տեղանքի ինժեներական վերակառուցումը: Այդ առթիվ Թուրքիայի սահմանապահ կոմիսարներին է ուղարկվել համապատասխան հայտարարություն: Հայտնի է, որ ռուս-թուրքական սահմանը ռուսական սահմանապահ զորքերը պահպանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրի համաձայն: Իսկ սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրենց ղեկավարությունը հետևում է սահմանում տիրող իրավիճակին և միջոցներ է ձեռնարկում  թույլ չտալու կոնֆլիկտային իրավիճակներ՝ համաձայն 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի: Գեներալ-մայոր Ա. Բաբենկոն տեղեկացրեց, որ օրվա երկրորդ կեսին սահմանագոտում իրավիճակը համեմատաբար կայուն էր: Սահմանային իրավիճակի և ռուսական սահմանապահների ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկացվել են նաև Հայաստանի ղեկավարությունը և Ռուսաստանի արտգործնախարարությունը: Հրավիրվել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ: Նիստում նշվել է, որ անհրաժեշտ է շրջանում ստեղծված իրավիճակը լիցքաթափելուն ուղղված քաղաքական քայլեր ձեռնարկել: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ այդ առթիվ հանձնարարականներ են տրվել համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին: Նշվել է նաև, որ շրջանում իրադրության կայունացումը պայմանավորված է շահագրգիռ երկրների կողմից զսպվածություն և շրջահայացություն դրսևորելուց:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives