«Հայաստանի Հանրապետություն», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(781), երեքշաբթի
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր խորին մտահոգությունն է հայտնում հարևան երկրների սպառնալի հայտարարությունների և տարածաշրջանում զինվորական տեղաշարժերի մասին հաղորդվող լուրերի կապակցությամբ, որոնք անվստահության և տագնապի մթնոլորտ են ստեղծում:
Ստեղծված իրադրությանը կամ ներքին հանրային կարծիքին հակազդելու պատրվակով կատարվող այս գործողություններն իրականացվում են այն պահին, երբ նշանակալի առաջխաղացում է նկատվում ինչպես ռազմական գործողությունների մեղմացման իմաստով, այնպես էլ դիվանագիտական ասպարեզում:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք է բերվել զինադադարի երկարաձգման համաձայնություն: Հայաստանի Հանրապետության նախագահի կոչով Լեռնային Ղարաբաղն իր զինված ուժերը միակողմանիորեն դուրս է բերել Կուբաթլիի շրջանից: Համաձայնություն է ձեռք բերվել նաև հակամարտության երկու կողմերի միջև ուղիղ երկխոսությունը բարձրագույն մակարդակով շարունակելու մասին:
Ի լրումն այս ամենի, ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահության հրավերով և բոլոր ընդգրկված կողմերի համաձայնությամբ սեպտեմբերի 9-ին Մոսկվայում պետք է վերագումարվեն Մինսկի խմբի անպաշտոն խորհրդակցությունները:
Դեպքերի այս զարգացումը հավատ է ներշնչում, որ հակամարտության կողմերն ի վերջո հանգել են այն եզրակացության, որ հարցի ռազմական լուծումն անցանկալի է ու անհնար, և հակամարտությունը մոտենում է ավարտին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ակնկալում է, որ այս պայմաններում խնդրին առնչվող բոլոր երկրների ու կազմակերպությունների կողմից զսպվածություն ու աչալրջություն կցուցաբերվի: Առանձնապես կարևոր է, որ հարևան ու շահագրգիռ մյուս երկրները զսպեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առավել լայն նպատակների համար օգտագործելու իրենց գայթակղությունը՝ չվատթարացնելով իրադրությունը և հակամարտության լուծումն ավելի չբարդացնելով:
Հակամարտության մեջ չեզոքությունը, տարածաշրջանի անվտանգության նկատմամբ մտահոգությունն ու զգոնությունը բոլոր միջնորդական ջանքերի անհրաժեշտ պայմաններն են:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանն ու առանձին երկրներին կոչ է անում առավել ակտիվորեն օժանդակել ներկա խաղաղարար ջանքերին և, հետևելով Հայաստանին, իրենց ազդեցությունն օգտագործել հակամարտող կողմերի վրա, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները, և իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 և 853 բանաձևերը:
Մենք հուսով ենք նաև, որ միջազգային հանրությունը ժամանակին գործ կդնի իր լծակները՝ կանխելու համար հակամարտության միջազգայնացումը:
6 սեպտեմբերի, 1993թ.