«Հայաստանի Հանրապետություն», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(779), ուրբաթ
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանական Հանրապետության Միլլի մեջլիսը ընդունեց Սահմանադրության լրացում, որը վերաբերում է մասնավորապես նախագահի պաշտոնի թեկնածուների տարիքային ցենզին (ինչպես հայտնի է, մինչև այժմ այն կարող էր գրավել հանրապետության 65 տարեկանից ոչ մեծ քաղաքացի): Պարզից էլ պարզ է, որ լրացումը օրինականացվել է պետության ղեկավարի «գահին» 70-ամյա Հեյդար Ալիևի բարձրանալու «հարմարության» համար, որը փութով, չսպասելով անգամ նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելու եռամսյա ժամկետի սպառմանը (այն լրանում է սեպտեմբերի 17-ին), ինչը նախատեսված է օրենքով, այդ նպատակով հանրաքվե անցկացրեց Էլչիբեյին վստահելու հարցի շուրջը: Կայացած հանրաքվեի հետևանքով, ինչպես որ սպասվում էր, քաղաքականության աքսակալը գահընկեց արեց իր նախիջևանցի համերկրացուն: Ինչպես ասվում է, մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ: Բայց «մավրը» չի ուզում դա անել, իր մամուլի քարտուղար Արիֆ Ալիևի շուրթերով հայտարարելով, թե հանրաքվեի արդյունքները կեղծված են, իսկ Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանի նախկին նախագահ Իսա Ղամբարը նույնիսկ այն կարծիքին է, թե քվեարկության մասնակցել է ընտրողների 20 տոկոսից ոչ ավելին:
Իր առջև մաքրելով ճանապարհը, Հ. Ալիևը, անտարակույս, մոտ ժամանակներս կդառնա նախագահ: Եթե դեն նետենք բարոյական հանգամանքը, ապա նա արժանի է դրան. չէ՞ որ Բաքու վերադառնալու առաջին իսկ օրվանից նա դրա համար արեց ամեն ինչ, նույնիսկ ավելին: Նրա գերակտիվությանը և քաղաքական խաղերի մեջ լայնորեն մխրճվելուն կարող են նախանձել քաղաքական շատ ղեկավարներ, բնավ էլ չվայելելով աջակցությունը Մոսկվայի (որը հույս էր կապում Մութալիբովի հետ), և Անկարայի (որը «խաղում էր» Էլչիբեյի վրա), չխոսելով արդեն ԱՄՆ-ի մասին, Հ. Ալիևը անխոնջ սիրախաղ է անում ինչպես Թուրքիայի, այնպես էլ (առանձնապես) Ռուսաստանի հետ, ցանկանալով շահել նրանց բարեհաճությունը: Ադրբեջանական Հանրապետության նախագահի պաշտոնակատարը չի մոռանում երկխոսության մեջ մտնել նաև Իրանի հետ, փորձելով բարելավել հարաբերությունները վերջինիս հետ: Այդ մասին է վկայում նաև Իրանի արտգործնախարար Վելայեթիի վերջին դեմարշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի դեմ, պահանջելով «վճռական միջոցներ ձեռնարկելով» դադարեցնելու «հայկական նախահարձակությունը» Ադրբեջանում, իր այդ քայլն օգտագործելով որպես Անկարայի «սառնությունը» «հալեցնելու» և սեփական անձի հանդեպ ԱՄՆ-ի ղեկավարության դիրքորոշումը մեղմացնելու միջոց:
Ադրբեջանական Հանրապետության համարյա նախագահի մոտեցումների բազմազանության մասին են վկայում նաև նրա հեռախոսային կապերը Հայաստանի Հանրապետության ղեկավար Լ. Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի առնչությամբ, ԼՂՀ-ի ղեկավարների հետ երկկողմ բանակցությունների անհրաժեշտության մասին Հ. Ալիևի հաճախակի հայտարարությունները, որոնցից վերջինն արվեց արդեն հանրաքվեից հետո:
Կարող է տարօրինակ թվալ, որ Թուրքիան ընդունեց հանրաքվեի պաշտոնական արդյունքները, նույնիսկ հույս հայտնելով, թե դա ներդրում կլինի երկրում կայունությունն ապահովելու գործում: Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ս. Դեմիրելը հայտարարեց, թե «չի խրվի» հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Եթե Թուրքիան գնա դրան, ապա Հայաստանի կողմում հանդես կգան Ռուսաստանը և ԱՊՀ-ի մյուս անդամ երկրները»:
Դեմիրելի բացախոսությունը գովելի է, սակայն դրանում նկատվում է Անատոլիայի քաղաքագետների համար ավանդական խորամանկությունը, որի դեպքում հնարավոր է երկու տարբերակ. առաջին, Թուրքիային ձեռնտու է Ադրբեջանի այսօրվա ռազմական պարտությունները, քանի որ այդ դեպքում կարող է տապալվել Ալիև-Հուսեյնովի վարչակարգը և չի բացառված թուրքամետ ղեկավարի իշխանության գլուխ անցնելու հնարավորությունը: Երկրորդ, ի լուր ամենի հայտարարելով հակամարտության նկատմամբ իր չեզոքության մասին և այդ կերպ որոշակիորեն ռազմական օգնություն տրամադրելով Ադրբեջանին: Ժամանակը ցույց կտա, թե դրանցից որ մեկը կիրականանա:
Իսկ առայժմ իրադարձությունները փոխվում են օրեցօր, ինչպես գեղադիտակում, և դրանց հետևից պետք է հասնել, ու նախ և առաջ դա պետք է անեն հայ քաղաքագետները:
Լեոնիդ Ներսիսյան