«Հայաստանի Հանրապետություն», 12 օգոստոսի, 1993թ., թիվ 159(763), հինգշաբթի
Վերջին օրերին ադրբեջանական լրատվական ծառայությունները, ինչպես նաև՝ պաշտոնական ներկայացուցիչները հաղորդումներ են տարածում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից Ֆիզուլին գրավելու մասին:
Հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ցանկացած գործողություն տապալելու գործելակերպին, Ադրբեջանի ղեկավարությունն այս անգամ նույնպես հետապնդում է Հռոմի բանակցությունների շուրջն իրադրությունը սրելու նպատակ:
Այդ կերպ ապատեղեկացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին Ֆիզուլի քաղաքը գրավելու մասին, Ադրբեջանը էապես ազդեց ՄԱԿ-ի 853 բանաձևի բնույթի վրա:
Մինչդեռ Ֆիզուլի քաղաքին առնչվող բոլոր հաղորդումները, ինչպես պարզվում է հետագայում, նպատակամիտված ապատեղեկատվություն են: Ավելին, օգոստոսի 9-ին Ադրբեջանի լրատվական ծառայությունները հաղորդեցին ադրբեջանական բանակի ուժեղ հարձակողական գործողությունների և նրա կողմից Ֆիզուլու մոտակայքում մի քանի բնակավայրերի և ռազմավարական նշանակության բարձունքների գրավման մասին:
Նմանօրինակ իրավիճակ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ ստեղծվում է: Ամեն անգամ, համակված իշխանության համար պայքարի մոլուցքով, Ադրբեջանի քաղաքական ուժերը, կորցնելով կողմնորոշիչներն ու չափի զգացումը, իրենց նպատակներին հասնելու համար մոլորության մեջ են գցում համաշխարհային հանրությանը և առաջին հերթին ադրբեջանական ժողովրդին, նոր արգելքներ են ստեղծում երկկողմ բանակցությունների գործընթացն սկսելու ճանապարհին:
Ֆիզուլի քաղաքի շուրջ ներկայիս իրարանցումը, անկասկած, կապված է Ադրբեջանական Հանրապետության նախագահին վստահության հանրաքվեի հետ:
Արտահայտելով մեր ժողովրդի կամքը, մենք բազմիցս հայտարարել ենք և վերստին հաստատում ենք մեր պատրաստակամությունը կրակը անհապաղ դադարեցնելու համար Մինսկի գործընթացի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության հետ ուղղակի բանակցություններին, որոնց ընթացքում պատրաստ ենք քննարկել բոլոր, այդ թվում և մարտական գործողությունների ընթացքում գրավված տարածքների հարցերը:
11 օգոստոսի, 1993թ.
Ստեփանակերտ