«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի
Վերջին օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում կայունացել է: Երեկ և նախորդ գիշեր ԼՂՀ ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական լուրջ միջադեպեր չեն արձանագրվել: Վկայակոչելով ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից ստացված տեղեկությունները՝ Սնարք գործակալությունը հաղորդում է, թե Ադրբեջանի և Ղարաբաղի ռազմական ղեկավարությունը միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը չխախտվի առանձին դաշտային հրամանատարների կողմից, ինչը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին: Միաժամանակ, ԼՂՀ լրատվության և մամուլի պետվարչությունը հերքել է ադրբեջանական աղբյուրների տարածած այն տեղեկությունները, թե իբր ներկայումս մարտեր են ընթանում Ֆիզուլի քաղաքի համար: Ղարաբաղի անկախ դիտորդներն այն կարծիքին են, թե ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած նման տեղեկությունները նպատակ ունեն խափանել ուրվագծվող երկկողմանի շփումները՝ ընդ որում, մեղքը բարդելով ղարաբաղյան կողմի վրա:
Երեկ և նախորդ գիշեր Հայաստանի սահմանամերձ շրջաններում նույնպես ռազմական լուրջ միջադեպեր չեն արձանագրվել:
«Ազգ»