Նա հրաժարվում է մեկնաբանություններ տալ
«Երկիր», 17 հունիսի, 1992թ.
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ ՀՀ հեռուստառադիովարչության պետ Սամվել Գևորգյանի հրամանով աշխատանքից ազատվել է հայկական հեռուստատեսության լրատվական ծառայության գլխավոր տնօրեն Ռոբերտ Մավիսակալյանը: Ցանկանալով իմանալ «եթերի հրամանատարի» այս նոր հրամանի դրդապատճառները` զանգահարեցինք պարոն Մավիսակալյանին: Ահա թե ինչ ասաց նա.
– Այո, ճիշտ է, ինձ ազատել են: Այս կապակցությամբ ոչ մամուլին, ոչ հեռուստատեսությանը որևէ մեկնաբանություն տալ չեմ ուզում. անիմաստ է նորից ասել այն, ինչ վաղուց արդեն գիտեն բոլորը: Թող տարօրինակ չթվա, բայց ես գոհ եմ, ես հիմա ազատ մարդ եմ` դուրս ամեն կարգի խաղերից:
Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Ռոբերտ Մավիսակալյանին աշխատանքից հեռացնելու եթե ոչ պատճառը, ապա առիթը` ՀՅ Դաշնակցության` հունիսի 13-ին հրավիրած հանրահավաքի մասին տեղեկատվության «Լրաբերով» հեռարձակելու «համարձակությունն» է։ Սամվել Գևորգյանը կարգադրել է ծրագրից հանել տեղեկատվությունը, իսկ Մավիսակալյանը «համարձակվել» է առարկել…
Եւ այսպես, խաղից դուրս դրվեց հեռուստատեսության ամենապրոֆեսիոնալ աշխատակիցներից եւս մեկը։ Իսկ ժամանակ առաջ Սամվել Գեւորգյանը բողոքում էր մասնագետ կադրերի պակասից՝ այդ համարելով գորշ հեռուստաէկրանի հիմնական պատճառը։ Ուրախացեք, հայրենակիցներ, հայկական գորշ հեռուստատեսության գրոհը շարունակվում է։
Արդյոք սա տարփողվող ժողովրդավարության ոտնահարման, հեռուստատեսությունը որպես մենաշնորհ անպայման պահելու, կուսակցականներին եթերից զրկելու հանձնարարված քաղաքականության տրամաբանական շարունակությունը չէ՞։ Շարունակությունն է։ Ավարտից առաջ։
Ա.Ղազարյան