«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.
ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Մինսկ է մեկնել Հայաստանի պատվիրակությունը, որը կմասնակցի ԱՊՀ երկրների միջև ռազմական հարցերի կարգավորման նպատակով այսօր Մինսկում կայանալիք բարձր մակարդակի հանդիպմանը: Պատվիրակության կազմում չկան ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ օրերս Մինսկում սկսված ԱՊՀ-ի անդամ երկրների ռազմական փորձագետների հանդիպումների ընթացքում կազմվել են մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք ստացել և ուսումնասիրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այդ փաստաթղթերի նախագծերը հիմնականում վերաբերում են ԱՊՀ-ի զինված ուժերին հետագա ճակատագրին: Ընտրության երկու հնարավորություն կա` ԱՊՀ երկրների զինված ուժերը կամ պետք է միացյալ լինեն, կամ առանձին-առանձին: Սակայն ինչպես նշեց փոխնախարարը, անկախ այդ բանակցությունների արդյունքներից, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իրագործել սեփական զինված ուժերի աստիճանական ստեղծման իր մտադրությունը: