November 27, 2024

Հայաստան Իրան հարաբերություններ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)

Երեկ կեսօրից հետո, ժամը 4-ին, ՀՀ արտաքին գործոց նախարար Ր. Հովհաննիսյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռաֆսանջանին։ Ր. Հովհաննիսյանը պրն Ռաֆսանջանիին է հանձնել Լ. Տեր-Պետրոսյանի ուղերձը։ Հանդիպումն անցել է ջերմ եւ սիրալիր մթնոլորտում։ Ր. Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի նավթարդյունաբերության նախարար Աղազադեի հետ։

Իրանի եւ Հայաստանի արտաքին գործոց նախարարների նախապես կայացած բանակցությունների ավարտին ստորագրվել են դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեղ մի հայտարարություն եւ մի համաձայնագիր՝ երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական հարաբերությունների հաստատման ու համագործակցության վերաբերյալ։

Միացյալ հայտարարության մեջ կողմերը հաստատել են բարի դրացիական հարաբերությունների, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։

Կնքված համաձայնագրով նախատեսվում է ստեղծել սահմանային կապեր, կառուցել քարյուղազտարան, հայ մասնագետների վերապատրաստում Իրանում եւ այլ միջոցառումներ։

Հայաստանի արտաքին գործոց նախարար Ր. Հովհաննիսյանն, արդյունավետ նկատելով Թեհրան կատարած իր այցելությունը, շնորհակալության է հայտնել Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար եւ հիշյալ փաստաթղթերի ստորագրումից հետո մի հուշանվեր է հանձնել Իրանի արտաքին գործոց նախարար դոկտոր Վիլայեթիին։ Ր. Հովհաննիսյանն իր խոսքում նշել է. «Եթե աշխարհի բոլոր պետություններն իրենց փոքրամասնությունների հետ վերաբերվեին այնպես, ինչպես Իրանն է վերաբերվում իր փոքրամասնությունների՝ օրինակ հայերի հետ, ապա Ղարաբաղի հարցը նույնպես չէր ծագի»։ Նա հույս է հայտնել, որ Իրանի օժանդակությամբ եւ միջնորդությամբ կարելի կլինի խաղաղություն ու կայունության վերահաստատել տարածքաշրջանում։

Ր. Հովհաննիսյանը պրն Վիլայաթիին հրավիրել է այցելել Հայաստան։ Իր խոսքի ավարտին նա հույս է հայտնել շուտով տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշակը Երեւանում՝ այդ երկրի դեսպանատան վրա։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives