«Հայաստանի Հանրապետություն», 12 հունիսի, 1993թ.
Հունիսի 11-ի առավոտից Ստեփանակերտում նիստ է գումարել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը:
Նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Անդրեյ Կոզիրևի և Ազգային անվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովի հետ Երևանում ԼՂՀ ղեկավարության վարած բանակցությունների մասին հաղորդմամբ հանդես է եկել ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որից հետո նախագահությունը սկսել է քննարկել ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը ԼՂՀ պատասխանի նախագիծը: ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտի տեղեկությունների համաձայն, տեղի ունեցած բուռն բանավեճից հետո կեսօրին դեռևս ընդհանուր համաձայնություն չէր կայացվել: Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամների մասնակցությամբ: Ժամը 20-ին Ստեփանակերտից Արմենպրեսի ստացած տեղեկության համաձայն բուռն բանավեճերի ընթացքում նիստի մասնակիցները ընդհանուր եզրակացության չեն հանգել: Նիստը շարունակվել է ուշ երեկոյան: