«Հայաստանի Հանրապետություն», 9 հունիսի, 1993թ.
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ
Երեկ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ստացել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի նամակը, որին կցված էր հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԽ նոր նախաձեռնության տեքստը:
Հարգելի պարոն,
Ելնելով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահի իմ պաշտոնից, Մինսկի խմբին պատկանող երկրների՝ Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բելառուսի, Ֆրանսիական Հանրապետության, Իտալական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Շվեդիայի, Չեխական Հանրապետության և Թուրքիայի կողմից ինձ խնդրվեց ձեզ ներկայացնել կցված առաջարկությունը:
Դրա նպատակն է իրականացնել Անվտանգության խորհրդի 822 բանաձևը իր բոլոր մասերով և, մասնավորապես, հասնել բոլոր թշնամական գործողությունների դադարեցման՝ կայուն զինադադար հաստատելու նպատակով, ինչպես նաև Քելբաջարի շրջանից և Ադրբեջանից վերջերս գրավված այլ տարածքներից օկուպացված ուժերի դուրսբերման համար և հակամարտության լուծման նպատակով ԵԱՀԽ Մինսկի գործընթացի շրջանակներում բանակցությունների վերսկսման համար:
Առաջարկությունը բաղկացած է այս ուղեկցող նամակից և դրան կից գրությունից («Անվտանգության խորհրդի 822 բանաձևի իրագործման հրատապ քայլերի գրաֆիկ»), որոնք երկուսն էլ ունեն միևնույն արժեքը:
Կցանկանայի նաև ընդգծել, որ առաջարկության մեջ հիշատակված Ստուգող առաքելության պատրաստությունները գործնականում ամբողջացած են, և որ ԵԱՀԽ գործող նախագահը պատրաստ է ուղարկելու այն, հենց որ ընդունվի այս առաջարկությունը:
Կցված գրաֆիկի, ինչպես նաև խաղաղության գործընթացի ընթացքում ձեռք բերված այլ պայմանավորվածությունների օրեօր իրականացումից բխող ռազմական տեխնիկական խնդիրների և այլ տեխնիկական հարցերի լուծմանն օժանդակելու նպատակով Մինսկի խումբը կստեղծի միացյալ կոորդինացնող հանձնաժողով: Հանձնաժողովը կհանդիպի ԵԱՀԽ առաքելության շտաբում առաքելության ղեկավարի նախագահության ներքո:
Ըստ 822 բանաձևի, կողմերը նաև պետք է դադարեցնեն բոլոր թշնամական գործողություններն ու «թշնամական ակտերը»: Սա պետք է ընդգրկի նորմալ հաղորդակցության բոլոր արգելքների վերացումը: Այս գործողությունը պետք է հայտարարվի ու սկսվի Հռոմում Մինսկի խմբի հանդիպման բացմանը նախորդող շաբաթվա ընթացքում:
Ռազմական գործողությունների դադարեցումը նախատեսված է 60 օրով, սկսած հունիսի 18-ից, այն ակնկալությամբ, որ այս ժամանակահատվածը բավարար կլինի կատարելու համար անհրաժեշտ քայլերը: Մինսկի խմբի շրջանակներում կա այն պայմանավորվածությունը, որ Մինսկի խորհրդաժողովի բացումից հետո ռազմական գործողությունների դադարեցումը կփոխարինվի ռազմական գործողությունների պերմանենտ դադարի: Եթե Մինսկի խորհրդաժողովը չբացվի մինչև նախնական 60-օրյա ժամկետի լրանալը, ռազմական գործողությունների դադարեցումն ավտոմատ կերպով պետք է նորոգվի ևս 60-օրյա ժամկետով:
Ռազմական գործողությունների դադարեցման խախտումներն անմիջապես ԵԱՀԽ համապատասխան առաքելության կողմից պետք է զեկուցվեն ողջ ԵԱՀԽ-ին փաստացի վերլուծության հետ՝ հնարավոր դարձնելու համար ԵԱՀԽ կողմից պատշաճ միջոցառումների ձեռնարկումը:
Ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության հետ միասին կողմերը նաև պետք է հրապարակայնորեն հաստատեն, որ խախտումների դեպքում պետք է պատժեն յուրաքանչյուրն իր կողմի մեղավորներին:
Հետևելով 822 բանաձևին, կողմերը պետք է ապահովեն «միջազգային մարդասիրական օգնության ջանքերի անարգել մուտքը տարածաշրջան, մասնավորապես կոնֆլիկտից տուժած բոլոր գոտիները, և վերահաստատեն, որ բոլոր կողմերը պարտավորվում են ենթարկվել միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին ու կանոններին»:
Ըստ 822 բանաձևի, կողմերը պարտավորվում են «զերծ մնալ որևէ գործողությունից, որ կարող է խոչընդոտել պրոբլեմի խաղաղ լուծմանը», և հետևաբար, զերծ մնալ որևէ գործողությունից, որ կարող է խոչընդոտել Մինսկի խաղաղ գործընթացի շարունակմանը:
Ձեզ խնդրվում է նշել այս առաջարկության (ներառյալ կցված գրաֆիկի) Ձեր ընդունումը՝ ստորագրելով այս նամակն ու գրաֆիկը և դրանք վերադարձնելով ինձ մինչև 1993թ. հունիսի 11-ը:
Ձեր՝ Մարիո Ռաֆայելի
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ
* * *
Անվտանգության խորհրդի 822 բանաձևի իրականացման հրատապ քայլերի գրաֆիկը
Հունիսի 11
Կողմերն առանձին-առանձին ստորագրում են այս գրաֆիկը և նախագահի նամակը՝ նշելով իրենց համաձայնությունը դրանց և վերադարձնում են այն նախագահին:
Հունիսի 12
Մինսկի խմբի նախագահի կողմից բոլոր կողմերին հավաստիացումը, որ բոլոր կողմերը համաձայն են առաջարկությանը:
Հունիսի 13
«Հունիսի 15-ից սկսած Քելբաջարի շրջանից ամբողջական ետքաշման մտադրության» հրապարակային հայտարարում:
Հունիսի 14
Հրապարակային հայտարարություն այն մասին, որ «զսպվածություն կցուցաբերվի Քելբաջարի շրջանի անվտանգության անձնակազմի վերամտցնելու հարցում»: «Զսպվածություն» տերմինը պետք է հասկանալ որպես «թեթև զինված սահմանափակ քանակությամբ անվտանգության անձնակազմ»:
Հունիսի 15
Քելբաջարի շրջանից ետքաշումն սկսվում է տեղական ժամանակով 00:01-ին: Ապաէսկալացիոն միջոցառումներ են սկսվում (հրաժարում ռազմական գործողություններից, ծանր զինատեսակների, այդ թվում և ռազմական օդային տեխնիկայի գործածությունից) տեղական ժամանակով 00:01-ից հակամարտության բոլոր գոտիներում, այդ մասին հրապարակային հայտարարությունից հետո:
Հունիսի 18
60-օրյա ռազմական գործողությունների դադարեցում է սկսվում 00:01-ից հակամարտության բոլոր գոտիներում, այդ մասին հրապարակային հայտարարությունից հետո: «Ռազմական գործողությունների դադարեցում» տերմինը նշանակում է, որ բացառվում են.
— որևէ տեսակի զենքի ռազմական նպատակով օգտագործումը, ներառյալ գնդակոծումներն ու օդային ռմբակոծությունները (կրակի լիակատար դադարեցում),
— որևէ հարձակողական գործողություն կամ գրոհ,
— որևէ զինավարժություն,
— ռազմական ստորաբաժանումների կամ ռազմական տեխնիկայի, ինչպես նաև տրանսպորտի միջոցների որևէ տեղափոխություն՝ առկա ստորաբաժանումներին ռազմական գույքով մատակարարելու կամ համալրում հասցնելու նպատակով (բացի ետքաշման համար տեղաշարժերից կամ անվտանգության թեթև զինված անձնակազմի վերադարձից Քելբաջարի շրջան՝ երկուսի մասին էլ նախապես ծանուցելով ԵԱՀԽ համապատասխան առաքելությանը),
— որևէ պարեկություն՝ լինի դա ճանաչողական թե ռազմական նպատակով,
— ականապատում կամ սաբոտաժ (դիվերսիա),
— առևանգում կամ պատանդ վերցնել, քաղաքացիական անձանց որևէ կողոպուտ կամ սպանություն:
Հունիսի 18 (ամենաուշը)
ԵԱՀԽ ստուգող առաքելությունը, Գործող նախագահողի ներկայացուցչի ղեկավարությամբ և նվազագույնը 15-20 փորձագետի ու, հավանական է նաև՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների ընկերակցությամբ ժամանում է տարածաշրջան:
Հունիսի 20
Քելբաջարի շրջանից ետքաշումն ամբողջացվում է տեղական ժամանակով մինչև 23:59
Հունիսի 21
ԵԱՀԽ ստուգող առաքելությունը սկսում է ստուգել, որ Քելբաջարի շրջանից օկուպացված բոլոր ուժերի ետքաշումն ամբողջացվել է: Սա պետք է կատարվի անհապաղ, նրանց անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո՝ ներառյալ ականների բացակայության մասին հավաստիացումները: Ստուգումը պետք է ավարտվի մինչև հունիսի 29-ը:
Այնուհետև ստուգող առաքելությունը պետք է սկսի կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների խստիվ պահպանման դիտումը, մասնավորապես հակամարտության բոլոր գոտիներում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Այս նպատակով առաքելությունը պետք է ապահովի տարածաշրջանում ԵԱՀԽ շարունակական ներկայությունը, այցելություններ այն գոտիներ, ուր կարող է պահանջվել դիտորդական գործունեություն՝ ներառյալ ըստ անհրաժեշտության հավելյալ այցելություն Քելբաջարի շրջան՝ ստուգելու համար անվտանգության անձնակազմի վերամտցման ընթացքում զսպվածությունը, և մնալով տարածաշրջանում մինչև ԵԱՀԽ դիտորդների առաքելության տեղակայումը:
Հունիսի 23
Անպաշտոն open-ended (կարող է նշանակել կամ ավարտի չվերջնագրված ժամկետով) խորհրդակցությունները Մինսկի խմբի մասնակից պետությունների ներկայացուցիչների միջև վերսկսվում են Ժնևում՝ ամբողջացնելու համար վերջնական զինադադարի, դիտորդների տեղակայման, նորմալ հաղորդակցության միջոցների ու տրանսպորտացիայի համար համար արգելքների վերացման և Մինսկի խորհրդաժողովի բացման օրացույցի վրա աշխատանքների ամբողջացումը՝ այս քայլերը 1993թ. օգոստոսի 7-ից ոչ ուշ իրականացնելու նպատակով:
Հունիսի 30
Անպաշտոն open-ended խորհրդակցություններ ավարտում են աշխատանքը:
Հուլիսի 1
ԵԱՀԽ դիտորդական առաքելության շուրջ 50 դիտորդից բաղկացած առաջին տարրերը տրամադրելի են հակամարտության գոտում:
Հուլիսի 5-6
Մինսկի խմբի հանդիպում՝ անպաշտոն open-ended խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների հաստատման համար:
ԵԱՀԽ նոր խաղաղարար նախաձեռնությունը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը մեկնաբանելու խնդրանքով մեր թղթակիցը դիմեց ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանին:
— Հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի ղեկավարությունը ստացավ ԵԱՀԽ նոր նախաձեռնության պաշտոնական տեքստը՝ ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիի կից նամակով,— ասաց Դ. Շահնազարյանը: — Այս նախաձեռնությունը նախապատրաստվել է ԵԱՀԽ շրջանակներում և ստորագրված է այդ կազմակերպության ինը անդամների՝ Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բելառուսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Չեխիայի և Թուրքիայի կողմից:
Հետևենք վերջին խաղաղարար նախաձեռնությունների հերթագայությանը. մայիսի սկզբին եղավ երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի նախաձեռնությունը: Այն, ըստ էության, չընդունվեց ոչ Հայաստանի, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը դրական պատասխան տվեց: Դրանից հետո առաջին նախաձեռնության պատասխանների քննարկման համար Մոսկվայում հանդիպեցին այդ երեք երկրների ներկայացուցիչներն ու Մարիո Ռաֆայելիի ներկայացուցիչը: Ծնվեց 3+1 անվանումն ստացած երկրորդ նախաձեռնությունը: Բնականաբար, այն առաջինի համեմատ էական փոփոխությունների էր ենթարկվել: Այն ստանալով՝ Հայաստանը դրական պատասխան տվեց, ԼՂՀ-ն՝ դարձյալ բացասական: Այս մասին մամուլը շատ գրեց, հատուկ քննարկում եղավ խորհրդարանում:
Այժմ մենք ստացել ենք նոր նախաձեռնություն՝ ԵԱՀԽ-ինը: Ցանկանում եմ սա հատուկ ընդգծել, քանզի տվյալ դեպքում առկա է ոչ թե պետությունների, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպության նախաձեռնությունը: Սա առաջին էական պահն է. ըստ էության նախաձեռնության քաղաքական կարգավիճակը բարձրացել է, ընդ որում բարձրացել է նշանակալիորեն: Երկրորդը, որի վրա կցանկանայի ուշադրություն դարձնեիք. ինը պետությունների այս նախաձեռնությունը ամբողջովին հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 բանաձևի վրա: Եվ այս նախաձեռնության նպատակն է նշված բանաձևի ամբողջությամբ իրականացումը:
— Դուք տվեցիք նախաձեռնության զուտ քաղաքական մեկնաբանությունը: Իսկ ի՞նչ էական փոփոխություններ կլինեն գործնականում, ինչպե՞ս կիրականացվի այս նոր նախաձեռնությունը:
— Նախաձեռնությունը նախատեսում է իրականացնել ողջ տարածաշրջանի ապաշրջափակմանն առնչվող բոլոր գործընթացները: Սա վերաբերում է նաև Թուրքիային: Ապաշրջափակումը պետք է իրականացվի ԵԱՀԽ Մինսկի խմբի Հռոմի հանդիպումից մեկ շաբաթ առաջ, մոտավորապես հունիսի վերջին–հուլիսի սկզբին:
Ինչպես գիտեք, ըստ 3+1 նախաձեռնության, մինչև հրադադարը հակամարտության գոտի պիտի ժամաներ դիտորդ մի առաքելություն: Այդ խմբի լիազորությունները սահմանափակվում էին միայն Քելբաջարի շրջանից ԼՂՀ զինված ուժերի դուրսբերմանը հետևելով: Նոր նախաձեռնությունը նշանակալիորեն ընդլայնել է միջազգային դիտորդների լիազորությունները, նրանք պետք է հետևեն ոչ միայն Քելբաջարից զորքերի դուրսբերմանը, այլև հսկեն, որ Ադրբեջանն այնտեղ չմտցնի իր զինված ուժերը, բացառությամբ սահմանափակ թվով թեթև զինված անձնակազմի, որը պիտի ապահովի բնակչության անվտանգությունը:
Խոսքը ոչ մի դեպքում չի վերաբերում ծանր զինատեսակներին և որևէ խոշոր զինվորական կազմավորման: չի բացառվում, որ միջազգային դիտորդների թվում կլինեն նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ:
Եվ էլի մի բան: Նախկին նախաձեռնության մեջ ասվում էր, որ բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցումից 10-12 օր հետո տարածաշրջան է ժամանում ԵԱՀԽ դիտորդների առաջին խումբը՝ բաղկացած 15 մարդուց: Նոր նախաձեռնությամբ նախատեսվում է, որ տարածաշրջան կժամանի ավելի մեծ խումբ՝ մինչև 56 մարդ:
Հաջորդ, ըստ իս խիստ սկզբունքային պահն այն է, որ նախորդ նախաձեռնությունը կազմված էր որոշակի սպասումով, թե ինչպես կավարտվեն Ժնևի կամ Հռոմի բանակցությունները, չէր բացառվում այնտեղ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերումը, ինչը խաղաղ գործընթացը կախման մեջ էր դնում բանակցությունների ընթացքից: Իսկ այժմ հստակ ասվում է, որ 60-օրյա հրադադարն ավտոմատ կերպով և բազմակի ավելանում է, այսինքն այն վերածվում է շարունակական գործընթացի մինչև Մինսկի խորհրդաժողովի հրավիրումը: Չէ՞ որ բացառված չէ, որ խորհրդաժողովը կարող է չկայանալ հակամարտող կողմերի դիրքորոշումների անհամապատասխանության պատճառով: Նշանակում է, հրադադարի պայմանները կերկարացվեն ևս 60 օրով և այսպես շարունակ: Լավատեսորեն է տրամադրում նաև այն փաստը, որ բոլոր կոնսուլտացիաներին կմասնակցեն Մինսկի խմբի բոլոր ցանկացող կողմերը: Այժմ դրանց կմասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Սա նույնպես բավականին հստակ որոշված է:
Ես վստահ եմ, որ եթե հիմնական հակամարտող կողմերը՝ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը դրական պատասխան տան ԵԱՀԽ նոր նախաձեռնությանը, ապա մեխանիզմները, միջազգային դիտորդների կառույցներն ու միջազգային երաշխիքները հետագայում ավելի կուժեղացվեն:
Կարող եմ ավելացնել, որ ԵԱՀԽ նախաձեռնության մեծ առկա էական փոփոխությունները արդյունք էին Հայաստանի վարած բավականին ճկուն ու նպատակամղված քաղաքականության: Նկատի ունեմ նաև 3+1 նախաձեռնության վերամշակման տարբերակին դրական պատասխան տալը: Կարծում եմ, որ եթե այդ պատասխանը չլիներ, չէր լինի նաև ԵԱՀԽ այս նախաձեռնությունը:
— Պարոն Շահնազարյան, ելնելով ձեր մեկնաբանություններից, Հայաստանն ընդունում է նոր նախաձեռնությունը և պատրաստ է ստորագրել:
— Հայաստնը բառացիորեն 1-2 ժամից կտա իր պաշտոնական համաձայնությունը:
— Տեղեկություն ունե՞ք արդյոք, թե ԵԱՀԽ նոր նախաձեռնությանն ինչպես են վերաբերվում Ստեփանակերտում:
— ԼՂՀ-ն Հայաստանից երկու օր շուտ է ստացել նախաձեռնության տեքստը: Որոշումը, բնականաբար, կընդունվի Ստեփանակերտում և կընդունվի ինքնուրույն: Վստահ եմ, որ որոշում ընդունելիս այնտեղ լիովին կգիտակցեն այն մեծ պատասխանատվությունը, որ կրում են ոչ միայն ղարաբաղցիների, այլև ողջ հայ ժողովրդի առջև: Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու նրա ղեկավարությունը արդեն ապացուցել են իրենց քաղաքական հասունությունն ու դիվանագիտական ճկունությունը: Այս առումով էլ, չեմ կասկածում, որ որոշումը կբխի ժողովրդի շահերից:
— Ինչքան ինձ հայտնի է, Դուք Ադրբեջանի իրադրության ներկա ապակայունացումը կանխատեսել էիք տաս օր առաջ: Չեմ կարող չօգտվել առիթից և չհարցնել. ինչպե՞ս կզարգանան դեպքերը և դրանք չե՞ն ազդի արդյոք ԵԱՀԽ նոր նախաձեռնության ճակատագրի վրա:
— Կարծում եմ, Ադրբեջանի դեպքերը սկզբունքորեն չեն ազդի ԵԱՀԽ նախաձեռնության վրա: Այն, ինչ կատարվում է, Ադրբեջանի ներքին գործն է: Մենք մեր քաղաքականությունը կառուցում ենք ոչ թե Ադրբեջանի իրադրության արագ կայունացման վրա, այլ հաշվի ենք առնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում կայուն քաղաքական իրավիճակը: Կարծում եմ, այս դեպքերը չպետք է ազդեն ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի վարած քաղաքականության վրա, և հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ի վերջո հանդես կբերի քաղաքական հասունություն և ուղղակի բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ:
Զրույցը վարեց Աշոտ Գազազյանը