Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250
Թիֆլիսում լուր տարածվեց, որ թուրքական գեներալներից մեկը դիմել է կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ Պրժևալսկիին և, հայտնելով թե թուրքական զորքը իմացել է, որ Ռուսաստանի այժմյան կառավարությունը հաշտություն է կամենում կնքել, առաջարկել է բանակցություններ սկսել թուրքական զորահրամանատարության հետ զինադադարի մասին:
Գեներալ Պրժևալսկին թուրք գեներալի այս դիմումը ենթարկել է երկրային կենտրոնների (զինվ., բանվ. և գյուղացիական խորհուրդների) քննության, ինչպես և Անդրկովկասյան Կոմիսարիատի քննության: Եվ թե կենտրոնները, թե Կոմիսարիատը միաձայն որոշել են ընդունել թուրք գեներալի առաջարկությունը և ուղարկել պատգամախոսներ զինադադարի մասին բանակցություններ սկսելու:
Հաղորդում են նույնպես, որ իբր դաշնակից պետությունները համաձայնել են, որ Ռուսաստանը կնքե Գերմանիայի և Թուրքիայի հետ սեպարատ հաշտություն բայց պայմանով, որ վերջինները պարտավորվեն իրենց զորքերը ճակատից չտանել այլ ճակատ:
Այսպես ուրեմն՝ շուտով կլինի զինադադար թուրք զորքի հետ և երեք ամիս (այս ժամանակամիջոցն է պայման դրվում) պատերազմը կդադարի: