Մշակ, 15 նոյեմբերի, 1917թ., թիվ 244
Հայ Ժողովրդական կուսակցությունը հետևյալ բողոքն է ներկայացրել Երկրայի Կենտրոնի նախագահ Ե. Պ. Գեգեչկորիին՝ Կովկասում իշխանություն կազմակերպելու առիթով.
«Անդրկովկասը ժամանակավորապես կառավարելու համար ենթադրվում է կազմակերպել հեղինակավոր իշխանություն, որը կարողանար վայելել ազգաբնակության համակրությունն ու աջակցությունը: Մինչդեռ ապահովության կոմիտեն, նախագծելով կազմակերպել այդ իշխանությունը, հարկավոր գտավ վերապահել նրան սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչներին և չորս տեղ մուսուլմանների ներկայացուցիչներին, որոնցից երկուսը պետք է լինեն սոցիալիստ-հեղափոխական և սոցիալ-դեմոկրատ մուսուլմաններից:
Հայ Ժողովրդական կուսակցության կենտրոնական կոմիտեն գտնում է, որ այսպիսի իշխանությունը չէ կարող հուսալ լիակատար համակրություն ամբողջ ազգաբնակության կողմից հետևյալ դիտումներով.
Անդրկովկասի ազգաբնակության կազմը այնպես է, որ սոցիալիստական կուսակցությունները լիովին չեն ընդգրկում յուրաքանչյուր ազգության բոլոր խավերը: Ամեն մի ազգի մեջ կան ազդեցիկ քաղաքական կուսակցություններ, ոչ սոցիալիստական, այլ դեմոկրատական, որոնց ետև կան ժողովրդի մասսաները:
Այդ դրությունը անվիճելի է հայերի վերաբերմամբ: Թեև իշխանություն կազմելու համար հիմք է ընդունված այս կամ այն սոցիալիստական կուսակցության պատկանելիությունը, բայց այդ սկզբունքը հետևողական կերպով չէ անցկացվում, որովհետև Անդրկովկասի ապագա ժամանակավոր կառավարության կազմի մեջ մուսուլման անձանց վերաբերմամբ այդ սկզբունքը հայտարարված է պարտադիր չորսից երկու հոգու համար միայն»: