«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Մարտի 11-ինի Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին ծանոթացնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի փետրվարի 26-ից մարտի 2-ը Հռոմում կայացած նիստի աշխատանքներին՝ ԼՂՀ պատվիրակության ղեկավար Բորիս Առուշանյանը և պատվիրակության անդամ Հրանտ Խաչատրյանը ընդգծեցին, որ ռազմական գործողությունների մասին Հռոմում կազմված փաստաթղթի ընդունումը առաջին քայլը կարող է հանդիսանալ խաղաղություն հաստատելու գործում: Պատասխանելով այն հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ միջազգային ատյաններում ղարաբաղյան հիմնահարցի քննարկումը տխուր հետևանքներ չի ունենա հայերի համար, ինչպես ամեն անգամ, երբ միջազգայնացվել է հայոց հարցը, պարոն Առուշանյանը ասաց, որ ԼՂՀ պատվիրակությունը Հռոմի նիստին մասնակցում էր «երկաթե շերեփով» (ամենայն հավանականությամբ նկատի ուներ Մարտակերտի ռազմաճակատում ունեցած հաջողությունները): Պարոն Առուշանյանը նշեց, որ փաստաթուղթը ընդհանուր առմամբ՝ 80 տոկոսով, ԼՂՀ օգտին է: Նա նշեց նաև, որ ՀՀ պատվիրակությունն էլ է հավանություն տվել փաստաթղթին, հանգամանք, որ խոսում է ՀՀ և ԼՂՀ քաղաքականությունների մոտեցման մասին:
Ի դեպ, մամլո ասուլիսը տեղի էր ունենում մինչև փաստաթղթի մասին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշում ընդունելը: Իսկ վերջինս եկավ այն եզրակացության, որ ոչ մի խոսք չի կարող լինել պարոն Առուշանյանի նշած 80 տոկոսի մասին և ավելի զուսպ վերաբերմունք արտահայտեց:
Մասնավորապես, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը սուր քննադատության ենթարկեց վերոհիշյալ փաստաթուղթը:
– ԼՂՀ-ի համար սկզբունքային կարեւորություն ունեցող հարցերը մեր պատվիրակությունը չի կարողացել լուծել։ Դրանց մեջ կարեւորվում են հատկապես հետեւյալները. մեր պատվիրակության կարգավիճակի որոշումը, «կոնֆլիկտի գոտի» տերմինի, նրա տարածքների սահմանների հստակեցումը, մեր պատվիրակության եւ նիստում ներկա գտնվող, այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների տարբերակումը։ Ի դեպ, ԵԱՀԽ-ն իր հայտարարություններում մեզ եւ վերոհիշյալ համայնքին իրավունքների հարցում հավասարեցնում է։
Փաստաթուղթը ԼՂՀ-ի համար դրական ոչինչ չի պարունակում, ավելին՝ նրա իրականացումը հղի է ԼՂՀ–ի համար ծանր հետեւանքներով։ Արդեն իսկ «Մանդատային դրույթների…» նախաբանում կան արտահայտություններ, որոնք ԼՂՀ-ին զրկում են այդ նիստում որեւէ կարզավիճակ ձեռք բերելու իրավունքից։ Օրինակ, «շահագրգիռ կողմերի» կամ «կրակի դադարեցումը պահպանող» կողմերի հիշատակումները չեն պարտադրում ազգային եւ միջազգային իրավունքի տեսակետից որեւէ կարգավիճակի ճանաչում»։ Հենց այս արտահայտությամբ ԵԱՀԽ-ն, փաստորեն, բացառում է ԼՂՀ-ի գոյությունը։ Եվ ԵԱՀԽ-ի ամբողջ հետագա աշխատանքը ընթանում է՝ նկատի ունենալով միայն երկու պետությունների՝ Հայաստանին եւ Ադրեջանին։ Իսկ դա այն է, ինչին ձցտում Էը Ադըբեջանը՝ քննարկվող պրոբլեմի շըջանակներից հանել Լեռնային Ղարաբաղը եւ կոնֆլիկտը ներկայացնել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սգրեսիա։
Երկրորդ. մենք գտնում ենք, որ Ադրբեջանը պետականորեն ագրեսիա է կատարում ԼՂՀ-ի դեմ եւ ԼՂՀ-ն պետականորեն պաշտպանվում է այդ ագրեսիայից։ Հետեւապես՝ երկու պետությունների ամբողջ տարածքը կոնֆլիկտի գոտի է։ Սա մեր սկզբունքն է։ Իսկ ըստ փաստաթղթի ստացվում է, որ մեր պատվիրակության հավանությամբ այդ տերմինը այլ իմաստ է ստացել եւ դիտվում է որպես «ռազմական գործողությունների գոտի»։ Փաստաթղթում գրված է. «Դիտորդների առաջավոր խումբը կգործի կոնֆլիկտի գոտիներում, ԼՂ-ում եւ ԼՂ-ից դուրս, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությամբ կոնֆլիկտի գոտիներում»։ Պարզ տրամաբանությամբ ստացվում է հետեւյալ պատկերը. եթե այսօր Կուբաթլիի շրջանից ռմբակոծում են Գորիսի շրջանը, ուրեմն Գորիսի եւ Կուբաթլիի շրջանների սահմանը կոնֆլիկտի գոտի է։ Իսկ եթե վաղը չռմբակոծեն՝ կոնֆլիկտի գոտի չէ… Ամենամեծ վտանգն այն է, որ զինադադարի, ռազմական տեխնիկայի սառեցման մասին բոլոր որոշումները վերաբերում են միայն կոնֆլիկտի գոտուն, որի սահմանները փաստաթղթում հստակ որոշված չեն։ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների շրջանից հետ քաել իր ուժերը, հզոր բռունցք կազմել եւ երբ ԼՂՀ ամբողջ տարածքում, որը կոնֆլիկտի գոտի է համարվում, կոնսերվացված կլինի ամբողջ զինուժը՝ անսպասելի ջախջախիչ հարված հասցնել: Այնպես որ, եթե «կոնֆլիկտի գոտի» տերմինը չվերաբերվի ԼՂՀ եւ Ադրբեջանի ամբողջ տարածքին, մենք իրավունք չունենք համաձայնել։
– ԼՂՀ պատվիրակության ղեկավար պարոն Առուշանյանը պնդում էր, որ մենք կարող ենք ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթը ընդունել ընդհանրապես, իսկ տերմինների, կետերի առանձին քննարկման ժամանակ չհամաձայնել առաջարկված տարբերակին։ Հակառակ դեպքում, ըստ նրա, մեզ կարող են մեղադրել խաղաղություն հաստատելու ԵԱՀԽ–ի ջանքերը վիժեցնելու մեջ։
– Ես սկզբունքորեն համաձայն չեմ այդպիսի կարծիքի հետ։ Հնարավոր չէր մեզ մեղադրել, եթե մենք ճիշտ պահանջներ ներկայացնեինք։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ադրբեջանը պետական մակարդակով է պատերազմ մղում։ Կան միջազգային օրենքներ, որոնք մեր օգտին են աշխատում, բայց, ցավոք, մենք չենք օգտագործում։ Ցանկացած պետություն, իր հռչակման պահից, համարվում է միջազգային իրավունքի սուբյեկտ՝ անկախ այն բանից՝ ճանաչվե՞լ է այլ պետությունների կողմից, թե ոչ։
– Եղած տարաձայնությունները հարցը չե՞ն տանում փակուղի։ Եթե այո՝ ո՞րն է ելքը։
– Ոչ։ Ելքը այն է, որ մենք պետք է ցանկացած ձեւով՝ զենքի թե իրավունքի ուժով պաշտպանենք մեր պետությունն ու ժողովրդի իրավունքները։ Երբ դիվանագիտությունը ստիպում է զենք վերցնել, ուրեմն այն հանցագործ դիվանագիտություն է։ Ճիշտ չէ, երբ քո դիվանագիտությամբ փակում ես քո բնական դաշնակցի ճանապարհը։ Եվրոպան եւ Ռուսաստանը տարբեր քաղաքական շահեր ունեն։ Ռուսաստանի շահերը այս տարածաշրջանում այսօր չեն հակասում մեր շահերին, իսկ ԵԱՀԽ– ի մի շարք պետությունների շահերը հակասում են։ Հռոմում թույլ տված սխալները միայն դժվարացնում են մեր նպատակին հասնելը, բայց չես կարող մեզ կասեցնել. իր կամքի ուժը ցուցադրելու է, իր հարցը լուծելու է ժողովուրդը։