«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)
Արդեն 5-րդ տարին է, ինչ շարունակվում է պատերազմը Արցախում, արդեն 5-րդ տարին է, ինչ տարբեր մակարդակներում դիվանագիտական ուղիներ են փնտրվում, իսկ մինչ այդ արցախցին անհամար զրկանքների գնով դիմակայում է թշնամուն՝ հանուն իր իրավունքների պաշտպանության, հանուն իր ապագա սերունդների։ Եվ խնդիրը միայն արցախցունը չէ, այլ համայն հայությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, հարցը լուծելու համար անհրաժեշտ է ուժեղ Հայաստան՝ իր մտավոր, տնտեսական, դիվանագիտական ու ռազմական հզորությամբ, ազգային իշխանություն։
Այսօր հանրապետությունում առկա իրավիճակը, էականորեն պայմանավորված սուբյեկտիվ գործոններով, օրինական դժզոհություն է ծնում։ Ժողովուրդը պատրաստ է դիմակայել դժվարություններին, սակայն ի՞նչ անուն տալ այն բանին, որ հանրապետությունում անպատժելիության մթնոլորտ է, կատարյալ քաոս, սոցիալական անարդարություն, կաշառակերություն։ Մարդիկ թշվառության դուռն են «բախում»։ Եվ պատահական չէ, որ մեր հարցման արդյունքներով 45.4 տոկոսը իրավիճակի շտկումը կապում է ուժեղ ձեռքի իշխանության հետ։
Ոչ, ժողովուրդը բռնապետության կողմնակից չէ, ժողովուրդը պարզապես ցանկանում է տեսնել օրենքի ուժը։ Անկախության հանրաքվեի ժամանակ միահամուռ իր ձայնը անկախությանը տված ժողովուրդն այսօր խաբված է։ Մի՞թե հայտնի «գործընթացիկ» քաղաքականությունը չի հանգեցրել նրան, որ հարցմանը մասնակցած բնակչության միայն 22 տոկոսն է Հայաստանի բարեկեցիկ աապագան տեսնում որպես անկախ պետություն։ 43.3 տոկոսը ցանկանում է Հայաստանի ապագան տեսնել ԱՊՀ կազմում, 9.8 տոկոսը՝ որեւէ կոնֆեդերացիայի անդամ, 13.4 տոկոսը՝ որպես հզոր պետության մաս, իսկ 11.5 տոկոսը դժվարացել է կողմնորոշվել։
Այո, «տարվող-չբերող» քաղաքականությունը կարող է եւ փոխում է ժողովրդի կարծիքը այս կամ այն հարցում։ Այսօր չկա 1990-ի սեպտեմբերյան խանդավառությունը։ Մեծ տոկոս են կազմում Հայաստանը ԱՊՀ կազմում տեսնողները, եւ դա, առաջին հերթին, պայմանավորված է անվտանգության երաշխիքի կարոտով։
Այլ է պատկերը Արցախյան խնդրի լուծման հետ կապված հարցում։ Բնակչության 25.5 տոկոսը կողմ է բոլոր անհրաժեշտ միջոցներով հասնել վերամիավորմանը, իսկ 44.5 տոկոսը՝ Արցախի անկախության ճանաչմանը։ Այստեղ մեծ թիվ են կազմում մտավորականները՝ 55.73 տոկոս։
Ամենաբարձր ամբիոններից շատ է խոսվել խաղաղության մասին։ Իհարկե, խաղաղությունը գերադասելի է պատերազմից, բայց ցանկալի խաղաղությունը չպետք է ձեռք բերվի ազգային արժանապատվության, տարածքների կորստի հաշվին։ Ընդ որում, մի՞թե հակառակորդի բարձրաստիճան ղեկավարների հոխորտանքները բավարար հիմք չեն՝ համոզվելու, որ միայն Արցախին տիրանալով նրանց տարածքային նկրտումները չեն սպառվում։ Կամ մի՞թե պատմությունը դաս չէ մեզ համար, որ նույնիսկ անվտանգության երաշխիքներ տալը սին խոսքեր են, թեկուզ այդ երաշխիքները ամրագրվեն համապատասխան փաստաթղթերով։
Այս հարցերի պատասխանը տալիս է հենց ինքը՝ ժողովուրդը։ Ժողովուրդ, որը դիմակայում է ահավոր դժվարությունների, միայն թե բոլոր ուժերը ներդրվեն Արցախյան հարցը լուծելու ի նպաստ արցախահայերի։ Թվերը ինքնին խոսուն են:
Իսկ բնակչությունը ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանի եւ Արցախի ապագան՝ փոխպայմանավորված մեկը մյուսով։
Դարձյալ դիմենք հարցման արդյունքներին։
Հայաստանի ապագան որպես անկախ պետության տեսնողների 51.3 տոկոսը կողմ է բոլոր անհրաժեշտ միջոցներով հասնել Արցախի վերամիավորմանը Հայաստանին, իսկ 37.4 տոկոսը կողմ է Արցախի անկախության ճանաչմանը։
Հայաստանի ապագան, ԱՊՀ կազմում տեսնողների 18.5 տոկոսը կողմ է վերամիավորմանը, 48.5 տոկոսը՝ Արցախի անկախությանը։ Հայաստանը որեւէ կոնֆեդերացիայի կազմում տեսնողների 15.2 տոկոսը կողմ է վերամիավորմանը, 50.7 տոկոսը՝ Արցախի անկախությանը։
Հայաստանը որպես հզոր պետության մաս տեսնողների 21.2 տոկոսը կողմ է վերամիավորմանը, իսկ 41.8 տոկոսը՝ Արցախի անկախությանը։ Նույնիսկ Հայաստանի ապագա կարգավիճակի հարցում կողմնորոշվել դժվարացողների 16.2 տոկոսն է կողմ վերամիավորմանը, իսկ 39.8 տոկոսը՝ Արցախի անկախության ճանաչմանը։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի ապագան որպես անկախ պետության տեսնողների հիմնական մասը Հայաստանը տեսնում է Արցախի հետ՝ որպես մեկ պետություն։ Մնացած բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է Արցախի անկախության ճանաչմանը։
Հարկ է, որ պետական քաղաքականություն կերտողները անսան ժողովրդի ձայնին։ Բարձր ամբիոններից տարբեր առիթներով շեշտվել է, որ ժողովուրդը չի սխալվում։ Այո, ժողովուրդը չի սխալվում, առավել եւս 5-ամյա պայքարի մեջ մտնվող ժողովուրդը, բազմաթիվ զրկանքներ կրող ժողովուրդը, այլ հարց է, թե այդ զրկանքների մի զզալի մասը ովքեր եւ ինչու են «ներմուծում»։
ՍԱՄՍՈՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀԳԱ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն
Հետազոտությունը ընդգրկել է Երեւան եւ Գյումրի քաղաքների շուրջ 1400 բնակիչների՝ ընտրված բոլոր տարիքասեռային, սոցիալ-կրթական խմբերից։
Հարցումը անց է կացվել 1993թ. փետրվարի 12-20-ը։