December 3, 2024

Արցախի խնդիրը և Հայաստանի ապագան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)

Արդեն 5-րդ տարին է, ինչ շա­րունակվում է պատերազմը Արցա­խում, արդեն 5-րդ տարին է, ինչ տարբեր մակարդակներում դիվանա­գիտական ուղիներ են փնտրվում, իսկ մինչ այդ արցախցին անհամար զրկանքների գնով դիմակայում է թշնամուն՝ հանուն իր իրավունքների պաշտպանության, հանուն իր ապա­գա սերունդների։ Եվ խնդիրը միայն արցախցունը չէ, այլ համայն հայութ­յանը՝ ի դեմս Հայաստանի Հանրա­պետության, հարցը լուծելու համար անհրաժեշտ է ուժեղ Հայաստան՝ իր մտավոր, տնտեսական, դիվանագիտական ու ռազմական հզորությամբ, ազգային իշխանություն։

Այսօր հանրապետությունում առկա իրավիճակը, էականորեն պայ­մանավորված սուբյեկտիվ գործոննե­րով, օրինական դժզոհություն է ծնում։ Ժողովուրդը պատրաստ է դիմակայել դժվարություններին, սա­կայն ի՞նչ անուն տալ այն բանին, որ հանրապետությունում անպատժելիության մթնոլորտ է, կատարյալ քաոս, սոցիալական անարդարութ­յուն, կաշառակերություն։ Մարդիկ թշվառության դուռն են «բախում»։ Եվ պատահական չէ, որ մեր հարց­ման արդյունքներով 45.4 տոկոսը իրավիճակի շտկումը կապում է ուժեղ ձեռքի իշխանության հետ։

Ոչ, ժողովուրդը բռնապետութ­յան կողմնակից չէ, ժողովուրդը պարզապես ցանկանում է տեսնել օրենքի ուժը։ Անկախության հանրաք­վեի ժամանակ միահամուռ իր ձայնը անկախությանը տված ժողովուրդն այսօր խաբված է։ Մի՞թե հայտնի «գործընթացիկ» քաղաքականությունը չի հանգեցրել նրան, որ հարցմանը մասնակցած բնակչության միայն 22 տոկոսն է Հայաստանի բարեկեցիկ աապագան տեսնում որպես անկախ պետություն։ 43.3 տոկոսը ցանկա­նում է Հայաստանի ապագան տեսնել ԱՊՀ կազմում, 9.8 տոկոսը՝ որեւէ կոնֆեդերացիայի անդամ, 13.4 տոկոսը՝ որպես հզոր պետության մաս, իսկ 11.5 տոկոսը դժվարացել է կողմնորոշվել։

Այո, «տարվող-չբերող» քաղա­քականությունը կարող է եւ փոխում է ժողովրդի կարծիքը այս կամ այն հարցում։ Այսօր չկա 1990-ի սեպ­տեմբերյան խանդավառությունը։ Մեծ տոկոս են կազմում Հայաստա­նը ԱՊՀ կազմում տեսնողները, եւ դա, առաջին հերթին, պայմանավոր­ված է անվտանգության երաշխիքի կարոտով։

Այլ է պատկերը Արցախյան խնդրի լուծման հետ կապված հար­ցում։ Բնակչության 25.5 տոկոսը կողմ է բոլոր անհրաժեշտ միջոցնե­րով հասնել վերամիավորմանը, իսկ 44.5 տոկոսը՝ Արցախի անկախության ճանաչմանը։ Այստեղ մեծ թիվ են կազմում մտավորականները՝ 55.73 տոկոս։

Ամենաբարձր ամբիոններից շատ է խոսվել խաղաղության մա­սին։ Իհարկե, խաղաղությունը գերա­դասելի է պատերազմից, բայց ցան­կալի խաղաղությունը չպետք է ձեռք բերվի ազգային արժանապատվութ­յան, տարածքների կորստի հաշվին։ Ընդ որում, մի՞թե հակառակորդի բարձրաստիճան ղեկավարների հո­խորտանքները բավարար հիմք չեն՝ համոզվելու, որ միայն Արցախին տի­րանալով նրանց տարածքային նկր­տումները չեն սպառվում։ Կամ մի՞­թե պատմությունը դաս չէ մեզ համար, որ նույնիսկ անվտանգության երաշխիքներ տալը սին խոսքեր են, թեկուզ այդ երաշխիքները ամրագրվեն համապատասխան փաստաթղթերով։

Այս հարցերի պատասխանը տալիս է հենց ինքը՝ ժողովուրդը։ Ժո­ղովուրդ, որը դիմակայում է ահա­վոր դժվարությունների, միայն թե բոլոր ուժերը ներդրվեն Արցախյան հարցը լուծելու ի նպաստ արցախահայերի։ Թվերը ինքնին խոսուն են:

Իսկ բնակչությունը ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանի եւ Արցախի ապագան՝ փոխպայմանավորված մե­կը մյուսով։

Դարձյալ դիմենք հարցման արդյունքներին։

Հայաստանի ապագան որպես անկախ պետության տեսնողների 51.3 տոկոսը կողմ է բոլոր անհրա­ժեշտ միջոցներով հասնել Արցախի վերամիավորմանը Հայաստանին, իսկ 37.4 տոկոսը կողմ է Արցախի անկախության ճանաչմանը։

Հայաստանի ապագան, ԱՊՀ կազմում տեսնողների 18.5 տոկոսը կողմ է վերամիավորմանը, 48.5 տո­կոսը՝ Արցախի անկախությանը։ Հա­յաստանը որեւէ կոնֆեդերացիայի կազմում տեսնողների 15.2 տոկոսը կողմ է վերամիավորմանը, 50.7 տոկոսը՝ Արցախի անկախությանը։

Հայաստանը որպես հզոր պետության մաս տեսնողների 21.2 տոկոսը կողմ է վերամիավորմանը, իսկ 41.8 տոկո­սը՝ Արցախի անկախությանը։ Նույ­նիսկ Հայաստանի ապագա կարգա­վիճակի հարցում կողմնորոշվել դժ­վարացողների 16.2 տոկոսն է կողմ վերամիավորմանը, իսկ 39.8 տոկո­սը՝ Արցախի անկախության ճանաչմանը։

Ինչպես տեսնում ենք, Հայաս­տանի ապագան որպես անկախ պե­տության տեսնողների հիմնական մասը Հայաստանը տեսնում է Ար­ցախի հետ՝ որպես մեկ պետություն։ Մնացած բոլոր դեպքերում նախա­պատվությունը տրվում է Արցախի անկախության ճանաչմանը։

Հարկ է, որ պետական քաղա­քականություն կերտողները անսան ժողովրդի ձայնին։ Բարձր ամբիոն­ներից տարբեր առիթներով շեշտվել է, որ ժողովուրդը չի սխալվում։ Այո, ժողովուրդը չի սխալվում, առավել եւս 5-ամյա պայքարի մեջ մտնվող ժողովուրդը, բազմաթիվ զրկանքներ կրող ժողովուրդը, այլ հարց է, թե այդ զրկանքների մի զզալի մասը ով­քեր եւ ինչու են «ներմուծում»։

ՍԱՄՍՈՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀԳԱ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն

Հետազոտությունը ընդգրկել է Երեւան եւ Գյումրի քաղաքների շուրջ 1400 բնակիչների՝ ընտրված բոլոր տարիքասեռային, սոցիալ-կրթական խմբերից։

Հարցումը անց է կացվել 1993թ. փետրվարի 12-20-ը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives