«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)
Մարտի 11-ին երքաղխորհրդի արտահերթ նիստը քննարկում էր մեկ հարց. «Համբարձում Գալստյանի կողմից պատգամավորին անհարիր արարք թույլ տալու մասին»։ Նիստը սկսվեց օրակարգի հարցի շուրջ վիճաբանությամբ։ Կարծիքներ եղան, թե առանց «օրվա հերոսի» մասնակցության նման հարց քննարկել չի կարելի։ Ապա, մասնակիցների պահանջով, արժանահիշատակ խորհրդակցության մասին նախագահի առաջին տեղակալը տեղեկություններ տվեց, լսվեց նաեւ խորհրդակցության ձայնագրությունը։ Սակայն հարցի քննարկումը բոլորովին այլ ընթացք ստացավ։ Եթե պատգամավորների մի մասը միանշանակ մեղադրում էր նախկին նախագահին եւ առաջարկում «խիստ պատժել», ապա ոմանք, ընդհակառակը, պնդում էին, թե նա իրավացի է, պետք է լսել նրան, այդ դեպքում խորհուրդը «մեղադրելու» հիմքեր չի ունենա։ Պարզվեց, որ Համբարձում Գալստյանը խորհրդում շատ ընկեր-բարեկամներ ունի, որոնք անցյալում կերած «աղուհացը» հիշելով՝ թեւերի տակ առան բոլորովին էլ ոչ անպաշտպան ու խեղճ Համբարձումին (ի դեպ, վերջինս Երեւանում չէ, ասում են՝ արդեն Պարսկաստանում է՝ եկա, տեսա, հաղթեցի)։ Իսկ պաշտպանողները անհայտ դեմքեր չէին՝ քաղխորհրդի առեւտրի վարչության նախկին պետ Արմեն Հարությունյան (հայտնի է 51 միլիոնի գործով), ակտիվ հհշականներ Արփիկ Հակոբյանը, Տիգրան Սեդրակյանը…
Երկար-բարակ, դրամատիկ քննարկման ժամանակ շատ հարցականներ պարզվեցին, շատ մեղադրանքներ ու քծնանքներ հնչեցին։ Բայց չարվեց՝ ինչ պետք է արվեր։ Դեպքը հակիրճ ու հավուր պատշաճի որակվելու եւ «իշխանությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու պատգամավորի անձը վիրավորելու» մասին հակիրճ որոշում ընդունելու փոխարեն, ժամանակն անտեղի վատնվեց։ Հարմար պահից օգտվելով՝ ընդդիմությունը մեջտեղ բերեց քաղաքի սոցիալ-տնտեսական ծրագրի ձգձգման հարցը, իսկ արտահերթ նիստ հրավիրելու մեջ նկատեց նախկին նախագահի հետ աշխատածների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու միտում։ Հակառակ կողմը Համբարձում Գալստյանի արարքը որակեց որպես գործած մեղքերը ծածկելու եւ նախահարձակ լինելու փաստ։ Ելույթ ունեցավ քաղաքի գլխավոր դատախազը եւ նշեց, որ հարցը դեռեւս իրենք չեն քննել։
Օրվա վերջում խորհուրդը որոշեց դատապարտել արարքը, դիմել Համբարձում Գալստյանի ընտրողներին՝ վերջինիս հետ կանչելու կոչով։ Բացի այդ, որոշվեց դիմել Գերագույն խորհրդին՝ տեղական իշխանությունների պաշտպանությունն ուժեղացնելու խնդրանքով, քանի որ վերջերս իշխանությունների դեմ կատարվող բռնությունների շարանը շարունակվում է։
Նիստից հետո տհաճ նստվածք մնաց, ակամա հիշեցի «մի գիժ մի քար գցեց…» ասացվածքը։
Ա. Օ.